ԼՂ հակամարտության սրման միակ մեղավորը Թուրքիան է. Ժիրինովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Говорит Москва».ru լրատվականն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող վերջին աննախադեպ լարված իրավիճակին: Լրատվամիջոցը, մասնավորապես, նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել չճանաչված հանրապետության խաղաղ բնակիչների ուղղությամբ:

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր, նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Говорит Москва»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ուղիղ կապ է տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի վերջին փոխհամաձայնությունների և ԼՂ հակամարտության սրացման միջև:

«Նրանք (Թուրքիան) մեր կիրառած տնտեսական սանկցիաներին ի պատասխան` փորձում են մեզ ճնշել` օգտագործելով ղրիմա-թաթարական հանրությանը, ընդդեմ Հայաստանի ելույթներ ունենալով, իսկ Հայաստանը Անդրկովկասում մեր ամենահավատարիմ գործընկերն է»,- ասել է Ժիրինովսկին:

Վերջինս նաև նկատել է, որ երկու հանրապետությունների միջև կոնֆլիկտը վաղուց է առկա. «Մյուս կողմից այդ հակամարտությունը դարերի պատմություն ունի: Այդ պատճառով էլ նրանք երբեք համաձայնության չեն գա, քանի որ այնտեղ ամենուր լեռներ են, տարածքը փոքր է, բնակչությունը` քիչ: Այստեղ արտաքին միջնորդ է պետք»,- հավելել է նա:

Միջնորդի կարգավիճակում Ժիրինովսկին Ռուսաստանին է տեսնում:

«Թող Հայաստանի և Ադրբեջանի նախագահները գան Կրեմլ, երկար բանակցություններ վարեն, և, երևի թե, ինչ-որ համաձայնության կգան: Այլ կերպ նրանք ընդհանուր պայմանավորվածություն ձեռք չեն բերի: Կոնֆլիկտը պարբերաբար ավելի կսրվի, զոհեր կլինեն»:

Քաղաքական գործիչը վստահ է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դառնա Ռուսաստանի մաս կամ հանրապետության անկախության ճանաչումը:

Վերջում լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն, որ ԼՂ-ն վերադարձնել Թուրքիայի օգնությամբ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ստեղծված իրավիճակի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել. «Թուրքիան կողմ է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքները` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, պետք է ազատագրվեն»:

Ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի սահմանին Թուրքիան խոցեց ռուսական Су-24 ինքնաթիռը: Սրա հետևանքով ՌԴ երկու զինծառայող զոհվեց:




Լրահոս