Հիմնականում բնակչությանը հետ բերելու խնդիրներն ենք մենք առաջ դնում. Հարություն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում ծնելիությունը տարեցտարի նվազում է, վաղուց գաղտնիք չէ: Սակայն հատկապես վերջին տարիներին այս տխուր միտումն առավել տեսանելի է Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Նշենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում ծնվել է 41 հազար 815 երեխա, իսկ մահացությունը կազմել է 27 հազար 835: Այսինքն՝ բնակչության թվի բնական աճը կազմել է ընդամենը 13 հազար 980:
«Ժողովուրդ»-ն այս մտահոգիչ միտման առնչությամբ զրուցել է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Վայոց ձորի մարզում ծնելիության թիվը գնալով նվազում է: 2015 թվականին մարզում ծնված երեխաների թիվը մահացածների թվից ավել է եղել ընդամենը 58-ով: Արդյոք այս թվերը Ձեզ չեն մտահոգում, եւ ինչ քայլեր եք կատարում մարզում ծնելիության խթանման ուղղությամբ:

-Հիմնականում բնակչությանը հետ բերելու խնդիրներն ենք մենք առաջ դնում: Ովքեր որ դուրս են եկել աշխատելու Ռուսաստան կամ արտերկիր, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի պայմաններ ստեղծենք նրանց հետ վերադարձնելու իրենց տները, իրենց ընտանիքները: Արդեն այս տարվա ապրիլ ամսից «Գեոթիմ» ՓԲԸ-ն («Գեոթիմ» ՓԲԸ-ն երկրաբանական աշխատանքներ է իրականացնում Վայոց ձորի մարզում` Ամուլսարի տարածքում), մարզում սկսելու է գործունեություն ծավալել, ինչի արդյունքում հազարից ավելի աշխատատեղեր են բացվելու, եւ կարծում եմ՝ ովքեր որ եկել են, իրենց ընտանիքներն էլ չեն գնալու: Արդեն շատ մարդ է գրանցվում, որպեսզի աշխատի: Անցյալ տարի մեր պահածոների գործարանը վերաբացվեց, եւ այժմ աշխատանքները ընդլայնվում են: Այս ամենը կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, որովհետեւ գյուղացին արդեն իր մթերքի հանձման տեղն ունի: Անցյալ տարի պահածոների գործարանը մոտ վեց հարյուր տոննայի չափ բանջարեղեն մթերեց: Այս տարի այդ ցուցանիշը կկրկնապատկվի, որովհետեւ գյուղացին զբաղվելու է գյուղատնտեսությամբ եւ հանձնելու է իր արտադրածը: Մենք ամեն ինչ ձգտում ենք անել, որպեսզի աշխատատեղեր բացվեն:

-Այդուամենայնիվ, այդ ձգտումների արդյունքը առայժմ բավարար չէ…

-Աշխատատեղեր բացելու համար կառավարությունը, պետությունը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ներդրողների համար պայմաններ ստեղծի: Այս պահի դրությամբ Ջերմուկում 47 մլն դրամի շինարարություն է ընթանում: Անհատներ են աշխատում, Ռուսաստանի քաղաքացիներ կան: Հյուրանոցներ, առողջարաններ են պատրաստվում: Եվ այս բոլորը աշխատատեղեր են: Այսպիսի ծրագրերով պետք է ավելացնենք մեր ազգաբնակչությունը եւ, ինչու չէ, նաեւ պետք է մեր երիտասարդներին ողջունենք, ամեն հարցում օգնենք, որպեսզի ընտանիքներ կազմեն, ծնելիությունը մեծանա, երեխաների թիվը շատանա. դա ամենակարեւորն: է:

-Պարո՛ն Սարգսյան, Դուք ասում եք՝ պետությունն ամեն ինչ փորձում է անել, բայց իրականությունն այն է, որ այսօր էլ արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է, եւ մարդիկ գնում են չվերադառնալու հստակ որոշմամբ:

-Մեր մարզում, ի ուրախություն մեզ, շատ մարդիկ չեն, որ մշտական բնակություն են հաստատում օտար երկրներում: Մեծ մասը ժամանակավոր աշխատանքով է զբաղվում, գնում, գալիս է: Ամեն դեպքում, ինչ հնարավոր է, մենք պատրաստ ենք անել եւ աշխատում ենք դրա վրա:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս