ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ԽԱԽՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փաստանջյանը,  երեկ  դիմել է Վարչական դատարան` դատախազությունից պահանջելով  հերքել փետրվարի 18-ին տարածած հաղորդագրությունը, որում մասնավորապես ասված է. «Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն: Մասնավորապես, Տիգրան Փոստանջյանը, լինելով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող,  ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու,  օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու եւ կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու եւ այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010 թվականի սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 հազար դրամ վարձատրություն»:  Տիգրան Փոստանջյանի քույրը` Զարուհի Փոստանջյանը, որը համոզված է, որ այս քրեական գործը քաղաքական աստառ ունի, նշեց, որ այն ուղղված է իր կամ ավելի ճիշտ` «Ժառանգության» դեմ: Ավելի վաղ նա «Ժողովուրդ»-ին ասել էր. «Իշխանությունները ինձ պատերազմ են հայտարարել, ես ընդունում եմ այն»: Իսկ Տիգրանի փաստաբան Հայկ Ալումյանը ասել է, որ այս դեպքն իրեն հանդիպած անմեղության կանխավարկածի ամենաբացահայտ ու ամենաբիրտ խախտումն  է: Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, սակայն, իրենց հաղորդագրության մեջ  անմեղության կանխավարկածի  որեւէ խախտում չի տեսնում` ասելով. «Այդտեղ նշված չէ անձի վերջնական մեղավոր կամ հանցագործ լինելու հանգամանքը»: Ինչպես նշել են «Ժառանգությունից», Տիգրանի գործի ընթացքով եւ զարգացումներով հետաքրքրվում է  միջազգային իրավապաշտպան կառույցներից Human Rights Watch-ը:  Իսկ Զարուհի Փոստանջյանը հերքեց լուրը, թե իր եղբորը ուրբաթ կալանավորել էին: Մասնագիտությամբ իրավաբան Փոստանջյանի եւ մյուս փաստաբանների համար ամենաշատը վիճահարույց է այն, որ Տիգրանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր առանց իրենցից բացատրութուններ ստանալու: Սա եզակի, աննախադեպ երեւույթ է: Նշենք, որ նախքան Գլխավոր դատախազության հաղորդումը, Տիգրան Փոստանջյանին զանգահարել էր  մի անծանոթ տղամարդ եւ ասել, որ «դատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել քրոջդ գործունեության պատճառով»: Հետագայում, երբ Զարուհու հետ խորհրդակցելուց հետո Տիգրանը զանգահարել էր նրան ու Կոմիտասի ցայտաղբյուրներից մեկի մոտ ժամադրվել նրա հետ, վերջինս հանդիպման չէր եկել: Տիգրանը ԱԺ նախագահին ու պատկան մարմիններին ուղղված նամակում նշել էր, որ լուրջ հիմքեր ունի մտածելու, որ այդ մարդը վտանգված է: Ա. Դ.




Լրահոս