Ինչ խախտումներ է հայտնաբերել Վերահսկիչ պալատը գյուղատնտեսության ոլորտում. ուսումնասիրության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատն անցած տարվա մարտից մինչև այս տարվա փետրվար ստուգումներ է իրականացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում`  ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման վերաբերյալ և թերացումներ բացահայտել:

Մասնավորապես, ուսումնասիրմամբ պարզվել է, որ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունն ամբողջովին չի կատարել իր առջև դրված պարտականությունները: 2011 թվականից գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից գյուղատնտեսության ոլորտի սուբյեկտներում ընդհանրապես ստուգումներ չեն իրականացվել: Այսինքն` ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ տեսչությունը չի իրականացնում իր իսկ կանոնադրությամբ սահմանված հիմնական տեսչական գործառույթը՝ գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների և գործիքների տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների վերահսկումը: Ավելին, տեսչության կողմից ներկայումս իրականացվող գործառույթները չեն հանդիսանում տեսչական գործառույթներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ կազմված կատարողական ակտերին կից ցուցակները բացակայել են /հիմքը անասնաբույժի կողմից տրված պարզաբանումը/: Հաշվի առնելով վերոգրյալը` հնարավոր չէր պարզել կոնկրետ տնտեսվարողներին պատկանող կենդանիների նկատմամբ իրականացված միջոցառումների ճշտությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ թերացումներ ևս արձանագրվել են: Ուսումնասիրությամբ պարզվել է որ, ՀՀ կառավարության 18.08.2005 թվականի N 1344-Ն որոշմամբ հաստատված պարտադիր հավաստագրման ենթակա 10 անուն բույսերից, ՊՈԱԿ-ի կողմից հավաստագրվել է` 2014թ-ին ընդամենը 7 անուն մշակաբույս` ցորեն, գարի, պոմիդոր, վարունգ, սեխ, սոխ և ձմերուկ: 2015թ-ին շարունակվում է վարունգի, պոմիդորի, սոխի և սեխի սերմերի հավաստագրման գործընթացը, իսկ ցորենի և գարու սերմերի հավաստագրման գործընթացն ավարտվել է: Աշխատանք չի իրականացվել 2014թ-ին մնացած 3 մշակաբույսերի` եգիպտացորենի, կարտոֆիլի և կաղամբի, իսկ 2015թ-ին 4 մշակաբույսերի` եգիպտացորենի, կարտոֆիլի, կաղամբի և ձմերուկի տեսակների հավաստագրումը կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս