ՓԱԿԵԼ ԵՆ ՇՔԱՄՈՒՏՔՆ ՈՒ ՉԵՆ ԲԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սայաթ-Նովայի 23 եւ 25 շենքերն ունեն ընդամենը մեկ ընդհանուր միջանցիկ շքամուտք: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում այդ շքամուտքը փակված է, ինչի պատճառով երկու շենքերի բնակիչները չեն կարողանում ելումուտ անել: Փակված շքամուտքի ներսում այս պահին կատարվում են շինարարական աշխատանքներ, իսկ անվտանգության աշխատակիցը ողջ գիշեր հսկում է այն:
Նշված շենքերի բնակիչները ստիպված են շրջանցել շենքերը` բակ մտնելու կամ դուրս գալու համար: Ըստ բնակիչների՝ խախտվում են նաեւ հակահրդեհային պաշտպանության կանոնները: Նշենք, որ նույն շքամուտքի վերաբերյալ գոյություն ունի 2005թ. սեպտեմբերի 16-ի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում, որը լիովին ճանաչել եւ պաշտպանել է երկու շենքերի բնակիչների իրավունքները եւ ապօրինի է համարել մուտքի հետ կապված բոլոր ոտնձգություններն ու գործողությունները:
Այս շքամուտքը նախկինում տրամադրվել է ոմն Արմեն Օհանջանյանի, որն էլ իր հերթին զբաղեցրել է այդ մուտքի առաջին երեք հարկերը եւ միաժամանակ կից կառույց սարքել: 2005-ին Օհանջանյանը փակել է շքամուտքը եւ այնտեղ սկսել շինաշխատանքներ: Բայց քանի որ բնակիչներն անընդհատ ահազանգել են համապատասխան մարմիններին,  Օհանջանյանը ստիպված այն վաճառել է մեկ այլ մարդու եւ հեռացել:
Սայաթ-Նովայի 23 եւ 25 շենքերի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են: Խնդրի հետ կապված` նրանք իրենց ստորագրություններով դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ նախագահին եւ Երեւանի քաղաքապետին: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը 2012-ի սեպտեմբերին Սայաթ-Նովայի 25 շենքի բնակիչ Սերգեյ Կարապետյանին պատասխանել է, որ կատարվող շինաշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի կողմից 28.06.2012. տրված շինարարության թույլտվության հիման վրա՝ կառուցապատումն ավարտուն տեսքի բերելու համար: Քաղաքապետարանի պաշտոնյան նշել է, որ բոլոր աշխատանքներն արվում են քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն. “Իսկ ինչ վերաբերում է վերոհիշյալ կառուցապատման արդյունքում Սայաթ-Նովա պողոտա հ. 25 շենքի մուտքը փակելու հանգամանքին, ապա տեղեկացնում եմ, որ Սայաթ-Նովա պողոտայի 23 եւ 25 շենքերն ունեն այլընտրանքային միջանցիկ թվով երկու մուտքեր եւս, որոնցից փաստացի կարող է իրականացվել անարգել ելումուտ”:
78-ամյա Լաուրա Շաղոյանը երկար տարիներ է, ինչ ապրում է Սայաթ-Նովայի 25 շենքում, սակայն այսօր ստիպված է շքամուտքի համար փոխել բնակավայրի հասցեն: “Այս դեպքում կորցնում ենք մեր հասցեն, երկու շենքերի հասցեն գրված էր մուտքի վրա, Սայաթ-Նովա 25-ը պոկել են, իսկ մյուսը՝ 23-ը, պահել: Ես, լինելով հ. 25 շենքի բնակիչ, փողոց դուրս գալու համար Նալբանդյան փողոցի դալանով պետք է դուրս գամ: Մենք պահանջում ենք մեր մուտքը, մենք չենք ցանկանում կորցնել մեր հասցեն: Գազան է սարքողը, ով է, նույնիսկ չգիտեմ, բայց լսել եմ, որ ուզում են խանութ սարքել”,-մտահոգված նշեց տիկին Լաուրան: 
Մեկ այլ բնակիչ էլ “Ժողովուրդ”-ին ներկայացրեց, որ շքամուտքը, բացի անվտանգության աշխատակիցներից, խստորեն հսկվում է նաեւ տեսախցիկների միջոցով:  
“Երեւանի ավագանու ընտրություններից առաջ մեծ շուքով եկան ու մուտքը բացեցին: Հետո, երբ ընտրություններն ավարտվեցին, եկան ու նորից փակեցին: Էս ութ տարի է` պայքարում ենք մեր մուտքի համար: Չգիտենք, թե ինչ անենք, ոչ մի կերպ չի լուծվում այս հարցը”,-դժգոհեց հ. 25 շենքի բնակիչ Մայիս Մկրտչյանը: Նրա խոսքով՝ մուտքի եւ կցակառույցի նոր սեփականատերը վախենում է բնակիչներից, այդ պատճառով էլ մուտքը հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից:
Իսկ բնակիչ Ալբերտ Աբգարյանը նկատեց, որ եթե ամռանը բնակիչները մի կերպ կարողանում են 200 մետր շրջանցել եւ դուրս գալ կենտրոնական փողոց, ապա ձմռանը հաստատ կդժվարանան, քանի որ շենքերի բակն ունի մեծ փոսեր, որոնք ձմռանը սառցակալվում են.”Գիտե՞ք, թե քանի մարդ է ընկել ու վնասվածք ստացել: Միեւնույն է, շքամուտքը փակելն անօրինական է”:
Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, “Ժողովուրդ”-ին փոխանցեց, որ տվյալ հատվածում իրականացվող շինաշխատանքներն օրինական են, եւ այն իրականացնողն ունի համապատասխան օրինական փաստաթղթերը: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 561 համար




Լրահոս