ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ ՈՐԴԻՆ ՈՒ ՀԱՐԲԵՑՈՂ ՀԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին`  երեկոյան, Վանաձորում տեղի ունեցած հերթական ահասարսուռ սպանությունը ցնցեց ողջ հանրապետությունը: Տիգրան Մեծի 9 ա շենքի բնակիչ 21-ամյա Տիգրան Գյուլբանկյանը կացնի մի քանի հարված էր հասցրել հարազատ հոր` Սերյոժա Ղուբաթյանի գլխին, ինչի արդյունքում ստացված  վնասվածքներից վերջինս տեղում մահացել էր:Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր էին ժամանել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանն ու  Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը: Մինչ ոստիկանության աշխատակիցները կատարում էին օպերատիվ-քննչական եւ հետախուզական աշխատանքներ սպանության հանգամանքները պարզելու նպատակով, ապշած եւ ցնցված հարեւանները չէին կարողանում հավատալ կատարվածին, թեեւ գիտեին, որ Տիգրանը հոգեկան խնդիրներ ունի:  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հարեւաններն ասում էին, որ Տիգրանենց ընտանիքն ապրում էր մեկուսացած կյանքով, ոչ մեկի հետ չէին շփվում, նրանց տանից հաճախակի էին վիճաբանության ձայներ լսվում: Պատճառն, ըստ մեր զրուցակիցների, հոր` խմիչքի հանդեպ ունեցած սերն էր: Նրանց ասելով վերջին շրջանում վեճի հիմնական առիթը տան վաճառքի հարցն էր: Կինն ուզում էր վաճառել այն եւ փոխարենը երկու նոր բնակարան գնել,  որպեսզի ինքն ու որդին ապրեին  ամուսնուց հեռու: Մեզ հետ զրույցում Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Սասուն Մխիթարյանը նշեց, որ դեպքի առթիվ նույն օրն իրենց մոտ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով(դիտավորյալ սպանություն): Մեր այն հարցին, թե տվյալ դեպքում ինչու են ազգանունները տարբեր, քննիչը նշեց, որ նախնական տվյալներով սպանվածը հայրությունը չի ճանաչել: Մխիթարյանը հավելեց նաեւ, որ Տիգրան Գյուլբանկյանը 12 տարեկանից հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում`  հոգեկան հիվանդություն ախտորոշմամբ: Սակայն հարց է առաջանում` եթե Տիգրանը  12 տարեկանից տառապում էր հոգեկան հիվանդությամբ, որն, ինչպես տեսանք, վտանգավոր էր հասարակության համար, ապա վերջինս ինչո՞ւ մեկուսացված չէր: Վերջում ավելացնենք, որ Վանաձորում մեծ թիվ են կազմում հոգեկան հիվանդությամբ տառապողները, որոնք ազատ շրջում են քաղաքում, ուստի բացառված չէ նման դեպքերի կրկնությունը: ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆլուսանկարները՝ հեղինակի




Լրահոս