Ի՞նչ է, գրավոր, հատուկ առաջա՞րկ են ուզում. Վահրամ Բաղդասարյանը` ԲՀԿ-ին լուսանցքում թողնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը լավ փուլում է գտնվում, բայց դեռ պորտֆելների հարց չի քննարկվել, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն առաջիկա օրերին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին` հնարավո՞ր է` ՀՀԿ առաջիկա նիստի ընթացքում որոշակիություն տրվի այդ հարցին, Բաղդասարյանը պատասխանեց, որ պետք չէ շտապել: Դիտարկմանը, թե ՏԿԱԻՆ նախարարությունն անջատվելու է, և խոսվում է Արծվիկ Մինասյանի և Դավիթ Լոքյանի թեկնածությունների մասին, Բաղդասարյանն արձագանքեց, որ առաջին անգամ է լսում այդ նախարարության անջատման մասին, ապա հավելեց, որ ինքը խոսակցություններով չի առաջնորդվում, այլ` միայն փաստերով:

Անդրադառնալով ԲՀԿ-ին և դիտարկմանը, թե նրանց ինչու են լուսանցքում թողել, Բաղդասարյանն արձագանքեց. «Մեր դռները բաց են բանակցությունների համար, մենք բոլորին ենք առաջարկել: Ի՞նչ է, գրավոր, հատուկ առաջա՞րկ են ուզում, մենք ասում ենք` ով բանակցում է , մեր դռները բաց են, կարող են գան, քննարկենք»: Դաշնակցությունն իր ոտքո՞վ է եկել հարցին, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Դաշնակցությունն ուրիշի ոտքի կարիքն ունի՞: Մեր հորդորին արձագանքել է Դաշնակցությունը, և մենք բավականին երկար քննարկումների մեջ ենք»:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև ՀՅԴ հայտնի 7 կետերին և ընդգծեց, որ իրենք նախապայմաններով չեն առաջնորդվում. «Մենք ունենք այն, ինչ ունենք: Իրենք հայտարարել են, որ չորս կետերը կատարված են, մնացածն ընթացքի մեջ են, պետք է սպասենք քաղաքական զարգացումներին», – հավելեց նա:




Լրահոս