ԿԱՇԱՌՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վրաստանը հաջողություններ ունի հարկային եւ մաքսային վարչարարության ու ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտում, իսկ Հայաստանը` բանկային համակարգի եւ ապահովագրության: Մենք ընտրել ենք զարգացման էվոլյուցիոն ճանապարհը, Վրաստանը` հեղափոխական»: Այս խոսքերը պատկանում են հայտնի բլոգեր, համատեղության կարգով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընդհանրապես, աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ որեւէ  պետություն  հայտարարում է, որ առաջիկա զարգացման համար  նախապատվությունը տրվում է  տնտեսության այս կամ այն ոլորտներին` միաժամանակ նշելով, որ ալդ ոլորտները հետագայում պետք է դառնան ամբողջ երկրի տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Բայց դա ոչ մի  կերպ չի կարող պատճառ լինել, որ աչքաթող արվեն  այնպիսի կարեւորագույն, կենսական  ոլորտներ, ինչպիսիք են  հարկային եւ  մաքսային ծառայությունները:  Նման բան իրեն կարող է թույլ տալ միայն  մեր «էվոլյուցիոնիստ», «դիվերսիֆիկացված տնտեսություն»  կառուցող կառավարությունը: Իսկ եթե ՀՀ կառավարությունն այդ ոլորտներն աչքաթող չի արել, ապա այդ դեպքում  Տիգրան Սարգսյանն իր բլոգում պարտավոր էր բացատրել, թե ինչու վերոնշյալ ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու ճանապարհին իրենք չեն հասել որեւէ նշանակալի հաջողության:  Քանի որ վարչապետը չի ցանկացել մեկնաբանել, ապա ՀՀ ցանկացած քաղաքացի կարող  է իրեն իրավունք վերապահել կռահել կառավարության անգործության իրական պատճառների մասին:Իշխանությունների վարած  հարկային եւ մաքսային քաղաքականությունն  ունի երկու  կարեւոր բաղադրիչ` քաղաքական եւ տնտեսական: Այդ քաղաքականության հիմնական  խնդիրն է այնպես անել, որ Հայաստանում երբեւէ չձեւավորվի միջին խավ, որը, իրեն կայացած զգալով,  մի գեղեցիկ օր իշխանությունների առջեւ կբարձրացնի քաղաքական հարցեր` ի վերջո հանգեցնելով   իշխանության  փոփոխությանը: Ստեղծված են «բոլոր  անհրաժեշտ պայմանները», որ ցանկացած բիզնես անող գործարար միշտ «շնորհակալ» եւ կախված լինի իշխանությունից: Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանությանը, ապա իշխանությունների ցանկացած «բարեփոխում» այս ոլորտում ընդամենը հանգեցնում է  կաշառքի «դրույքաչափի»  բարձրացմանը: Ցանկացած հայաստանցի վարորդ, որը գեթ մեկ անգամ մեքենայով եղել է Վրաստանում, կվկայի այն մասին, որ վրացի ոստիկանը առանց պատճառի չի կանգնեցնի մեքենան, իսկ կաշառքի մասին անգամ ավելորդ է խոսելը: Վրաստանում ոստիկանը աշխատում է օգնել վարորդին եւ ոչ թե ռեկետով զբաղվել: Իսկ այժմ անդրադառնանք մեր «հաջողություններին»` բանկային համակարգին եւ ապահովագրությանը: Մինչ անդրադառնալը փաստենք, որ Տիգրան Սարգսյանն այս երկու ոլորտները որպես հաջողության օազիս վկայակոչելով` փորձել է Հայաստանի տնտեսական ձեռքբերումները կապել իր անվան հետ. այն է`10 տարի աշխատելով  ԿԲ նախագահ` կայացրել է բանկային համակարգը, իսկ երեք տարի աշխատելով վարչապետ ` ապահովագրությունը: Սակայն, անկախ վարչապետի գովեստներից,  մեր բանկային համակարգի «կայացածության» մասին  խոսում են տնտեսավորող սուբյեկտներին եւ ֆիզիկական անձանց տրվող վարկերի տոկոսադրույքները, ինչպես նաեւ`  1000 խոշոր հարկատուների ցանկում բանկերի զբաղեցրած հորիզոնականները: Բացի այդ, եթե չլինեին համաշխարհային բանկի եւ Ռուսաստանի կողմից տրված վարկերը, ճգնաժամի ընթացքում մեր «կայացած» բանկերից մի քանիսը  կանցնեին պատմության գիրկը: Ինչ վերաբերում է ապահովագրությանը, որտեղ Տ. Սարգսյանը հաջողություններ է տեսնում, ապա մինչեւ վերջերս ապահովագրական ընկերությունները քարշ էին տալիս խղճուկ գոյություն, եւ միայն ԱՊՊԱ-ի ներդրումն այդ ոլորտը դարձրեց   եկամտաբեր: Սակայն հայտնի ճշմարտություն է, որ տնտեսության մեջ պարտադրված գործընթացները երկարաժամկետ  առումով  դրական արդյունք  չեն տալիս: Այնպես որ, այնքան էլ նպատակահարմար չէ համացանցում տիրաժավորել հարեւանի հաջողությունները եւ մեր կասկածելի ձեռքբերումները:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս