ԱՆՁԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառության մեջ դրված ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող համամասնական ընտրակարգի վերաբերյալ մինչ օրս ընդդիմության ներկայացուցիչները բացառապես միայն բացասական կարծիք են հայտնել:

Այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն իրենց համար ամենանախընտրելի տարբերակը պետք է առաջարկեին, կարծում ենք՝ ինքնին հասկանալի է: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները եւս, եթե իրենք իշխանություն լինեին, իրենց համար նախընտրելի տարբերակն էին առաջարկելու: Ուստի մի կողմ թողնենք այն մոտեցումը, որ եթե իշխանություններն են առաջարկել, ապա այդ համակարգը միայն իրենց կարող է ձեռնտու լինել, իսկ մյուսները դրանից տուժելու են: Եթե այս մոտեցումը հարյուր տոկոսանոց լիներ, ապա ՀՀ իշխանությունները պետք է պահպանեին գործող ընտրական համակարգը, քանի որ այն փորձված է, եւ դրա հաշվին ներկայիս իշխանությունները 18 տարի է՝ վերարտադրվում են:
Ինչպես հայտնի է՝ Աժ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով: Իշխանություններն առաջարկում են համամասնական ընտրակարգի այնպիսի մոդել, որը իր մեջ ներառում է նաեւ մեծամասնական ընտրակարգը: Այսպես, խորհրդարանում տեղերի համար պայքարող կուսակցությունները եւ դաշինքները ԿԸՀ-ին պետք է ներկայացնեն իրենց համամասնական ցուցակը, որին տրվել է «համապետական» անվանումը: Դրանից բացի՝ քաղաքական ուժերը ԿԸՀ-ին պետք է ներկայացնեն իրենց «տարածքային» ցուցակները, որոնցում նշվում է, թե հանրապետության 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում տվյալ քաղաքական ուժը ում թեկնածությունն է առաջադրում: մեկ ընտրատարածքում քաղաքական ուժը պետք է առաջադրի նվազագույնը 5 թեկնածու, բայց ոչ ավել, քան 10 հազար ընտրողի կտրվածքով մեկ թեկնածուից: Այլ կերպ ասած՝ 5-ից 20 թեկնածուների մասին է խոսքը:
Քվեարկության ժամանակ ընտրողին տրվելու է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թվով քվեաթերթիկ եւ երկու ծրար: Քվեաթերթիկներից յուրաքանչյուրը վերաբերելու է մեկ քաղաքական ուժի: Քվեաթերթիկների մի երեսին նշված է լինելու տվյալ ուժի անունը եւ համամասնական ցուցակի առաջին երեք անունները, իսկ մյուս կողմում այբենական կարգով ներկայացված են լինելու տվյալ ընտրատարածքում այդ կուսակցության կամ դաշինքի առաջադրած թեկնածուները: Ընտրողը նախընտրելով այս կամ այն քվեաթերթիկը՝ իր ձայնը մեխանիկորեն տալիս է տվյալ քաղաքական ուժին, սակայն նա կարող է քվեաթերթիկի մյուս կողմում կոնկրետ թեկնածուի դիմաց նշում կատարել: ԱԺ մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ. անցողիկ շեմը /որը կուսակցությունների դեպքում լինելու է 5, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոս/, հաղթահարած քաղաքական ուժերին հասնելիք մանդատների կեսը տրվելու է «համապետական» ցուցակի թեկնածուներին, իսկ մյուս կեսը` ընտրատարածքներում առաջադրված առավել ձայներ ստացածներին:
Այս համակարգի հետ կապված ընդդիմության կողմից նշվում է հետեւյալ խնդիրը, որ այդպիսով իշխանություններն ամեն ընտրատարածքում կարող են տեղի օլիգարխներին եւ քրեական հեղինակություններին առաջադրել եւ նրանց օգտին տրված քվեներով վերահսկել, թե ով որքանով է իր խոստումը կատարել: Այս փաստարկի խոցելիությունը կայանում է նրանում, որ ընդդիմությունը ամեն դեպքում հաջողության հասնելու մեկ ճանապարհ ունի, պետք է կարողանա օլիգարխների եւ քրեական հեղինակությունների ազդեցությունը ընտրողների վրա նվազեցնել եւ հասնել այն բանին, որ մարդիկ անտեսեն ճնշումներն ու իրենց ձայնը տան ընդդիմադիր քաղաքական ուժին: Հակառակ դեպքում կապ չունի, թե իշխանությունները ինչ համակարգով ընտրությունները կկազմակերպեն, նրանք մշտապես հնարավորություն կունենան նույն օլիգարխների եւ քրեական հեղինակությունների միջոցով ընտրողների վրա ազդել եւ մշտապես կգտնեն այն ձեւը, որով նրանք կվերահսկեն, թե ով որքանով է իր խոստումը կատարել:
Համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի խառնուրդ հանդիսացող առաջարկվող մոդելը Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների համար մեկ այլ վտանգ է պարունակում, որի մասին նրանք ուղղակի չեն կարող արտահայտվել: Բանն այն է, որ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը ձեւավորված է մեկ անձի շուրջ: Նախորդ ընտրություններում այդ գործոնը նրանց չի խանգարել: Առաջարկվող կարգով, սակայն, նրանք պարտադրված են լինելու ընտրատարածքներից յուրաքանչյուրում առնվազն հինգական թեկնածու առաջադրել: Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր կուսակցություններից շատերը 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով մեկական թեկնածու չէին կարողանում առաջադրել, իսկ այժմ նրանք պետք է միանգամից 65 հոգու առաջադրեն: Իսկ որպեսզի տվյալ թեկնածուները կուսակցությանը ձայներ ապահովեն, նրանք պետք է անհատականություններ լինեն: Այլ կերպ ասած՝ առաջարկվող համակարգը փոքր եւ միակենտրոն կուսակցություններին փաստացի ընտրություններին մասնակցելու հնարավորություն չի տալիս: Իսկ եթե անգամ մասնակցեն էլ, ապա դա կարող է ձեւական բնույթ կրել, եւ նրանց պարտությունն էլ կդառնա օբյեկտիվ պայմաններով թելադրված:
Այսինքն՝ եթե իշխանություններն անկշտություն չանեն եւ համաձայնեն բացակայող ընտրողների հարցը լուծել եւ նրանց անունները ընտրացուցակներից հանել, եթե դիտորդների, լրագրողների եւ վստահված անձանց իրավունքները չսահմանափակեն, ապա հնարավոր է նաեւ առանց ընտրակեղծարարությունների կարողանան հաջորդ խորհրդարանում մեծամասնություն ունենալ: Սակայն ՀՀ իշխանություններն ապացուցել են, որ առանց ընտրակեղծարարության իրենք ուղղակի կյանք չունեն, ուստի նրանցից փոխզիջումներ ակնկալելն իրատեսական չէ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն իրեն օգնական է նշանակել Գրիգոր Բաղդասարյանին: Տեղեկացնենք, որ վերջինս ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՊՃՀ նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի կադրերից է: Սկզբում նա Ավետիսյանի հետ աշխատել է ԿԳ նախարարությունում, ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ դաշնակցական նախարարը սկսել է կրթության համակարգ վերադարձնել հին կադրերին, որոնք, ի դեպ, մեղմ ասած, այդքան էլ ազնիվ պաշտոնյաների համարում չեն ունեցել, եւ համակարգը ժամանակին հուրախությամբ ազատվել է նրանցից:

 

ՎԱՐՁՈՎ ՔԱՐԱՆՁԱՎ
Հայաստանում վարձակալության են տրվում նաեւ պատմական նշանակության հուշարձանները: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը վարձակալության է տրամադրում Վայոց ձորի մարզի Արենի գյուղի տարածքում գտնվող, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող «Մագելան»-ի քարանձավը: Մշակույթի նախարարությունը քարանձավը վարձակալության է տրամադրում այնտեղ զբոսաշրջություն կազմակերպելու համար` առնվազն 25 տարի ժամկետով, երկարաձգման հնարավորությամբ: Նշենք, որ վարձակալման առարկայի տարեկան նվազագույն վարձավճարի չափը կազմում է 22 մլն 287 հազար դրամ, որում ներառված չեն հարկերը, տուրքերն ու գույքահարկը: Մրցույթի մասնակցելու կանխավճարի չափը 18 հազար 580 դրամ է:

 

«ԱՆՏԵՐ» ՉԵՆ ԹՈՂՆԻ
Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ում ծավալված խմորումների արդյունքում համանուն խմբակցության անդամ Վահան Բաբայանը ստիպված է հայրենի կուսակցությունից դուրս գալ, քաղաքական դաշտում սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ ՀՀ իշխանությունները նրան «անտեր» չեն թողնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախկին ԲՀԿ-ականի տվյալներն են ուսումնասիրվում: Տարբերակներից մեկով հնարավոր է՝ նրան առաջիկայում որեւէ երկրում Հայաստանի դեսպանատան քարտուղար նշանակեն: «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ Վահան Բաբայանից ճշտել դիվանագիտական աշխատանքի անցնելու մասին լուրերի իսկությունը: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անկուսակցական անդամն ասաց. «Առաջին անգամ եմ լսում նման բան: Նման նշանակումների եւ նման գործառույթների վերաբերյալ մենք չէ, որ պետք է քննարկենք: Եթե նման խոսակցություններ լինեն, կխոսենք»:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ Աթենքում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Սարգսյանը ընդգծել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների սկզբունքային դիրքորոշումների կարեւորությունը միմյանց համար զգայուն հարցերում: Այդ համատեքստում նա երախտագիտություն է հայտնել Նիկոս Վուցիսին եւ ի դեմս նրա` Հունաստանի խորհրդարանին, որը առաջիններից մեկը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ նախանցյալ տարի օրենք ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին:

 

ՌԴ-ՈՒՄ ԿՍՈՎՈՐԵՆ
Մարտի 30-ից ապրիլի 1-ը Կառավարության տանը տեղի կունենա «Կրթություն` XXI դար» ցուցահանդեսը, որի ընթացքում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը մրցութային կարգով կընտրի ավելի քան 200 դիմորդի` ՌԴ բուհերում անվճար սովորելու համար: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը երեկ հայտնել է, որ այս տարի հայաստանցի դիմորդների համար 223 անվճար տեղ է հատկացվել. «Թիվը տարեցտարի ավելանում է, ինչը չի կարող մեզ չուրախացնել: Մենք աշխատում ենք, որ տաղանդավոր մարդիկ կարողանան սովորել Ռուսաստանում եւ ստանալ լավ կրթություն»:

 

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ երեկ Թամար Կեւորկյանը նշանակվել է կառավարության ղեկավարի խորհրդական` հասարակական հիմունքներով: Նշենք, որ Կեւորկյանը սփյուռքից է, նա ՏՏ ոլորտի մասնագետ է:




Լրահոս