ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՐՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը երեկ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Մինչ այս Կուտոյանը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը եւ համակարգում էր դատաիրավական ոլորտը: Նրանից առաջ նախագահականում այդ պաշտոնը զբաղեցնում էր ՀՀ ներկայիս գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը 2011-ին նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2013-ին դարձավ գլխավոր դատախազ: Կուտոյանը եւ Կոստանյանը ընկերներ են, երկուսն էլ համարվում են իշխանության երիտթեւի ներկայացուցիչներ: Կուտոյանի՝ երեկվա նշանակումից հետո դատաիրավական ոլորտում լուրեր տարածվեցին այն մասին, որ նա նախագահականից դատախազություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանին փոխարինելու հեռանկարով: Իսկ Կոստանյանը դառնալու է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
Ինչպես ասում են՝ ուժային մյուս կառույցների ղեկավարները՝ ի դեմս ԱԱԾ, ՔԿ եւ ՀՔԾ պետերի, հասան իրենց նպատակին: Կոստանյանը կհեռանա դատախազությունից եւ այլեւս չի կարողանա «ջահելություն» անել ու ոչ ցանկալի բաներ զեկուցել Սերժ Սարգսյանին: Սակայն այս տեղափոխության համար դեռ հարկավոր է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի գործող նախագահ Արման Մկրտումյանը հրաժարական ներկայացնի: Թերեւս սա է ամենադժվար լուծելի խնդիրը: Բանն այն է, որ դեռեւս 2011 թվականից Մկրտումյանին փորձում են պարտադրել, որ նա հրաժարական ներկայացնի: Բայց չի անում՝ պնդելով, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է, թող ինձ ասի, հրաժարական կտամ: Սակայն ո՛չ Սարգսյանը եւ ո՛չ էլ նրա ենթականերից որեւէ մեկը նման հանձնարարական չի հնչեցնում, քանի որ կստացվի քրեական հանցագործություն: Այս իրավիճակի ադյունքն է, որ Արման Մկրտումյանը դեռեւս պաշտոնավարում է:

 

 
ՀՅԴ-ն երեկ ԳՄ-ն փակ նիստ է անցկացրել՝ կոալիցիայի շուրջ ՀՀԿ-ի առաջարկները քննարկելու նպատակով: Ըստ տարածված լուրերի՝ ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ Արագածոտնի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզպետների պաշտոնները: Բայց «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ում նման տարբերակին դեմ են: Փոխարենը ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում ասում են, որ պատրաստ են զիջել Վայոց Ձորի, Շիրակի եւ Արմավիրի մարզպետների պաշտոնները: Շիրակի տարբերակն արդեն իսկ առաջարկվել է, բայց ՀՅԴ-ն այն մերժել է: Այս մարզը բազմիցս ապացուցել է, որ այստեղ ընդդիմադիր տրամադրություններ են գերիշխում, ուստի ՀՅԴ-ում հասկացել են, որ այնտեղ անելիք չունեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ներկա իրավիճակը մեկնաբանելու մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց. «Այնքան եք պրիմիտիվացնում քննարկումները, որ իջեցնում, հավասարեցվում է պաշտոնների բաժանման մակարդակի: Մեզ համար խնդիրը դա չէ, այլ ՀՀ ապագայի ու իրական փոփոխություններին նպաստելու հարցն է»:

 

 

 

ԲՀԿ-ի ներսում իսկական կռիվ է ընկել: Բանն այն է որ այս կուսակցության ԱԺ խմբակցության անդամների մեծ մասը կողմ է, որ իրենք իշխանական հնարավոր կոալիցիայի մաս կազմեն: Սակայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը դեմ են կոալիցիային: Այս իրավիճակի արդյունքում, ԲՀԿ-ի ներկուսակցական հակասությունները կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ու երբ ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ին պաշտոնապես կոալիցիայի կազմ մտնելու հրավեր լինի, կոալիցիայի կողմ ԲՀԿ-ականները երեկ արդեն բաց տեքստով նշում էին, որ պատրաստ են անգամ Ն. Զոհրաբյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել՝ դիմելով ԲՀԿ-ի ներկայիս ֆինանսական ու քաղաքական հովանավորներին՝ ՀՀ վարչապետին ու նախագահին: Այս առնչությամբ տիկին Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Առաջին անգամ եմ լսում նման դժգոհության մասին, բայց եթե անգամ նման դժգոհություն կա, ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ինձ պաշտոնանկ անելու համար պետք է դիմեն ՀՀ նախագահին կամ ՀՀ վարչապետին»:

 

 

 
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում արդյունաբերական ոլորտի աշխատողների թիվը 2015 թվականին, նախորդ` 2014-ի համեմատ, նվազել է երկու տոկոսով: Այսինքն՝ 2015-ին արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը նվազել է 1665-ով. 2014-ին եղել է 83 հազար 530 դարձել է 81 հազար 865: Բայց սա չի խանգարել, որպեսզի պաշտոնական վիճակագիրները թվեր նկարեն, թե իբր 2015-ին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 5,2 տոկոսով: Նկատենք, որ թվերը ներկայացնում են արտադրանքի ընդհանուր արժեքը, այսինքն՝ ապրանքների միջին 4 տոկոս թանկացումը եւս իբրեւ «աճ» է մատուցվում: Տեղեկացնենք, որ արդյունաբերության աճը հնարավոր է եղել «նկարել» կոնկրետ երկու` հանքարդյունաբերության եւ ծխախոտի արտադրության ոլորտների մոտ 50 տոկոս աճով: Հայաստանի արդյունաբերության մյուս հիմնական ճյուղերում, օրինակ՝ մթերքի արտադրության, վերամշակող ձեռնարկությունների, խմիչքի արտադրության ոլորտներում անկումը կազմում է 10-ից մինչեւ 20 տոկոս:

 

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՆՈՎ

Ինչպես եւ սպասվում էր` ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ռոբերտ Ուոլթերի հեղինակած հակահայկական զեկույցի ձախողումից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը սկսել է վայնասունը: Չկարողանալով համակերպվել Ուոլթերի եւ նրա գործընկերների վրա արած հսկայական խավիարային ներդրումների կորստի հետ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդես է եկել լալահառաչ հայտարարություններով: «Համանախագահների նամակը Ստրասբուրգ միայն ծիծաղ է հարուցում: Ես բողոքով նամակներ եմ ուղարկել համանախագահ երկրների արտգործնախարարություններ, որոնցում նշել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի հրատապություն հաղորդելը մեր անձնական գործն է: Ոչ ոք չի կարող խառնվել դրան: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է»,- երեկ ադրբեջանական լրատվամիջոցների առջեւ նեղսրտել է Մամեդյարովը, ով, սակայն, այդպես էլ չի պարզաբանել, թե եթե Մինսկի խմբի համանախագահները «չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա» եւ «դա անտրամաբանական է», այդ դեպքում ինչի դեմ է նա բողոքում:
Իրականում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը եղավ այն վճռորոշ գործոնը, որը փոխեց ԵԽԽՎ-ում քվեարկության պատկերը, եւ Ուոլթերի զեկույցը մերժվեց: Եվ այս առումով հարկ է նշել, որ այդ «հաղթանակը», ինչպես որ այն գնահատեցին ՀՀ իշխանական ուժի ներկայացուցիչները, հաջողվեց արձանագրել հենց սահմանային իրավիճակի ապակայունացման հեռանկարի խաղարկման շնորհիվ. մի բան, որը չափազանց բարձր գին էր` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անգործության հետեւանքները վերացնելու համար:
Եվ, ի դեպ, նկատենք, որ դա իր բացասական հետեւանքները՝ դարձյալ սահմանային իրավիճակի նոր լարման տեսքով, ըստ ամենայնի, դեռ կունենա. դժվար թե Ադրբեջանն առաջիկայում չդիմի նոր սադրանքների` այդպիսով փորձելով վրեժխնդիր լինել թե՛ հայկական կողմից, թե՛ համանախագահներից: Իսկ յուրաքանչյուր նման սադրանքի դեպքում վտանգվում է հայ զինվորի կյանքը: Եվ երբ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանն ասում էր, թե դիվանագետներն էլ արտաքին ճակատի զինվորներն են, նա, իհարկե, իրավացի էր, այլ հարց է, որ այդ արտաքին ճակատի զինվորների «դասալքության» եւ վատ աշխատանքի պատճառով հաճախ իրենց կյանքով են հատուցում իրական զինվորները:
Ամեն դեպքում ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցի տապալումից հետո մնացած բացասական «նստվածքը» իրեն զգացնել տալու է, եւ այդ մասին երեկ հայտարարել է նաեւ Մամեդյարովը. «Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները նամակ ուղարկեցին Ստրասբուրգ, չեմ կարծում, թե նրանց հետ հանդիպում հնարավոր է»,- ասել է նա:




Լրահոս