Եթե չլիներ հայկական զինուժի գրագետ հակազդեցությունը, ականատես կլինեինք Պուտինի «չվնասելու» քաղաքականության սահմռկեցուցիչ հետևանքներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վ. Պուտինը իր ամենամյա «ուղիղ գծի» ժամանակ պատասխանել է նաեւ ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցին: «Շատ զգայուն թեմա է, եւ ինձ թվում է, որ պետք է շատ զգույշ մոտենանք այդ թեմային` առաջնորդվելով հայտնի բժշկական սկզբունքով` «մի վնասիր»: Դա վաղեմի հակամարտություն է: Այն սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։

Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռք բերվել, ցանկանում եմ ընդգծել բացառապես քաղաքական միջոցներով: Հարկավոր է գտնել փոխզիջում: Ինձ թվում էր, որ մենք մի քանի տարի առաջ մոտեցել էինք այդ փոխզիջումը գտնելուն, սակայն պարզվեց, որ, ցավոք, դա այդպես չէ»,- ասել է Պուտինը:

Թե ինչքանով եւ ինչպես Ռուսաստանը Ղարաբաղի հարցում առաջնորդվեց «մի վնասիր» բժշկական սկզբունքով` ՀՀ-ում զգացինք հատկապես վերջին օրերին, երբ ռուսական զենքից սպանվեցին տասնյակ հայ զինվորներ: Սակայն Ռուսաստանի այս քաղաքականությունը հատկապես ակտիվացել էր արդեն 2011թ-ից, երբ իր ռազմավարական դաշնակցին «չվնասելու» նպատակով ՌԴ-ը Ադրբեջանի հետ կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիր, որի շրջանակներում էլ հաջորդող 5 տարիների ընթացքում Ադրբեջանին մատակարարեց շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն, այդ թվում եւ այնպիսի զանգվածային ոչնչացման համակարգեր, որոնց մեկ հրթիռը կարող է ուղղակի ահռելի ծավալի վնասներ հասցնել:

Բարեբախտաբար, այս քառօրյա պատերազմի ընթացքում նման համակարգի` «Солнцепек»-ի միավորներից մեկը, ըստ ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկի, հայկական զինուժը ոչնչացրել է նախքան այն գործողության մեջ կմտներ: Եվ եթե չլիներ հայկական զինուժի այս գրագետ հակազդեցությունը, մենք հիմա կարող էինք ականատես լինել Պուտինի «չվնասելու» քաղաքականության սահմռկեցուցիչ հետեւանքներին:
Ընդ որում, նկատենք, որ այս գործընթացը սկսվեց հենց Պուտինի նշած փուլում, մի քանի տարի առաջ, երբ նա, իր խոսքով, կարծում էր, որ կողմերը մոտեցել են փոխզիջմանը:

Ասել է, թե երբ 2011թ. հունիսին Կազանում Ադրբեջանը տորպեդահարեց բանակցությունները, Ռուսաստանը դրանից անմիջապես հետո փոխանակ համանախագահ երկրների հետ պարտադրեր Ադրբեջանին ընդունել երկարաժամկետ խաղաղություն երաշխավորող փաստաթուղթը, փոխարենը սկսեց զինել վերջինիս:
«Ով ինչ ուզում է, թող ասի, միեւնույն է՝ Ռուսաստանը շահագրգիռ է այս հարցի լուծմամբ, քանի որ մենք ցանկանում ենք լիարժեք կերպով աշխատել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ»,- եզրափակել է Պուտինը` այդպես էլ ոչինչ չասելով՝ արդյոք պատրաստ է դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը` հարցի փոխզիջումային լուծման հնարավորությունը չվտանգելու նպատակով:

 




Լրահոս