Դեսպաններից յուրաքանչյուրը մեղավոր է ԵԽԽՎ-ում ստեղծված իրավիճակի համար. նշանակվում են այս կամ այն բիզնես շահերը պաշտպանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական զեկույցներից մեկը՝ «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» երեկ քվեարկությամբ մերժվեց, իսկ մյուսը` «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցը հաստատվեց:

Մինչ այս բազմիցս նշվել է, որ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն է: Իհարկե, երկու փաստաթղթերից մեկի «վնասազերծումն» ավելի լավ է, քան ոչինչը: Բայց այս զեկույցների շուրջ ծավալված իրադարձությունները բավական ուշագրավ հանգամանքներ են բացահայտում, ինչը չի կարելի անտեսել:

Հիշեցնենք, որ զեկույցների մասին հայտնի էր դեռեւս մեկուկես տարի առաջ: Այսինքն՝ ակնհայտ էր, որ եթե ՀՀ դիվանագիտական կորպուսը միջոցներ չձեռնարկի, ապա այդ փաստաթղթերն, ի վերջո, հայտնվելու են ԵԽԽՎ օրակարգում եւ հաստատվելու են: Մեկուկես տարի շարունակ ՀՀ դիվանագիտական կորպուսը ձեռքերը ծալած նստած սպասում էր, իսկ Հերմինե Նաղդալյանը եվրոպացիներին հաթաթաներ տալուց բացի՝ ուրիշ ոչինչ չէր կարողանում անել: Ի վերջո, բոլորը տեղներից շարժվեցին միայն այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ հակահայկական զեկույցները ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելն այլեւս անխուսափելի է: Դրանից հետո նոր միայն Հայաստանի դիվանագիտական կորպուսը սկսեց այս խնդրով լրջորեն զբաղվել: Ավելին՝ այս խնդրի լուծման գործընթացում զբաղվեցին բոլորը, այդ թվում ընդդիմադիր գործիչներն ու քաղաքական ուժերը: Եւ ամենակարեւորը՝ ողջ գործընթացը վերահսկվում էր ՀՀ նախագահի նստավայրի կողմից:

Գործնականում կարող ենք արձանագրել, որ այս յուրահատուկ համահայկական «մոբլիզացիան» իր արդյունքը տվեց` երկու զեկույցներից մեզ համար առավել վտանգավոր որակումներ պարունակող փաստաթուղթը մերժվեց եւ վերադարձվեց ԵԽԽՎ քաղաքական ու ժողովրդավարության հարցերի հանձնաժողով:
Հատկապես այս ամենից հետո հարց է ծագում՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսը ինչու նույն եռանդով չէր գործում դեռեւս 2014-ի աշնանից, երբ հայտնի դարձավ, որ նման զեկույցներ են նախապատրաստվում: ԵԽԽՎ-ում ներկայացված են 47 երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը: Ադրբեջանը եւ Թուրքիան հանած, ցանկում մնում են 44 երկրներ: ԵԽԽՎ-ում որեւէ երկիր ներկայացնող պատվիրակները քաղաքական գործիչներ են եւ առաջին հերթին իրենց անձնական նպատակահարմարությամբ են առաջնորդվում: Այսինքն՝ եթե եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանները կարողանան համապատասխան երկրի քաղաքական շրջանակներին համոզել, որ հակահայկական զեկույցների ընդունումն անթույլատրելի է, ապա ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը ապարդյուն կանցնեն:

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից 21-ում Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ, ասել է՝ դեսպանատներ ունի: Բացի այդ՝ Հայաստանը մշտական ներկայացուցիչ ունի եվրոպայի խորհրդում եւ ֆրանկոֆոնիայի խորհրդում: Եվրոպական երկրների մեծ մասում եւ հատկապես այն երկրներում, որտեղ մենք դեսպան ունենք, առկա է հայկական սփյուռք: Այդ երկրներում տեղի հայկական սփյուռքի կազմակերպությունների միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղի քաղաքական ուժերի հետ եւս բանակցել: Այլ կերպ ասած՝ մեր դեսպանների տրամադրության տակ սովորականից մի բան էլ դեռ ավել գործիքակազմ կա՝ Հայաստանի շահերն առաջ մղելու համար: Բայց այդ խնդրի լուծման համար մեր դեսպանները պետք է դիվանագետներ լինեն, տեղի հայկական համայնքի մոտ հարգանք վայելեն եւ կոռումպացված պաշտոնյայի համարում չունենան: Նշված 21 դեսպաններից դժվարանում ենք ասել, թե քանիսին կարելի է իր պաշտոնին արժանի համարել:

Հայաստանում բոլորը գիտեն, որ տարբեր երկրներում մեր դեսպաններն ինչպես են նշանակվում: Դեսպանները, որպես կանոն, նշանակվում են իշխանական այս կամ այն թեւի բիզնես շահերը սպասարկելու համար, եւ դեսպանների մեծ մասը դիվանագիտություն ասվածի հետ ընդհանրապես առնչություն չունի: Նրանք հիմնականում կազմակերպում են իշխանության ներկայացուցիչների կանաց գնումները եւ «պատիվ տալու» գործընթացը:

Ստորեւ բերված ցանկում ներկայացված են եվրոպական այն երկրները, որոնցում Հայաստանը դեսպան ունի, ու պետք է նկատել, որ նրանցից յուրաքանչյուրը մեղավոր է՝ ստեղծված իրավիճակի համար: Նրանք գործում են 0 նախաձեռնությոն սկզբունքով:

1. Լիտվայում – Արա Հենրիի Այվազյան

2. Լեհաստանում – Էդգար Ֆերդինանդի Ղազարյան

3. Ուկրաինայում – Անդրանիկ Ենոքի Մանուկյան

4. Հունաստանում – Գագիկ Կիմիկի Ղալաչյան

5. Ռումինայում -Համլետ Արամայիսի Գասպարյան

6. Դանիայում – Հրաչյա Հայկի Աղաջանյան

7. Վրաստանում – Յուրիկ Նորայրի Վարդանյան

8. Նիդերլանդներում – Ձյունիկ Ֆրունզեի Աղաջանյան

9. Ավստրիայում – Արման Ջոնի Կիրակոսյան

10. Ֆրանսիայում – Վիգեն Իվանի Չիտեչյան

11. Չեխիայում – Տիգրան Սեյրանի Սեյրանյան

12. Ռուսաստանում – Օլեգ Եսայի Եսայան

13. Իսպանիայում – Ավետ Ռոբերտի Ադոնց

14. Բուլղարիայում – Արսեն Ալիկի Սհոյան

15. Բելգիայում – Թաթուլ Խիկարի Մարգարյան

16. Գերմանիայում – Աշոտ Գվիդոնի Սմբատյան

17. Վատիկանում – Միքայել Արայի Մինասյան

18. Մեծ Բրիտանիայում – Արմեն Վարդանի Սարգսյան

19. Շվեդիայում – Արտակ Գեւորգի Ապիտոնյան

20. ԵԽ-ում – Արմեն Սմբատի Պապիկյան

21. Ֆրանկ. խորհրդում – Քրիստիան Միշել Ստեփանի Տեր-Ստեփանյան

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս