Սահմանամերձ գյուղերը լքվում են. սահմանագոտում աշխատատեղերը քիչ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 23 աշակերտ: 2015-2016թթ. ուստարում Բարեկամավանի դպրոցի առաջին դասարան է հաճախել 2 երեխա: Դպրոցում գործում են երկկոմպլեկտ դասարաններ: 1970-ականների երկրորդ կեսին Բարեկամավանի դպրոցն ութամյա էր, ուներ 300-ից ավել աշակերտ:

Դպրոցի շենքը գտնվում է ադրբեջանական զինուժի թիրախում, այս տարվա աշնանը դպրոցն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվել, անվտանգության ապահովման նկատառումներով շենքի պատուհանները ձեւափոխվել են: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցը 1970-ականներին ութամյա էր, ուներ 330 աշակերտ, իսկ այժմ՝ 59 աշակերտ: Սահմանամերձ Կոթի գյուղը, ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ուներ 2215 բնակիչ: Կոթիի դպրոցի շենքը նախատեսված է 830 աշակերտի համար: Խորհրդային տարիներին Կոթիի դպրոցն ուներ շուրջ 700 աշակերտ, իսկ 2015-2016 ուստարում մնացել էր 190 աշակերտ: Կոթիի դպրոցի աշակերտների թվի նվազումը պայմանավորված է նաեւ այս տարի ադրբեջանական զինուժի կողմից գյուղի պարբերաբար գնդակոծությամբ: Դրանից հետո շատ ծնողներ իրենց երեխաներին տեղափոխեցին Նոյեմբերյան քաղաք, Հայաստանի այլ բնակավայրեր:

Տավուշի սահմանագոտու դպրոցներում աշակերտների թվի նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով: Շատ ընտանիքներ արտագաղթել են ՌԴ, տեղափոխվել Երեւան կամ հանրապետության այլ վայրեր: Սահմանամերձ գյուղերի, օրինակ՝ Բարեկամավանի, Կոթիի հողերի մեծ մասը գտնվում է սահմանին կից, ադբեջանական գնդակոծության գոտում, չի մշակվում: Նույն պատճառով այդ գյուղերում դժվար է անասնապահությամբ զբաղվել: Սահմանագոտում աշխատատեղերը քիչ են: Սահմանամերձ գյուղերի բնակիչների մի մասը օրվա հացի խնդիրը լուծելու համար պայմանագրային զինծառայության է անցնում: Սակայն սահման պահող, ամսվա կեսը խրամատներում անցկացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը մեծ չէ՝ 150-170 հազար դրամ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս