ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին ինքնասպանություն է գործել 64-ամյա հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը: Վաղարշյան փողոցի իր բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերվել է գրողի դին: Պարզվում է՝ վերջերս արձակագրի մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ խորացված վիճակում: Նա ինքնասպանությունը գործել է հրազենի կիրառմամբ: Գրասեղանի վրա հայտնաբերվել է նաեւ նամակ, որում Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, թե շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել. «Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:
Նշենք, որ հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել է 1949թ. ապրիլի 2-ին Երեւանում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր:
1979-81թթ. աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ. «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է եղել, 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից` ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:
Իսրայելյանը հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն):




Լրահոս