ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ՇԱՐԼՈԹ» ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՊԱՐՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սարալանջի եւ Չարենցի փողոցների հատման մասում ծեծի է ենթարկվել «Շարլոթ» գիշերային ակումբի պարող 33-ամյա Արմեն Մխիթարյանը: Ըստ ծեծված երիտասարդի մոր` իր որդին տուժել է բարության համար:
Ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն` ժամը 02:00-ին Արմենը վերոնշյալ տարածքում հայտնաբերվել է գետնին ընկած: Պարզվում է՝ անհայտ անձինք վիճաբանել են Արմենի հետ եւ ծեծի ենթարկել նրան: Հարձակվողներից ազատվելու նպատակով Արմենն իրեն պատկանող «Վալտեր» տեսակի գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել: Միջադեպի արդյունքում Արաբկիր վարչական շրջանում բնակվող, մեկ երեխայի հայր Արմենը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինչո՞ւ է դաժան ծեծի ենթարկվել «Շարլոթ» գիշերային ակումբի պարողը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «Էրեբունի» ԲԿ: Տեղեկացանք, որ Արմենը գտնվում է նյարդաբանական եւ նեյրովիրաբուժական բաժանմունքում: Նկատեցինք, որ նրա հիվանդասենյակի մոտ հավաքված էին հարազատները՝ մայրը` Լաուրա Մարտիրոսյանը, կինը` Լիլիթը, եղբայրը՝ Ժորան, եւ այլք:
Լաուրա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց դեպքից որոշ մանրամասներ. «Տղաս արդեն 3 տարի է՝ աշխատում է «Շարլոթ» գիշերային ակումբում: Գիշերը ուշ ժամի իր մեքենայով իր աշակերտուհուն` Թամարային, որոշել է տանել տուն, սակայն ճանապարհին նկատել է մի մեքենա՝ լույսերը վառված ու անսարք վիճակում կանգնած»:
Ըստ մոր` տղան շատ խղճով է գտնվել ու կանգնեցնելով իր մեքենան՝ փորձել է օգնություն առաջարկել անսարք վիճակում գտնվող մեքենայի վարորդին. «Տղաս հարցրել է, թե ինչ խնդիր կա՝ մեքենայի հետ կապված: Անսարք մեքենայի վարորդն էլ ասել է, թե մեքենայի բենզինն է վերջացել: Ու քանի որ Արմենի մեքենան գազով է, բայց նա ցանկացել է օգնել կանգնած մեքենայի վարորդին, գնացել է բենզալցակայան, բենզին է գնել: Երբ վերադարձել է, տեսել է, որ անսարք վիճակում գտնվող մեքենայի մեջ մարդ չկա: Հենց այդ պահին տղայիս վրա են հարձակվել մի 6-7 հոգի ու սկսել փայտերով, դուբինկաներով ծեծել: Թե ինչու, մենք էլ չգիտենք»:
Տիկին Լաուրայի կարծիքով` իր տղային ծեծի ենթարկողները միգուցե կոնֆլիկտ են ունեցել անսարք վիճակում գտնվող մեքենայի վարորդի հետ, եւ արդյունքում տուժել է իր տղան. «Տղաս ասում է, թե ինքը ոչ մի կապ չունի իրեն ծեծի ենթարկողների հետ, ու, առհասարակ, այսքան ժամանակ իմ տղան ոչ մի խնդիր, կոնֆլիկտ չի ունեցել ոչ ոքի հետ: Իր համար հանգիստ աշխատել է: Միակ խնդիրն այն է, որ տղաս մշտապես Պռոշյան փողոցով է տուն եկել, իսկ այս անգամ չգիտես ինչ սատանա էր մտել մեջը՝ Սարալանջի եւ Չարենցի փողոցների հատման մասով է եկել»:
Արդյո՞ք կռիվը միջադեպին ներկա աշակերտուհի Թամարայի պատճառով չի եղել: Փորձեցինք Արմենի եղբորից` Ժորայից, հետաքրքրվել: «Չէ՛, նման բան չի կարող լինել, նման խնդիր չկա, այս ամենը պատահականության արդյունքում է եղել: Եղբայրս ոչ մի թշնամի կամ որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չունի: Նա արդեն երեք տարի է՝ աշխատում է այդ գիշերային ակումբում եւ նորմալ աշխատանքային օրը վերջացրել ու տուն է եկել»,-ասաց նա:
Ժորայի պարզաբանմամբ` իրեն անձամբ զանգահարել է իր եղբայրը եւ տեղյակ պահել, որ իր հետ նման բան է տեղի ունեցել. «Եղբորս ծեծի ենթարկողները եղել են առանց մեքենայի ու ծեծելուց հետո հեռացել են: Այդ ժամանակ հայտնվել են անսարք մեքենայի տերերը, ապա նաեւ՝ ոստիկանությունը: Ընդամենն այդքան բան»: Ժորայի խոսքով` կատարվածի շուրջ ինքը նաեւ զրուցել է եղբոր աշակերտուհու` Թամարայի հետ, եւ աղջիկը պատմել է այն, ինչը  ներկայացվեց վերեւում:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս