«ԱՂՔԱՏ» ՀԱՐՈՒՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Նուշիկյան» ասոցիացիայի սեփականատեր Գարեգին Նուշիկյանի ունեցվածքի հայտարարագիրը կարդալիս ուզում ես այդ մարդու համար հանգանակություն կատարել, աջակցել, որպեսզի ընդգրկվի գոնե միջին խավի շարքերը…
Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ըստ էության, ունի ընդամենը մեկ բնակարան՝ 64.35 քմ մակերեսով: Այսինքն՝ ապրում է որոշակիորեն նեղլիկ պայմաններում, հարմարություններ չունի, ամառանոց չունի… «Խեղճ» մարդը, պարզվում է, մեքենա էլ չունի, ոտքով է ման գալիս կամ էլ օգտվում է երթուղայինների ծառայությունից: Ու այն շքեղ մեքենան, որով գնում է Ազգային ժողով, երեւի ժամանակավոր օգտագործման են հանձնել իրեն՝ հաշվի առնելով, որ պատգամավոր է, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ… 2011թ. իր գլխավորած ասոցիացիայից ստացել է ընդամենը 3 մլն 898 հազար 800 դրամ աշխատավարձ: Ի՜նչ խեղճուկրակ սեփականատեր-նախագահ է, որ այսքան ցածր աշխատավարձ է ստանում… Իհարկե, աշխատավարձից բացի, ստացել է նաեւ շահաբաժին՝ 110 մլն 398 հազար 800 դրամ: Բայց, հավանաբար, այս ստացած շահաբաժինն էլ աղքատներին է բաժանել, որովհետեւ իր հաշվին ունեցել է ընդամենը 10 մլն դրամ: Անտարակույս, այս հայտարարագիրն ամենազավեշտալիներից մեկն է:
Ստացվում է, որ հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խնամիացել է գրեթե չքավորության մեջ ապրող, իր ունեցվածքի 99 տոկոսն աղքատներին բաժանող մի մարդու հետ, որը, ինչպես նշեցինք, անգամ անձնական օգտագործման մեքենա էլ չունի: Մինչդեռ շատերն են հիշում այն գերճոխ հարսանիքը, որը միավորեց Հովսեփյաններին ու Նուշիկյաններին… Գուցե ամբողջ ծախսն Աղվան Գառնիկիչն իր վրա՞ էր վերցրել՝ ազատելով «աղքատ» խնամուն այդ հոգսից… Իսկ խնամի Նուշիկյանը 1993-ից սկսած ունի յոթ բարձրակարգ խանութ-սրահ՝ մասնագիտացված օծանելիքի եւ կոսմետիկայի վաճառքի ոլորտում: Այսինքն՝ ամենաշահութաբեր եւ ամենաթանկարժեք բիզնեսներից մեկի սեփականատերն է, որը  համագործակցում է Chanel, YSL, Nina Ricci, Paco Rabanne, Carolina Herrera, Calvin Klein եւ բազմաթիվ այլ նշանավոր բրենդների հետ: Բացի այդ, Նուշիկյանը Տերյան 54/1 հասցեում ունի «Էդելվեյս» խանութը, որն ամենաթանկերից է Հայաստանում, այստեղ վաճառվում են տղամարդկանց եւ կանանց համար բարձրակարգ հագուստ եւ աքսեսուարներ: Դեռեւս 1994թ. առաջինը Հայաստանում, համագործակցելով Սամվել Մայրապետյանի հետ, Նուշիկյանը ստեղծեց «Պարադիզ» սուպերմարկետը, որը միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց էր: Շատերն էին այդ ժամանակ խոսում, որ Տերյան 5 հասցեում գտնվող շենքը Նուշիկյանը ձեռք է բերել բառացիորեն «ջրի գնով», այստեղ իրացրել արտասահմանյան շոկոլադ եւ գարեջուր: Տերյան փողոցը մի ժամանակ սկսեց համարվել Նուշիկյանի սեփականությունը, որովհետեւ նա իր բիզնեսը կենտրոնացրեց այստեղ՝ նախկին սոցապնախարարության դիմացի մայթն էլ զավթելով ու այստեղ «մարմարակերտ» սուպերմարկետ կառուցելով, փակելով կառույցի թիկունքում գտնվող բնակելի շենքի պատուհանները… Բնակիչներն այդ ժամանակ բողոքներ ներկայացրին Կենտրոնի թաղապետարան, սակայն «լռության փոշին» իջավ բողոքների վրա…
Ուրեմն Գարեգին Նուշիկյանը, որը նաեւ գովազդային վահանակներ ու այլ նյութեր է պատրաստում 50-ից ավելի բանկերի եւ այլ կազմակերպությունների համար, չափազանց հարուստ մարդ է, մինչդեռ  հայտարարագրում իրեն վերագրել է մերօրյա Կորեյկոյի դերը…
Չմոռանանք Նուշիկյանի ունեցվածքին գումարել նաեւ Երեւանում տեղադրված 250-ից ավելի վահանակները եւ նկատենք, որ նման շռայլություն կարող է իրեն թույլ տալ միայն ամենահարուստ ՍՊԸ-ն: Ճիշտ է, 2011-ին քաղաքապետարանն ապամոնտաժել էր նաեւ Նուշիկյանին պատկանող 14 վահանակները, ինչի հետ կապված՝ գործարարը խիստ սրտնեղել էր.  «Դեռ 1996-ին՝ այդ ծանր տարիներին, մենք բարեգործական նկատառումներով ապակեպատ 15 հասարակական տրանսպորտի կանգառներ տեղադրեցինք մայրաքաղաքում եւ փորձել ենք ամեն ինչ անել ի նպաստ երկրի առաջընթացի: Հիմա ստացվում է՝ մեր սեփականությունը պաշտպանված չէ այս քաղաքում, ու դա կարող է վատ նախադեպ լինել մյուսների համար»: Պարոն Նուշիկյանը, իհարկե, չէր ասում, թե ինչ պայմաններով է տեղադրել այդ կանգառները, ու դրանց դիմաց իրեն ինչե՜ր են տրվել…
2012թ. Գ. Նուշիկյանը թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց: Նա հաղթեց Սարիբեկ Սուքիասյանին, ինչը, տեսականորեն, անհնար պիտի լիներ, քանի որ այս ընտրատարածքն ավանդականորեն Սուքիասյաններինն էր համարվում: Սակայն Աղվան Հովսեփյանի ազդեցությունների ու Նուշիկյանի ֆինանսների համատեղումն ի վերջո ապահովեց վերջինիս հաղթանակը: Խորհրդարան գալով` Նուշիկյանը դարձավ ամենապարտաճանաչ պատգամավորը. որեւէ բացակայություն չունի, քվեարկություններին էլ մասնակցում է մեծ ակտիվությամբ՝ բոլոր օրինագծերին «կողմ» քվեարկելով: Միայն Ընտրական օրենսգրքին է «դեմ» քվեարկել: Ի դեպ, այս քվեարկությունների մեջ կա մեկը, որը  փոխում  է Նուշիկյանի մասին պատկերացումները: Նա «կողմ» է քվեարկել «Հակամենաշնորհային գործունեության մասին» ՀԱԿ-ի ներկայացրած օրինագծին: «Որովհետեւ ես դեմ եմ մոնոպոլիաներին, մենաշնորհներին: Իր նախընտրական ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց դրա մասին, որ ինչքան շուտ վերանան մեզ մոտ մոնոպոլիաները, այնքան մեր տնտեսությունն առավել առաջընթաց կզարգանա»,-պարզաբանել էր նա:  Սակայն հազիվ թե բիզնեսի մեջ եփված մարդն այնքան դյուրահավատ լիներ, որ հավատալով նախագահի խոսքին` կողմ քվեարկեր մենաշնորհների վերացմանը: Հավանաբար, նրա ոտքն էլ տրորող է եղել, որին հրապարակավ չկարողանալով հակադարձել` պատգամավորը փորձեց դա անել քվեարկությամբ:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս