ԹԱՔՑՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր պետական գնումների հաշվետվությունների վերաբերյալ մամուլի հրապարակումներին` հորդորելով գերատեսչությունների ղեկավարներին այդ հրապարակումներից նեղացածի դիրք չընդունել. «Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի եւ ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք… Գրում են, թող գրեն: Եթե այստեղ խնդիր չկա, մենք ինչո՞ւ պետք է նեղացածի դիրք ընդունենք»: Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ այս խորհրդակցությունից հետո. ՀՀ կառավարության e-gov.am կայքի «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից պարզապես անհետացել են գնումների վերաբերյալ պայմանագրերի պատճենները: Խոստովանենք` ավելի ամոթալի պատմություն դժվար է պատկերացնել: Փաստորեն, Ս. Սարգսյանը հրապարակային հայտարարում է մի բան, բայց գործում բոլորովին այլ կերպ: Ս. Սարգսյանն ու իր վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում են պետական կառավարման թափանցիկության մասին, նույնիսկ դրական համարում նման տեղեկատվության` համացանցում տեղադրելը, բայց երբ հերթը հասնում է իրենց գործունեության լուսաբանմանը, շատ արագ փակում են այդ տեղեկատվությունը: Սակայն շտապենք հիասթափեցնել. այդ պայմանագրերի պատճենները մեր ձեռքի տակ են, այնպես որ, «Ժողովուրդ»-ը շարունակելու է այս թեման ակտիվ պահել ու հասարակությանը պարբերաբար տեղեկացնել, թե իշխանություններն ինչպես են ծախսում ՀՀ պետական բյուջեն, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին տեղեկացրել էինք, թե նախագահականն ինչպես է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ամեն ամիս 1 մլն դրամի կոնյակ գնում կամ այդքան գումար հատկացնում ճաշկերույթների համար: Կամ նախարարները, չնայած սոցիալ-տնտեսական պայմաններին, որքան գումարներ են մսխում իրենց գործուղումների եւ «բիզնես կլաս» կարգի ավիատոմսեր գնելու համար:




Լրահոս