ՆԱԽԿԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲՈՄԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի տարբեր փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մեծահասակ մի մարդու, որը չունի ընտանիք, տուն, իսկ իրեն համարում է ազատ մարդ, որը կարող է ապրել այնպես, ինչպես իր սիրտն է թելադրում: Նախկինում  պատմության ուսուցիչ, իսկ ներկայումս անտուն  պարոն Բաբկենը «Ժողովուրդ»-ի հետ խոսեց առանց երկմտելու`  նշելով, որ ինքը չի ապրում, այլ պայքարում է կյանքի դեմ, օրվա «մթերքն» էլ «վաստակում է» աղբանոցներից: «Ժողովուդ»-ը նրան հանդիպեց «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքում: Բայց պարոն Բաբկենը ոչ բոլոր օրերին է այդտեղ լինում. նա  շրջում է Երեւանի տարբեր փողոցներով:  67-ամյա Բաբկենն այլեւս ոչ մի բանից չի բողոքում. «Ասենք` բողոքեցի, դրանից ի՞նչ օգուտ: Էս 4 տարի ա՝ փողոցում եմ ապրում` քնում, զարթնում, ուտում եմ այգիներում կամ մայթերի վրա,  ի՞նչ ասեմ, հարմարվել եմ էս ամեն ինչի հետ: Տուն էլ եմ ունեցել,  ընտանիք էլ, ժամանակին էստեղի դպրոցներում պատմության ուսուցիչ եմ աշխատել, դե ստացվեց էսպես, ու ես սկսեցի ապրել բոմժի կյանքով»: Բաբկենն ինքն իրեն բոմժ է անվանում. «Բոմժ եմ, բա ի՞նչ եմ: Որ աղբանոցներից եմ ուտելիք հավաքում, բա ի՞նչ եմ, որ բոմժ  չեմ»: Բաբկենն ասաց, որ հոգնել է իր պատմությունը պատմելուց, չի ցանկանում այլեւս հիշել իր հետ կատարվածը. «Ժամանակին լավ մարդ եմ եղել, օգնել եմ, ում կարողացել եմ, բայց հիմա էդ մարդիկ ինձ անգամ չեն էլ հիշում, իմ լավ ընգերներից շատերին փողոցում հանդիպել եմ, տեսել են` ինչ վիճակում եմ, մի անգամ չեն առաջարկել իրենց օգնությունը, գոնե օգնեին` մի գործ ճարեմ, աշխատեմ: Էլ ի՞նչ կարող եմ պահանջել անծանոթներից, իմ էրեխեքն են ինձնից հրաժարվել, ուր մնաց` ուրիշ մեկն ուզենա ինձ օգնել»: Ուտելիք Բաբկենը փնտրում է ամեն տեղ, հատկապես` շուկաներին մերձ աղբանոցներում, բնակելի շենքերի աղբատարներում, ստորգետնյա անցումներում. «Էնտեղ, որտեղ կարելի ա հայթայթել ուտելիք, շշեր, կոշիկ, հին շոր, մեկ էլ մի տաք տեղ եմ գտնում, որտեղ կարելի կլինի էս ցրտին քնել»,-իր դառը կենցաղի մասին այսպես պատմեց փողոցի «բնակիչը»: 67-ամյա Բաբկենն իր փողոցային կյանքում երբեմն նաեւ ականատես է լինում տարբեր հանցագործությունների. «Հա՛, կարամ ասեմ, որ փողոցներում, ապրելով գիտեմ, որ շատ գողություններ են անում էտ փողոցի լակոտ-լուկուտը: Մի անգամ  մի կնոջից ուզում էին սումկեն գողանան, ես բռնեցի, էդ տղուց վերցրի, տվի էդ կնոջը: Ես կյանքում գողություն չեմ արել ու չեմ էլ անի»,-«Ժողովուրդ»-ին վստահեցրեց Բաբկենը: Աղբանոցներում իր «ապրուստը» հայթայթող մեծահասակ մարդը ոչ մեկից  ոչ մի ակնկալիք չունի: Նա  վստահ է, որ օրերից մի օր իրեն մահացած կգտնեն փողոցներից մեկում` աղբանոցներից մեկի կողքին. «Է, ի՞նչ ակնկալեմ, ոչ մի բան: Մի օր էլ  մեռած կգտնեն, ես էլ էս ամեն ինչից կպրծնեմ, էս ա իմ ուզածը, ինչի համար եմ ապրում` ես էլ չգիտեմ»: Պարոն Բաբկենը հրաժարվեց իրեն լուսանկարելուց. «Ամոթ ա, ժամանակին ուսուցիչ մարդ եմ եղել, չեմ ուզի, որ ինձ էս վիճակում որեւէ մեկը տեսնի»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս