Էս կռիվը գրադների, զենքերի, զինամթերքի կռիվ է, չես համեմատի 1990-ականների պատերազմի հետ. Ռուբեն Գևորգյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ է մեկնել նաեւ Երդվյալ ազատամարտիկների միությունը` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԱՄ նախագահ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) գլխավորությամբ: «Հարաբերական խաղաղություն է, երբեք չես համեմատի մինչեւ ապրիլի 4-ի վիճակի հետ, բավականին փոփոխություն կա»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Գեւորգյանը: Նա ապրիլի 2-ին գնացել էր Արցախ ԵԱՄ-ի 16 հոգանոց հրամանատարական կազմի հետ, իսկ ապրիլի 4-ի հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից հետո հրամկազմին հետ էր ուղարկել Երեւան, որ գան իրենց ջոկատները հավաքագրեն ու վերադառնան Արցախ։

16 հրամանատարներն ապրիլի 5-ին վերադարձել են Արցախ՝ 160 ազատամարտիկների հետ միասին: Դրանից բացի, Ռուբեն Գեւորգյանի փոխանցմամբ, ԵԱՄ-ի 160 անդամներ էլ տարբեր ցուցակներով որպես կամավորներ են մեկնել սահման: Պատգամավորը պատմեց, որ ԵԱՄ-ի հրամանատարական կազմը մարտերի առաջին իսկ օրերից գտնվում է Մարտակերտի դիրքերում։ «Հիմնականում Մարտակերտում ենք գտնվում, այս տարածքը ցավալի պատմական հիշողություն է ինձ համար, եղբայրս այստեղ է զոհվել, Մարտակերտն ինձ ձգում էր: Ասեմ, որ կազմակերպվածությունը պատշաճ մակարդակի վրա է, մենք այստեղ ինքնուրույն չենք, ենթարկվում ենք հրամանատարներին եւ բոլոր զինվորական օրենքներին, մեզ ուղղորդում են՝ որտեղ գնալ, ինչ անել»,-ասաց ԵԱՄ նախագահը՝ հավելելով, որ գտնվում են պայմանագրային զինծառայողների հետ միասին, ապահովված են ամեն ինչով՝ զենք, սնունդ եւ այլն, միայն լողանալու խնդիրը կա, բայց պատերազմական իրավիճակում սա երկրորդական հարց է:

Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ Արցախում կմնան այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ լինի: «Մենք ստեղ ամեն ինչից կտրված ենք, դուք լրագրող եք, տեղյակ եք, ասեք՝ ի՞նչ է կատարվում, քաղաքական դաշտում իրավիճակը ո՞նց է»,- հետաքրքրվում էր Ռուբեն Գեւորգյանը:

Մեկնաբանելով լուրերը, որ շատերը գնում են Արցախ՝ զինվորական համազգեստով նկարվելու, էկրանին երեւալու համար եւ իրականում ժամանակն անցկացնում են հյուրանոցների սենյակներում, սրճարաններում, Ռուբեն Գեւորգյանը պատմեց, որ ինքը միայն առաջին օրն է ընկերոջ տանը մնացել, մյուս օրերին եղել է դիրքերում, զորամասերում: «Էս բարձր մասերում շոուն անհնար է, ասֆալտի վրա գուցե անում են, չգիտեմ, ես հեռուստացույց, ինտերնետ չունեմ, ինֆորմացիայից կտրված եմ, մեզ մոտ նման բան չկա, բայց չեմ զարմանա, միշտ էլ տենց բաներ եղել են»:

Ի՞նչ մարտերի է մասնակցել ինքը, եւ ինչո՞վ է տարբերվում այս պատերազմը նախորդից։ «Այս անգամ մեկ այլ ձեւի մեջ էր կռիվը, դեմառդեմ դուրս չես գալիս թշնամու հետ: Ապրեն մեր երիտասարդ զինվորները, ապրի բանակը, որ նման մարտունակ երիտասարդներ ունի, թշնամու նենգաբար եւ գաղտնի հարձակումը կանգնեցվեց նրանց շնորհիվ, հաղթանակի դափնիները նրանցն են: Սա իմ կռիվը չէ, ապրիլի 4-ին մի դեպք եղավ, որ Մարտակերտում պտտվում էր անօդաչու սարք մեր գլխավերեւում, տղաներով ով ինչ զենք ուներ, կրակում էր, չէր էլ երեւում, ամպերում էր, երեւի կրակոցները հասան նպատակին, մեզանից 50 մետր հեռու ընկավ՝ Մարտակերտի վարչական շենքից հեռու գտնվող զորամասի մեջ։ Ցավոք, 2-3 հոգի վիրավորվեցին: Էս կռիվը գրադների, զենքերի, զինամթերքի կռիվ է, չես համեմատի 1990-ականների պատերազմի հետ, մեկ այլ կռիվ է»,-պատմեց ԵԱՄ նախագահը:

Ի դեպ, ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած թեժ մարտերի հետեւանքով ԵԱՄ անդամների շարքերում եւս տուժածներ կան: Մեկ զոհ ունեն, մեկ վիրավոր: Երեկ Երեւանում հուղարկավորել են ԵԱՄ անդամ Սուրեն Ճառատանյանին, որը վիրավորվել էր դիրքերում, նա մի քանի օր հիվանդանոցում կենաց-մահու կռիվ տալուց հետո մահացել էր: Իսկ վիրավորը Վահե Մելիքսեթյանն է, որի վիճակը սկզբում ծանր էր՝ Մարտակերտի հոսպիտալում նրան վիրահատել են, երիկամն են հեռացրել, լյարդի վնասվածք ուներ։ Երեք օր հետո տեղափոխել են Երեւան՝ «Էրեբունի» հիվանդանոց։ Այժմ վիճակը կայուն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս