ՑԱՆՔԵՐՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Գետահովիտ, Ենոքավան, Ակնաղբյուր, Աչաջուր, Այգեհովիտ, Ազատամուտ գյուղերում: Տավուշի մարզում, ինչպես ողջ Հայաստանում, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրություն չկա: Արարատյան դաշտավայրում գործում են հակակարկտային կայաններ: Այլ հարց է, թե ինչ արդյունավետությամբ են դրանք աշխատում: Իսկ Տավուշի մարզում արդեն 22 տարի հակակարկտային կայաններ էլ չկան: Խորհրդային տարիներին, իհարկե, գործում էին այդպիսի կայաններ, որոնց հրանոթները որոշ վերափոխումից հետո արցախյան  հակամարտության սկզբնական շրջանում օգտագործվեցին հանրապետության սահմանների պաշտպանության համար: Սահմանամերձ Տավուշում գյուղատնտեսական խնդիրները բազմազան են՝ հեռավոր մարզում չկան գյուղատնտեսական շուկաներ, գյուղացիները չեն կարողանում իրացնել մեծ դժվարությամբ աճեցրած բերքը: Տավուշի մարզում վնասատուների դեմ պայքարի համար օգտագործվող թունաքիմիկատները մեծամասամբ անորակ են, իսկ պետպատվերի շրջանակներում անասունների հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ պատվաստումները պատշաճ ձեւով չեն արվում, ինչի հետեւանքով տարբեր հիվանդություններից անասունները սատկում են: Սակայն մեր երկրում իրերի փաստացի վիճակը եւ խրախուսանքներն իրար հետ կապ չունեն. 2012թ. հոկտեմբերի 21-ին գյուղատնտեսական աշխատողի օրվա առթիվ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին պարգեւատրեց գյուղնախարարության ոսկե մեդալով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս