Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը Իջեւանի շուկայի առաջնամասում կառուցապատում կատարելու շինթույլտվություն էր տվել: Սակայն ներկայիս քաղաքապետ Վարդան Ղալումյանն առ ոչինչ է համարել այդ շինթույլտվությունը, ինչի կապակցությամբ Իջեւանի շուկայի տնօրինությունը հայց է ներկայացրել վարչական դատարանի Սեւանի նստավայր: Վարչական դատարանը մերժել է շուկայի տնօրինության հայցը, վերջինս էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վ. Ղալումյանի խոսքով՝ վերաքննիչ դատարանը համարել է, որ քաղաքապետարանն իրավունք չուներ շինթույլտվությունն առ ոչինչ համարել, այն կարող էր անվավեր համարել: Նա նշեց, որ դրանից հետո իրենք քաղաքապետարանի կողմից նախկինում տրված շինթույլտվությունն անվավեր են համարել, եւ ապօրինի շինարարության համար քաղաքապետարանը շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանին տուգանել է 200 հազար, ապա՝ 2,5 միլիոն դրամի չափով: Քաղաքապետարանը չնախատեսված վայրում բացօթյա առեւտուր կազմակերպելու համար 6-7 անգամ տուգանել է Գ. Օհանյանին. սկզբում՝ 20-30 հազար դրամով, իսկ վերջին 4 անգամը՝ 100-հազարական դրամով: Սակայն նշանակված տուգանքներից Գ. Օհանյանը միայն մեկն է վճարել՝ 20 հազար դրամի չափով: Վ. Ղալումյանը հայտնեց, որ ապօրինի շինարարության կապակցությամբ ինքը դիմել է ոստիկանություն, եւ այժմ Տավուշի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 315 պրիմ հոդվածով քննություն է կատարվում: Քաղաքապետն ասաց, որ շուկայի հետնամասում մոտ 6 տարի առաջ ապօրինի շինություն է կառուցվել, եւ փորձ է արվել այն որպես նոր շինարարություն ներկայացնել:
«Ժողովուրդ»-ը Վ. Ղալումյանին հարցրեց մոտ 10 օր առաջ քաղաքապետարանի շենքի առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին, որը նկարահանվել եւ ցուցադրվել է տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությամբ: Քաղաքապետն ասաց, որ դրան մասնակցել է 7 հոգի, որոնք շուկայի առաջ առեւտուր են անում: Այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք նաեւ Իջեւանի շուկայի տնօրեն Գ. Օհանյանին: Վերջինս ասաց, որ բացօթյա առեւտրի հետ ինքը կապ չունի, քանզի, ըստ օրենքի, բացօթյա առեւտրի համար տարածք հատկացնում է համայնքապետարանը: Նա հայտնեց, որ ինքը շուկայի առաջնամասում շինարարությունն ապօրինի չի կատարել, քանի որ դրա համար կան ճարտարապետահատակագծային առաջադրանք, նախագիծ, շինթույլտվություն: Նաեւ ասաց, որ վարչական դատարան է բողոքարկել ապօրինի շինարարության համար իրեն 200 հազար եւ 2,5 միլիոն դրամ տուգանելու քաղաքապետարանի որոշումները: Գ. Օհանյանի վկայությամբ՝ մոտ 10 օր առաջ Իջեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Իջեւանի շուկայի առաջ առեւտուր կատարող քաղաքացիներ, որոնց մի մասը քաղաքապետարանի կողմից տուգանվել է:
Հավելենք, որ քաղաքապետարան-շուկայի տնօրինություն հակամարտությունից տուժում են իջեւանցիները:
Տավուշ