ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԵՐՁԱԳԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Արման Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 24-ին իր աներոջ՝ Գառնիկ Հակոբյանի հետ վերջինիս ավտոմեքենայով Վրաստանից անվադողեր գնելու նպատակով ուղեւորվել է Բագրատաշենի սահմանային հսկիչ անցագրային կետ, որտեղ Ա. Վարդանյանն ավտոմեքենայի սրահից հափշտակել է աներորդու՝ Սեւակ Հակոբյանի անձնագիրը: Ա. Վարդանյանի անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հաստատող կնիք չի եղել, նա սահմանային հսկողության է ներկայացել աներձագի անձնագրով: Սակայն սահմանն այդ կերպ անցնելու Ա. Վարդանյանի փորձը չի հաջողվել: Նրան մեղադրանք է առաջադրված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով եւ 34-329 հոդվածի 1-ին մասով: Ա. Վարդանյանը նախկինում դատված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում:

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ
Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1981թ. ծնված պայմանագրային զինծառայող Արկադի Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ուսումնական կենտրոնի զորային հրաձգարանի պետ, 2012թ. հոկտեմբերի 28-ին ուսումնական կենտրոնի ճաշարանում անհիմն դիտողություն է արել իրենից կոչումով բարձր մի խումբ սպաների:  Այդ խմբում գտնվող զորամասի գումարտակի շտաբի պետ Վրեժ Ղալեչյանից ծառայողական պարտականությունները կատարելու, կարգի հրավիրվելու վերաբերյալ դիտողության արժանանալուց հետո Ա. Չոբանյանը վիճաբանել է Ղալեչյանի հետ եւ քիչ հետո ճաշարանի հարակից տարածքում ծալովի դանակով հարվածել նրա որովայնին` պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածք: Ա. Չոբանյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը՝ առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս կամ այլ ծանր հետեւանքներ պատճառելով): Այս հոդվածը նախատեսում է 3-12 տարվա ազատազրկում: Սույն գործով դատավարության հերթական նիստը մայիսի 21-ին կայացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս