ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային ինքնորոշում  միավորում» կուսակցությունը հանգանակություն է  սկսել կուսակցության համար, որից էլ պարզ կդառնա իրենց «լինել, թե չլինելու» հարցը:  Ժամանակին ՀՀ քաղաքական կյանքում առաջատար դերակատարություն ունեցող այս կուսակցությունն այսօր զրկվել է անգամ իր կենտրոնական գրասենյակից, եւ մեր հանդիպումը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ կայացավ վերջինիս՝ Դավիթաշենում գտնվող սեփական տան այգում: Այդուամենայնիվ, ըստ Հայրիկյանի՝ ԱԻՄ-ականները պարբերաբար հավաքվում եւ քննարկում են քաղաքական ու կուսակցական հարցերը. «Որպես կենտրոնական գրասենյակ մենք օգտագործում ենք տարբեր կառույցներ, տեղական գրասենյակներ, անհատների տներ, որոնց մեջ մտնում է նաեւ իմ այգու կացարանը»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայրիկյանը հիշեցրեց այն տարիները, երբ ԱԻՄ-ը ՀՀ քաղաքական կյանքի առանցքային դերակատարներից էր, սակայն վերջին տարիներին իրավիճակը կտրուկ փոխվեց, եւ ԱԻՄ-ը հայտնվեց լուսանցքային կուսակցությունների թվում. «Քոչարյանի եւ հանրապետականների իշխանության ժամանակ ԱԻՄ-Ի հանդեպ արշավ սկսվեց, բայց չեմ կարող ասել` դրա կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյա՞նն էր, թե՞ Անդրանիկ Մարգարյանը: Ես շատ նողկալի համարեցի այդ թեմայով իրենց հետ խոսելը: Եվ մենք, որ կառավարությունից անժամկետ ստացել էինք գրասենյակային տարածք, կորցրեցինք այն»: Պարոն Հայրիկյանի կարծիքով դա հենց սկզբից ծրագրավորված դավադրություն էր: Այնուամենայնիվ, կուսակցությունը դեռեւս պահպանել է իր մարզային գրասենյակները Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում, Կոտայքում, Գյումրիում. «Դրանք գործում են այնքանով, որքանով ԱԻՄ-ն է գործում»,- նշեց կուսակցության ղեկավարը: Պարոն Հայրիկյանն ասաց, որ ԱԻՄ-ը պահվում էր ֆինանսական դրամահավաքի միջոցով. «Մենք մի բացարձակ բան էինք արել. խմբեր էինք ուղարկում բնակարաններ եւ շատ արագ հավաքում էինք անհրաժեշտ գումարը: ԱԻՄ-ը ժողովրդին սովորեցրել էր, որ եթե ես պիտի ձեզ ծառայեմ, ապա դուք ինձ պիտի պահեք: Իսկ հիմա գալիս են,  փող են բաժանում  ընտրելու համար»: Ինչ վերաբերում է ԱԻՄ այսօրվա անդամների թվին, ապա, ըստ Հայրիկյանի, «ԱԻՄ-ականեր են վերջին ընտրության ժամանակ ԱԻՄ-ին ձայն տված մարդիկ, իսկ ԱԻՄ-ականները, որոնք անդամավճար են վճարում, մոտ 1200 են»: 2012 թվականի ԱԺ ընտրությունների հետ կապված ԱԻՄ-ն արդեն ունի որոշում. «Նախ` Հայաստանում ընտրություններ չեն սպասվում: Հայաստանում սպասվողը ամեն ինչ կարելի է կոչել, բացի ընտրությունից: Այնուամենայնիվ, մենք ընտրության կգնանք, եթե զգանք, որ հասարակական պահանջ կա: Մենք դրամահավաք ենք սկսել, որի միջոցով էլ կորոշվի` մասնակցելո՞ւ ենք,  թե՞ ոչ»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս