ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՏԱՐՈՆԻՑ ՉԻ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «երկու ձեռքով» պաշտպանում էր ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող  Տարոն Մարգարյանին: Հենց նա շրջանառության մեջ դրեց « վերջին 20 տարվա Երեւանի ամենալավ քաղաքապետ» արտահայտությունը, որը, հայտնի չէ, ավելի շատ օգնե՞ց, թե՞ վնասեց Տ. Մարգարյանին: Ինչեւէ, նախկին շտաբի պետը, որն ամեն քայլափոխի օգտագործում էր իր ողջ ճարտասանական հմտությունը` գովերգելու համար Տ. Մարգարյանին, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի այս օրերին զարմանալիորեն  լուռ էր ու որեւէ կերպ չէր փորձում պաշտպանել քաղաքապետին: Ինչո՞ւ: Այս հարցը պարզելու նպատակով  «Ժողովուրդ»-ը զրուցեց Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, տրանսպորտի ուղեվարձի թանկացումից հետո՝ օրեր շարունակ, Ձեր իսկ գնահատմամբ «անցած 20 տարվա Երեւանի ամենալավ քաղաքապետ» Տ. Մարգարյանը հայտնվեց հանրության անխնա քննադատության թիրախում: Վերջին 20 տարիներին թերեւս չի եղել այնպիսի իրավիճակ, երբ երեւանցիներն իրենց հիասթափությունը քաղաքապետից այնքան բուռն դրսեւորեն, որքան հիմա: Եվ, որքան էլ տարօրինակ է, այս օրերին լսելի չեղավ հօգուտ քաղաքապետի Ձեր խոսքը, արդյո՞ք Դուք եւս հիասթափվել եք Տ. Մարգարյանից:
-Նախ՝ իմ արձագանքի հետ կապված ասեմ, որ գտնվում էի զորամասերում: Ուրեմն ես կարծում եմ ու համոզված եմ, որ սա այն խնդիրը չէ, որ պետք է զգացմունքային մեկնաբանություններ անել: Եվ ես մեկ անգամ եւս կարծում եմ, որ Տ. Մարգարյանն ու երեւանցիները միասին, արժանապատվորեն կարող են լուծել երեւանցիների առջեւ ծառացած խնդիրները: Կարծում եմ՝ պետք չէ շտապել ու դատողություններ անել: Տ. Մարգարյանը երեւանցիների ընտրած քաղաքապետն է, եւ ինքը երեւանցիների հետ միասին, ինչպես իմ գործընկեր Արմեն Աշոտյանն էր ասում, լեզու կգտնեն եւ շատ կառուցողական կաշխատեն:  
-Մի՞թե Ձեզ համար տեսանելի չէ, որ երեւանցիների մեծ մասը հիասթափված է նորընտիր քաղաքապետից:
-Ես Ձեր կարծիքին չեմ, քանի որ կարեւորն արդյունքն է եւ ոչ թե պրոցեսը, իսկ արդյունքը կլինի այն, որ ժողովուրդն ու քաղաքապետը կնստեն ու կքննարկեն: Տ. Մարգարյանը ընտրված քաղաքապետ է, Տ. Մարգարյանին ձայն է տվել մեր ժողովուրդը, իսկ Տ. Մարգարյանն էլ ունի լսելու ունակություն եւ իր հայտարարությամբ ցույց տվեց, որ ժողովրդի բողոքի ձայնը կարող է լսել եւ ոչ թե արհամարհել: Ու պատրաստ է մեր հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների, երիտասարդ ակտիվիստների հետ նստել եւ քննարկել բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ տրանսպորտի թանկացման հետ կապված հարցը: Հիմա Ձեզ ընդամենը խորհուրդ կտամ շտապ, էմոցիոնալ կարգի դատողություններ չանել:
-Այդուամենայնիվ, ավելի քան տասնօրյա բողոքի ալիքը եւ այդ ընթացքում Ձեր քար լռությունը դժվար է շտապ, էմոցիոնալ կարգի դատողություններ անելուց ձեռնպահ մնալու ցանկությամբ բացատրել: Ուստի համառորեն շրջանառվող տեղեկություններն առ այն, որ ՀՀԿ ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնանկ անել իրեն չարդարացրած Տ. Մարգարյանին, այդքան էլ հիմնազուրկ չեն թվում:
 -Այդ տեղեկությունները ծիծաղելի են, նման բան չկա: Ինչո՞ւ պետք է քաղաքացին հիասթափվի նրա վարած քաղաքականությունից, եթե ինքը պատրաստ է լսել մեր հասարակությանը:
-Բայց նույն Տ. Մարգարյանն ընտրություններից առաջ խաբեց ժողովրդին` հայտարարելով, թե տրանսպորտի գինը չի փոփոխվելու: Ուստի հիմա երեւանցիներն այլեւս չեն ցանկանում լսել ու հավատալ նրան…
-Նա պատրաստ է լսել մեր հասարակությանը, եւ Տ. Մարգարյանի ու մեր հասարակության միջեւ միջնորդներ պետք չեն: Որովհետեւ երեւանցին ձայն է տվել Տ. Մարգարյանին, ու Տ. Մարգարյանն էլ, երեւանցիների ձայնը լսելով, պատրաստ է քննարկել՝ ինչ խնդիր կա:
-Այժմ երեւանցիները պահանջում են, որ Տ. Մարգարյանն աշխատանքից հեռացնի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, սակայն Երեւանի քաղաքապետն ականջալուր չէ նրանց պահանջին: Ինչո՞ւ, եթե ասում եք, որ նա ժողովրդի ձայնին է «հետեւում»:
-Ողջ ժողովո՞ւրդն է պահանջում, տեսել եմ ընդամենը մի քանի մարդու, որոնք պահանջում են, մի քանի մարդ էլ կարող են այլ բան պահանջել, քաղաքապետը պետք է բոլորին լսի ու հայտնի իր որոշումը: Հիմա Տ. Մարգարյանը բոլորին կլսի ու իր որոշումը կկայացնի: Ինչո՞ւ եք շտապում: Ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ, որ ես հիասթափվե՞լ եմ… ո՛չ, ես չեմ հիասթափվել, ես գտնում եմ, որ Տ. Մարգարյանը պետք է արդարացնի այն վստահության քվեն, որն իրեն տվել են երեւանցիները: Եվ ինքն ունի բոլոր շանսերը:
-Նշվեց նաեւ, որ Տ. Մարգարյանը մի խնջույքի ժամանակ հայտարարել է, թե ինքն է հավակնում դառնալ ՀՀ նախագահ, ինչի համար էլ նրա դեմ նման ակցիաներ կազմակերպվեցին: Պատահաբար Դուք ներկա չե՞ք եղել այդ խնջույքին:
-Դրանք բուլվարային տեղեկություններ են, որոնք ես չեմ ցանկանում մեկնաբանել: Այժմ 2013 թվականն է, ու ոչ ոք չի մտածում նախագահի հարցի մասին, կա գործող նախագահ, ու մենք համախմբված ենք նրա շուրջ: Իսկ երբ կլինի 2018 թվականը… դանդա՛ղ շտապեք, օրը կգա` բարին հետը, հիմա մենք այդ հարցերը չենք քննարկում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս