ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանի նախկին Բաշքենդ գյուղի հունական եկեղեցին 19-րդ դարի կառույց է: Տանիքը մասամբ քանդվել է, պատերի մի մասը՝ ճաքճքել. ժամանակն իրենն արել է, բայց մյուս կողմից էլ սողանքներն են թուլացրել  եկեղեցու հիմքերը: Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունը քայլեր է ձեռնարկում եկեղեցին «տեղափոխելու» համար, բայց պարզվում է` այս պահին պետք է պայքարել ոչ թե բնության, այլ մարդկության դեմ: Նոյեմբերին ծառայությունում ահազանգ են ստացել, որ եկեղեցու մուտքի արձանագիր քարը կոտրել եւ դեն են գցել. «Գնացել եւ տեսել ենք. իրոք, քարը կոտրված է 2 մեծ եւ 3 փոքր բեկորների, որոնք ապահովության համար ծառայություն  տեղափոխեցինք: Իսկ դեպքի մասին տեղեկացրել ենք Սյունիքի դատախազություն»,- ասում է Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը:Դատախազությունում արձագանքել էին գրությանը. փաստերը ճշտելուց եւ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելուց հետո գործին ընթացք կտրվի: Աստղիկ Հակոբյանի խոսքերով մինչ օրս ոչինչ հայտնի չէ, ենթադրություններ անել էլ դժվարանում են: Հեռավոր թաղամաս Կավարտում, որի տարածքում այժմ գտնվում է եկեղեցին, նույնպես անտեղյակ են միջադեպից. «Լսել եմ, որ հունական եկեղեցին պիտի տեղափոխեին, բայց թե ով է կոտրել արձանագիր քարը, խաբար չեմ»,- ասում է Բորիկ պապը: Մարզում շատ են վտանգված հուշարձանները: Դրանց թիվը հասնում է 3 տասնյակի: Առավել վտանգվածների ցուցակում են ընդգրկվել  Շիկահող գյուղի ս. Ստեփանոս եկեղեցին, Գորիսում՝ ս. Հռիփսիմեն, Քարաշենում՝ ս. Գեւորգը, եւ այսպես կարելի է անսպառ թվարկել: Դրանց պահպանման հարցը հրատապ է  դառնում  հատկապես ձմռանը, նաեւ խոնավ եղանակներին: «Եկեղեցիների հիմնական մասը տանիք չունի, իսկ ձնհալքն ու  անձրեւները էլ ավելի են քայքայում դրանք: Սակայն նորոգելու միջոցներ դեռ չունենք,- նշում է Աստղիկ Հակոբյանը եւ ավելացնում,-  մյուս կողմից, սակայն, հուսադրող է այն փաստը, որ տարեցտարի շատանում են  հուշարձանների վերականգնման ու կառուցման ծրագրերը»: Ի դեպ, Քաջարան գյուղում նոյեմբերից սկսվել են ս. Հակոբ եկեղեցու նորոգման աշխատանքները: Մելինե Մարտիրոսյան Կապան




Լրահոս