ԽԱՐԴԱԽ ԿՆՈՋԸ՝ 3 ՏԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Հաճն քաղաքի թիվ 1 հանրակացարանի բնակչուհի, 1965թ. ծնված Եվգենյա Կարախանովային մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2012թ. օգոստոսի սկզբին, նախնական հանցավոր համաձայնության գալով Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակիչ Վովա Սարգսյանի հետ, Իջեւան քաղաքում խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայան ավանի բնակիչ Համլետ Փիրումյանից հափշտակել է 870 հազար դրամ: Դրանից հետո Կարախանովան Վ. Սարգսյանի հետ վերավաճառելու եւ գումարը հափշտակելու նպատակով Իջեւան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանից հափշտակել է 2 միլիոն 275 հազար դրամ արժողությամբ ոսկե զարդեր: Կարախանովան, Վ. Սարգսյանի հետ հանցավոր համաձայնության գալով, նույն կերպ Իջեւանի բնակչուհի Զարինե Սարհատյանից հափշտակել է 899 հազար դրամի արծաթե զարդեր, Իջեւանի բնակիչ Տիգրան Պապյանից՝ 150 հազար դրամ արժեքով ոսկե շղթա, իջեւանցի Սեդա Աբազյանից՝ 84 հազար դրամ արժողությամբ տարբեր հագուստներ:
Ե. Կարախանովան նախկինում դատված չէ, այժմ կալանավորված է: Դատարանը վճռել է ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատաքննության ընթացքում նա իրեն մեղավոր չի ճանաչել: Ցուցմունք է տվել, որ Վ. Սարգսյանի հետ շուրջ 4 տարի գտնվել է ամուսնական փոխհարաբերությունների մեջ: Փախստականի կարգավիճակ ստանալու կապակցությամբ 2012թ. մայիսին ինքն եւ ամուսինն Ուկրաինայից վերադարձել են Հայաստան, օգոստոսին վարձակալական հիմունքներով ապրել Իջեւանում: Կարախանովան դատարանում հայտնել է, որ այդ ընթացքում ծանոթացել են գործով տուժողներ Փիրումյանի, Սարհատյանի, Աբազյանի, Ղուշչյանի, Խաչատրյանի հետ, որ ինչպես տուժողները, այնպես էլ ինքը վստահել, հավատացել են Վ. Սարգսյանին, դրա համար էլ ինքը մասնակցել է տուժողներից գումար եւ զարդեր վերցնելուն: Իսկ երբ ամուսինն իրեն առաջարկել է Իջեւանից գնալ, հասկացել է, որ նա խաբել է բոլորին եւ մտադիր չէ գումարները վերադարձնել: Կարախանովայի վկայությամբ՝ ինքն ու ամուսինն Իջեւանից մեկնել են Երեւան, որպեսզի տուն վարձեն եւ բնակվեն, սակայն նա իրեն թողել է երկաթուղային կայարանում ու հեռացել: Հունիսի 11-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ե. Կարախանովային մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված երեք, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված երկու հանցագործությունների կատարման մեջ եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս