Մինչ կասեցված վիճակում գտնվող հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ պարբերաբար կոչեր են անում` հետ վերցնել Հայաստանի ստորագրությունը, երեկ հայտնի դարձավ նոր, այս անգամ Կրեմլի հովանու ներքո հայ-թուրքական ձեռնարկի մասին. «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը պատրաստվում է մարտին կազմակերպել Երեւանի եւ Անկարայի դիվանագիտական շրջանակների հանդիպում, ինչն էլ նախապատրաստել էր Ռուսաստան այցելած Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆիրուդին Սինիրօղլուի հետ: Նշենք, որ մի քանի օր Գրիգորի Կարասինը Երեւանում էր եւ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպել էր Հայաստանի ներքաղաքական օրակարգով, այդ թվում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ տեսակետների պարզաբանման առաքելությամբ: Ըստ գործակալության` թուրքական կողմը առաջվա նման դնում է իր հայտնի նախապայմանները, նշվել է, որ ընդունելի կարող է համարվել «Հայաստանի կողմից օկուպացված» որոշ տարածքների հանձնումը: Անկարան Բաքվին այս մասին տեղեկացրել է փետրվարի սկզբին թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի` Բաքու այցելության շրջանակներում: Նա Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում շարադրել է Մոսկվայում կայանալիք բանակցությունների էությունը: «Այս կապակցությամբ փոխարտգործնախարար Կարասինը վերջերս այցելել էր Երեւան եւ քննարկել այս հարցը հայկական կողմի հետ»,-գրել էր «Ռեգնում»-ը:Տեղեկատվությունը ԱԳՆ-ն անմիջապես հերքեց, ինչը, մեծ հաշվով, ոչինչ չի նշանակում, քանի որ Էդվարդ Նալբանդյանը շատ ավելի պաթետիկ` «երիցս ոչ» արտահայտություններով ժամանակին հերքում էր խորհրդարանական ընդդիմությանը` պատասխանելով, թե «Ցյուրիխ-2» չի եղել, հայ-թուրքական արձանգրությունները վերսկսելու վերաբերյալ խորհրդատվություններ չեն անցկացվել, ինչը ԱԺ նախագահի Շվեյցարիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր այս երկրի արտգործնախարար Քրիստին Միշլին Ռեյը: Իսկ նույն օրը` երեկ կեսօրին, պաշտոնապես հաստատվեց, որ փետրվարի 23-24-ին Հայաստանում կլինի Ջեյմս Սթայնբերգը` ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի ուղեկցությամբ` ի հաստատում նույն «Ռեգնում»-ի։ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում էլ հայտնվեց տեղեկատվություն, որ նա փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան` ՌԴ նախագահ Դմիտրի Մեվեդեւի հետ հանդիպման: Այցի հապճեպության մասին է խոսում նաեւ այն, որ մինչ այդ, երբ հաղորդվել էր Սոչիի եռակողմ հանդիպման մասին, որեւէ բան չէր ասվել դրան նախորդող այցի ու հանդիպման վերաբերյալ: Անհասկանալի է, թե մարտի 5-ին հանդիպելու դեպքում ո՞րն է փետրվարի 25-ի իմաստը: Ուշագրավ է, որ տեղեկատվությունը հաջորդեց օրերս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին: Հարցադրումներ, որոնց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն այդպես էլ չպատասխանեց: Ամեն դեպքում, ավելորդ չէ վերհիշել, թե մի քանի օր առաջ ինչ մեկնաբանություններով ստորագրեց Գագիկ Ծառուկյանը կոալիցիոն հուշագիրը. «Քանի որ այսօր երկիրը ծանր խնդիրների առաջ է կանգնած՝ ֆինանսական, տնտեսական, քաղաքական ու ռազմական, իսկ երկրի նախագահը պետք է բանակցություններ վարի Աստանայում, Մոսկվայում եւ Ամերիկայում, հարկավոր է, որ ինքը իր հզորությունը զգա, պինդ լինի, որ կարողանա լիարժեք բանակցություններ վարել»: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը հերքեց, թե Երեւանում Կարասինը խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում հայտնել է նման նախաձեռնության մասին, հարցին, թե այդ ինչ վտանգների մասին էր խոսում Ծառուկյանը, պատասխանեց. «Ուրեմն Դուք չգիտե՞ք` բանակցային պրոցեսում ինչ մարտահրավերներ են, եթե չգիտեք, ավելի ուշադիր հետեւեք Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններին, իրենց սպառազինությունների մրցավազքին»: Ամեն դեպքում, պարոն Մոդեստ Կոլերովի «Ռեգնում»-ում, որը համարվում է ՌԴ նախագահի ադմինիստրացիայի լրատվամիջոցը, նման տեղեկատվություն հենց այնպես չէր կարող հայտնվել: Ու հիմնական տպավորությունն այն է, որ Ռուսաստանում ընկալվում է, թե ինչ-որ մի պահի Սերժ Սարգսյանը, հնարավոր է, չկարողանա պահել իրավիճակը, ու հիմա ժամանակն է, որպեսզի ով ինչ ունի, նրանից պոկի: Կամ երկրորդը, որ համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոնները սկսել են ձգտել մի իրավիճակի, որ Հայաստանի ապագա իշխանությունը գա ոչ թե «բաց տեղ», այլ ստորագրված թղթի հետեւից: Այսինքն` որ այս գործընթացի հետ կապված իրեն ասեն` կա թուղթ եւ դու իրավահաջորդ ես: Եվ միգուցե այն պատճառով, որ նախագահականում էլ գիտակցում են, որ «հայերը Սերժ Սարգսյանի ստորագրած թղթի հետեւից չեն գնա», առաջացավ Սփյուռքին այնքան դուր եկած երկպալատանի խորհրդարանի միտքը: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ