ՀՐԴԵՀ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՐԱԿԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը, երեկ` հունիսի 19-ի կեսգիշերին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում:
Դա մշակույթի նախարարության տեղեկատվությունն է: Սակայն արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ հրդեհ է բռնկվել հենց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Ավելին, ԱԻՆ-ը մանրամասնել է. «Հունիսի 19-ին` ժամը 00:00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ չորս մարտական հաշվարկ: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է, եւ կանխվել է հրդեհի բռնկումը: Հրդեհը մեկուսացվել է 00:16-ին, մարվել՝ 00:34-ին: Տեղեկացնում ենք նաեւ, որ մարդկային եւ նյութական վնասներ չկան: Այս պահին ճշտվում են վթարի պատճառները»:
«Ժողովուրդ»-ը մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառման վերաբերյալ զրուցել էր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ եւ տեղեկացել, որ հունիսի 1-ից տուն-թանգարանը չի աշխատի, քանի որ այնտեղ ընթանալու են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ: Եվ, ինչպես այս անգամ տեղեկանում ենք մշակույթի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, «մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխված են եւ գտնվում են ապահով վայրում»: Հույս ունենանք, որ իրոք ամեն ինչ այնպես է, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ:
Ցավոք, «Ժողովուրդ»-ին այս անգամ չհաջողվեց կապվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ, որպեսզի ճշտեինք մանրամասները:  

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս