«ՆԱԽ՝ ՔԵԶ ՉԽԱԲԵՍ, ՀԵՏՈ ԷԼ՝ ՄՆԱՑԱԾԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ առաջ ռեժիսոր ՍՅՈՄԱ ԿՈԴԱԲԱՇՅԱՆԻ աշխատանքները մեծ պահանջարկ ունեին, սակայն բոլորի համար անսպասելիորեն նա «անհետացավ»: Երկարատեւ լռությունից հետո ռեժիսորը կրկին վերադարձել է`ներկայացնելով Արամեի «Մայրիկ» տեսահոլովակը: Իսկ թե որն էր դադարի պատճառը, ու ինչով էր զբաղված Սյոման այս տարիների ընթացքում, կպարզեք «Ժողովուրդ»-ի հետ զրույցի ընթացքում:

-Ո՞րն էր Ձեր անհետացման պատճառը:
-Անձնական հարցեր կային, երեւի Աստծո կամքն էլ կար դրա մեջ: Հետո էլ ինձ հանգիստ էր պետք: Ինչպես սպունգը քամվում ու դատարկվում է, ժամանակ է պետք այն նորից լցվելու համար:
-Չորս տարին մի քիչ շա՞տ չէր լռության համար:
-Դա էլ ինձանից կախված չէր, հատուկ ժամկետ չէի սահմանել, պարզապես պետք է գար այն ժամանակը, որ արդեն ուզում եմ ու պատրաստ եմ:
-Ինչո՞վ եք զբաղվել այս տարիների ընթացքում:
-Մասնագիտական ոչ մի աշխատանքով, տարբեր երկրներ եմ գնացել, ուղղակի հանգստացել եմ: Բայց հիմա վերադարձել եմ ու գաղափարներ ունեմ, որ ուզում եմ իրականացնել: Չնայած վերջին մեկ տարվա ընթացքում վախ կար՝ արդյոք կարող եմ: Այս նոր տեսահոլովակն էլ նկարելիս ինձ մոտ տպավորություն էր, թե առաջին անգամ եմ գործ անում: Հետո էլ ես երկար ժամանակ չեմ հետեւել հայկական շուկայում տեղի ունեցող անցուդարձին, նույնիսկ չգիտեմ՝ ով ինչ է նկարում:  
-Լավ չէ, որ չեք հետեւել, բա որ մի բան նկարեք, ու պարզվի, որ նմանատիպ տեսահոլովակ արդեն կա՞:
-Չի կարող նման բան լինել: Ես երբեք չեմ հավատա, որ միամիտ նկարեցին, ու նույնը եղավ:
-Իսկ ֆիլմ նկարելու մտադրություն չունե՞ք:
-Ցանկություն կա, բայց իմ մեջ շատ մեծ անվստահություն կա, երեւի դա էլ ժամանակին կանցնի: Այն ֆիլմը, որ ես կուզեի նկարել, հետաքրքիր չի լինի կոմերցիոն առումով կամ մեծ քանակի հանդիսատեսին: Կոմեդիա, բոեւիկ ու նման ֆիլմերի մեջ չեմ կարող մտնել:
-Ենթադրում եմ, որ սերիալ էլ չեք ցանկանա նկարել:
-Երբեք: Ես, իհարկե, չեմ մեղադրում մարդկանց, որ նկարում են, որովհետեւ ես չեմ հասել այն վիճակին, որ ֆինանսական առումով ունենամ պատասխանատվության զգացում ընտանիքի, երեխայի, կնոջ առաջ: Ես հասկանում եմ այն մարդկանց, որ նկարվում են սերիալներում, ու նաեւ նրանց, ովքեր նկարում են այդ սերիալները, որովհետեւ նրանք գումար են վաստակում: Գուցե նաեւ ինձ էլ պետք լինի, ես էլ նկարեմ, բայց այս պահին դեռ կարող եմ ամեն ինչ չնկարել ու ամեն ինչին չհամաձայնել:
-Պատահե՞լ են դեպքեր, երբ մերժել եք տեսահոլովակ նկարել:
-Շատ-շատ է եղել, երբ երգը չեմ հավանել: Ու եթե մի բանն իմը չէ, ես չեմ պատրաստվում խաբել մարդկանց: Եղել են առաջարկներ ռեփերներից, բայց քանի որ այդ երաժշտությունն     իմը չէ, ես չեմ զգում դա այնպես, ոնց որ կզգային մյուս ռեժիսորները, հրաժարվել եմ: Եղել է առաջարկ Երեւան նկարելու, բայց ես ինձ այդ հաճույքը թույլ չեմ տվել, որովհետեւ ես Երեւան քաղաքի ծնունդ չեմ, ու այն ռեժիսորները, որ այստեղ ծնվել մեծացել են, հաստատ ավելի լավ կնկարեն:
-Համամի՞տ եք այն կարծիքին, որ լավ աշխատանք ստեղծելու համար շատ գումար է հարկավոր:
-Ֆինանսը չէ, որ հարցեր է լուծում, երբեմն տեսնում ես, որ տեսահոլովակի վրա մեծ գումարներ են ծախսվել, բայց լավ չի ստացվել: Ամեն ռեժիսորի խնդիրն է իր աշխատանքով չխանգարել երգին: Մեկ-մեկ այնքան բարդ ու խուճուճ տեսահոլովակներ են նկարում, որ այդ երգն անցնում է երկրորդ-երրորդ պլան: Ինձ համար միշտ չափանիշ է եղել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» տեսահոլովակը: Ցանկացած մարդ կարող է հասկանալ, որ գլոբալ ծախս արված չէ, բայց միտքն արդեն բավական է, որ դառնա շեդեվր: Երբ ռեժիսորներն ասում են՝ շատ գումար լիներ, լավ կլիպ կնկարեի, ես օրինակ եմ բերում այդ տեսահոլովակը, որ ուսից է նկարած, ոչ շատ պրոֆեսիոնալ կամերայով, բայց գտնված են Արարատի սիմվոլները: Շատ-շատ եմ սիրում այդ տեսահոլովակը:
Վերջերս մի հայ ռեժիսորի խոսք լսեցի, թե հնարավոր չէ Հայաստանում տեսահոլովակ նկարել, որը «թխած» չէ: Ես կհակառակվեմ նրան, քանի որ մենք շատ լավ գործեր ունենք, որ ոչ մի տեղից «թխած» չեն: Հայավարի է փնովելը: Երբ Հրաչ Քեշիշյանի «Մայրիկ» տեսահոլովակը դուրս եկավ, ես ասացի՝ եթե սա նկարված լիներ դրսում, միանգամից հիթ կդառնար, բայց, միեւնույն է, խոսեցին: Պետք չէ մտածել՝ ով ինչ կխոսի, որովհետեւ, ցանկացած դեպքում, այն մարդիկ, որ պլանավորել են վատը խոսել, միեւնույն է, խոսելու են: Դու քո խղճի առաջ պետք է հանգիստ լինես, որ նախ՝ քեզ չես խաբում, հետո էլ՝ մնացածին:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս