ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԿՈՒՄ ԿԼԻՆԻ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին արտաքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մնացել է նույնը՝ 2.1 մլրդ դոլար: Փոխարենը, սակայն, նվազել են մայիս ամսվա ցուցանիշները. 2012թ. մայիսի համեմատ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է մոտ 9 տոկոսով. ընդ որում, 13.1 տոկոսով նվազել են արտահանման, 7.6 տոկոսով` ներկրման ծավալները: Սրանք, թերեւս, մտահոգիչ տվյալներ են: «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում մասնագետները պնդեցին, որ առաջիկայում անկումը շարունակվելու է:

ՍՈՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ
Սերժ Սարգսյանը Լեհաստան կատարած այցի ժամանակ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ հանդիպմանը հայտարարել է. «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Լեհաստանի արձանագրած տնտեսական աճը, հիրավի, տպավորիչ է եւ ուսանելի»: Իհարկե, Ս. Սարգսյանը միանգամայն ճիշտ է, երբ ուսանելի է համարում Լեհաստանի օրինակը: Միայն թե, նույն Լեհաստանում ընտրություններն անցնում են ազատ, արդար եւ ժողովրդավարական պայմաններում, նույն Լեհաստանում տնտեսական ձախողումներ գրանցած անձին պաշտոնանկ են անում, այլ ոչ թե կրկին կարգում վարչապետ եւ այսպես շարունակ: Այնպես որ, այդ երկրում ուսանելի շատ բաներ կան: Մնում է` այդ ամենը ոչ միայն ուսանել տեսականորեն, այլեւ իրագործել:

ՏԱՐՈՆԸ ՆԱԽԱՏԵԼ Է
Հունիսի 22-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի եւ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջեւ: Գրել էինք, որ ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան է թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Ա. Պապայանն ապտակել է Ա. Ամյանին: Մեր տեղեկություններով՝ նախօրեին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց հետ առանձնազրույց է ունեցել ու նախատել, որ իրենց նման բան են թույլ տվել: Սակայն քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իր սովորության համաձայն, հերքեց, որ իրականում նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոչընդոտել էր լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքը:




Լրահոս