ՔՀԻ նախաձեռնությամբ ստեղծվեց Սահմանամերձ գյուղերի աջակցության պլատֆորմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 22-23-ը Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բրիտանական «Saferworld» կազմակերպության հետ համատեղ կազմակերպեց «Սահմանամերձ համայնքներում առկա կարիքները և խնդիրները» խորագրով աշխատանքային հանդիպում-քննարկում, որի նպատակն էր շահագրգիռ կողմերին հնարավորության տալ ավելի լավ ճանաչելու միմյանց առաջնահերթությունները և հնարավորությունները՝ հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Միջոցառմանը մասնակցեցին սահմանամերձ համայնքների (Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեվան, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան) ղեկավարները, ներկայացուցիչներ Ազգային ժողովից, ինչպես նաև տեղական ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ժամանակ ստեղծվեցին թեմատիկ աշխատանքային խմբեր, որոնք քննարկեցին սահմանամերձ և սահմանապահ համայնքների կարիքները, դրանց լուծման հնարավոր եղանակները և ֆինանսավորման աղբյուրները: Խմբերը պետք է շարունակեն աշխատել համայնքային ենթակառուցվածքների բարելավման, անվտանգության ամրապնդման, օրենսդրության բարելավման, ձեռնարկատիրության խթանման, ինչպես նաև՝ կրթական, հոգևոր և մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ:

Հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով միջոցառման ավարտին ստեղծվեց Սահմանամերձ գյուղերի աջակցության պլատֆորմ, որտեղ որոշումները կայացվելու են մասնակիցների փոխհամաձայնությամբ (կոնսենսուսով):

Միջոցառումը կազմակերպվել էր «Նպաստել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում անվտանգության խնդիրներին և կոնֆլիկտին ուղղված համայնքային լուծումներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ




Լրահոս