ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ՀՈԳԱՏԱՐ ԵՎ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դասվում է բարձր վարձատրվող դերասանուհիների շարքին: Նա խաղում է «Արմենիա» հեռուստաընկերության համարյա բոլոր ռեյտինգային սերիալներում եւ ժամանակի մեծ մասն անցկացնում է նկարահանման հրապարակում:  Ո՞վ է այդ դեպքում զբաղվում նրա տան գործերով, խնամում բալիկին կամ գնումներ կատարում: Ինչպես նշեց դերասանուհին, ինքը գնումներ հազվադեպ է կատարում, որովհետեւ  շատ զբաղված է: Այդ հարցում նրան օգնում է ամուսինը: Չնայած այն փաստին, որ Լուիզան իրեն կարող է թույլ տալ ունենալ նաեւ տան աշխատող, այնուամենայնիվ, նա հրաժարվում է այդ մտքից: «Ես ունեմ մայր, որն ինձ շատ է օգնում է: Նա շատ լավ տատիկ է եւ  շատ լավ զոքանչ:  Իմ բախտը այնքանով է բերել, որ նա իմ կողքին է, եւ համարյա բոլոր գործերը նա է անում», – պատմեց դերասանուհին: Պարզվեց, որ Լուիզան տեղյակ է նաեւ թանկացումներից, չնայած նրան, որ ինքն անձամբ այդքան էլ հաճախ առեւտուր չի անում. «Եթե ես չեմ գնում շուկա, դա չի նշանակում, որ ես ինֆորմացիա չունեմ եւ չեմ տեսնում, որ ամեն ինչ, ցավոք, թանկացել է»:Դերասանուհին անկեղծ ասաց, որ ճգնաժամն այդքան էլ չի ազդել իր ամենօրյա կատարվող գնումների, մթերքի եւ սննդակարգի վրա,  ինքն անձամբ դա չի զգացել: Բայց հավելեց. «Եթե, օրինակ, վերանորոգման մեջ լինեի կամ որոշեի մեքենա գնել, մեծ ծախսերի դեպքում թանկությունը կզգայի սեփական կաշվիս վրա:  Աստված չտա, որ իրենց քրտինքով աշխատող մարդիկ չկարողանան հոգալ իրենց ընտանիքի ծախսերը»: Լուիզան գերադասում է գնումներ կատարել միայն մարկետներից. «Մարկետներից գնում եմ ոչ թե այն պատճառով, որ դա համարում եմ քաղքենիություն, այլ այն համոզմամբ, որ այնտեղ ավելի թարմ է, որակյալ ու հիգիենիկ: Գիտեք, եթե անկեղծ լինեմ, փողոցային առեւտուրը փչացնում էր մեր քաղաքի արտաքին տեսքը, բոլորովին գեղեցիկ չէր, որ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հարակից շրջանում մաղադանոս էին վաճառում: Դա տգեղ է, առանց մեկնաբանությունների: Էլ չեմ ասում, որ մարդիկ էլ այդ ցրտին երկու մուշտակ էին հագնում, լավաշները փռում գետնին, իսկ 2 մետր այն կողմ կարող էին վաճառել Շեքսպիրի հատորները: Դա ուղղակի աբսուրդ էր, ոնց որ ինչ-որ կինոյից մի հատ միստիկ տեսարան լիներ: Բայց այն պահը, որ մարդիկ մնացին անաշխատանք, իհարկե, շատ վատ է: Կարծում եմ` ժամանակի ընթացքում նրանց կտրվեն տեղեր շուկաներում կամ փակ մարկետներում, որտեղ այդ մարդիկ կկարողանան համապատասխան գներով տարածք վարձակալել»,-կարծիք հայտնեց դերասանուհին: Լուիզան իրեն համարում է միջին խավի իսկական ներկայացուցիչ, որի ամենամեծ խնդիրն իր երեխայի վաղվա օրն է. «Ես չեմ ուզում երկրից գնալ, բայց մեր երկրի վաղվա օրն ինձ լուրջ անհանգստացնում է: Հայ կնոջ համար միշտ էլ դժվար ժամանակներ եղել են, էնպես չի, որ միայն հիմա է դժվար: Վստահ եմ, որ հայ կինը շատ ուժեղ է, եւ ոնց էլ լինի, իր այսօրվա օրը նա մի կերպ կապահովի, բայց երեխայինը…»:Լուիզան միշտ շատ խնամված ու շքեղ տեսքով է հայտնվում ցանկացած միջոցառման: Հետաքրքիր էր պարզել, թե որքան գումար է հարկավոր իրեն այդպիսի  տեսք ունենալու համար: Այս հարցին Լուիզան պատասխանեց հետեւյալ կերպ. «Հավատացե՛ք իմ խոսքին եւ իմ փորձին` գեղեցիկ տեսք ունենալու համար շատ գումար պետք չէ: Ա՛յ, շքեղ տեսք ունենալու համար գումարն անհրաժեշտ պայման է: Գոյություն ունի ճաշակ, որտեղ, ինչ ներկայացնելու չափանիշներ: Ես կարող եմ մատնացույց անել կանանց, որոնց հագուկապը 2000-3000 դոլարից ավել է, բայց նրանք շքեղ տեսք չունեն, եւ հակառակը»:Ամեն անգամ էկրանին տեսնելով դերասանուհու գեղեցիկ դիմահարդարումն ու սանրվածքները` քչերը կարող են իմանալ, որ նրա տեսքի համար պատասխանատու է տվյալ նախագիծը.«Եթե ամենօրյա վարսահարդարման մասին է խոսքը, ապա դրա համար կպահանջվի 3000 դրամ, իսկ եթե երեկոյան կամ ավելի ներկայացուցչական սանրվածք է հարկավոր` 3 անգամ ավելի շատ: Նույնը կարող եմ ասել դիմահարդարման մասին: Եթե մենք հրավիրված ենք ինչ-որ երեկույթի, որտեղ չկան տեսախցիկներ, եւ ես ուղղակի Լուիզն եմ, չեմ անում պրոֆեսիոնալ դիմահարդարում, հավատացե՛ք: Ես գերադասում եմ չանել make up, օգտագործել ավելի շատ խնամքի, քան կոսմետիկ միջոցներ»:Լուիզան հետեւում է նաեւ իր առողջությանը: Շաբաթը 3 անգամ գնում է լողավազան, դա իր մոտ, կարծես, դարձել է ապրելակերպ:  Իսկ այն հարցին, թե ինչ է հարկավոր կնոջն իրեն երջանիկ զգալու համար, Լուիզան առանց երկար մտածելու պատասխանեց. «Հոգատար եւ սիրող տղամարդ»:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս