Մրցում են ՀՀ ԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է էքստրեմալ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական, հոգեբանական զարգացման, ինչպես նաև այլ երկրների պատանի հրշեջների և փրկարարների միջև փորձի փոխանակման նպատակով:

Մասնակիցներին ողջունելու էր եկել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ով ոգևորող խոսքեր ուղղելով պատանիներին` հաջողություն մաղթեց բոլորին.
-Կամավոր-փրկարարական շարժումը մեր հանրապետությունում զարգանում է և դրա կարևոր ու հիմնական բաղադրիչներից մեկը պատանի փրկարարական խմբերի ստեղծումն է: Մեր այսօրվա հրշեջ-փրկարարներին գալիս են փոխարինելու արժանիները: Վստահ եմ, որ այստեղ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ձեզ անհրաժեշտ կլինեն նաև հետագայում:

Վ. Գաբրիելյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն հայորդիների հիշատակը, ովքեր ապրիլյան առաջին օրերին պաշտպանեցին հայրենքի սահմանները և հակառակորդին արժանի հակահարված տվեցին՝ զոհելով իրենց կյանքը: Այնուհետև ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայաստանի դրոշը և հայտարարվեց մրցաշարի հանդիսավոր բացումը:

Թիմերին սատարելու էին եկել ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Արշակյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Չնայած անձրևային եղանակին և ցածր ջերմաստիճանին` պատանիները ոգևորված էին ու պատրաստակամ հաղթահարելու բոլոր դժվարությունները, որպեսզի նվաճեն բաղձալի գավաթն ու ստանան Հայաստանը միջազգային հավաքներում ներկայացնելու իրավունք:

Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում.
• Վազք 100 մ (տղաներ)
• Վազք 60 մ (աղջիկներ)
• Մարտական հագուստի հագնում
• Ձգում կախ դրությունից (տղաներ)
• Հրում հատակից (աղջիկներ)
• Վազք 500 մ (տղաներ և աղջիկներ)
• Փոխանցումավազք 4×100 մ:

Սպորտային մրցումներից հետո ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ մրցաշարի գեղարվեստական մասի ցուցադրություն՝ «Երկրի այցեքարտի ներկայացում» և ստուգվեց մասնակիցների ռուսերեն լեզվի իմացությունը:

Մրցաշարի ընդհանուր արդյունքներով՝ պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական մարզական առաջնության առաջին տեղը գրավեց Արարատի մարզի հավաքական թիմը, իսկ Վայոց ձորի մարզի և Արագածոտնի մարզի հավաքական թիմերը զբաղեցրին համապատասխանաբար` երկրորդ և երրորդ հորիզոնականները: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվեցին դիպլոմներ, իսկ մյուս մասնակիցներին՝ հավաստագրեր:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների կողմից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ համատեղ 200 և ավելի սովորողներ ունեցող հանրակրթական դպրոցներում ստեղծվել են պատանի հրշեջ-փրկարարական 601 թիմ` 11-17 տարեկան 5365 աշակերտներով: Նշված թիմերի հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ, իսկ 2016թ. մարտ ամսին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում անցկացվել են մարզային առաջնություններ:

Հանրապետական մրցաշարից հետո կընտրվեն լավագույն արդյունքներ ցուցաբերած 15 մարզիկներ, որոնց հետ ՀՀ ԱԻՆ աշխատանքային խումբը կշարունակի անցկացնել նախապատրաստական մարզումներ` Բելառուսի Գոմել քաղաքում կայանալիք պատանի հրշեջ-փրկարարների 14-րդ միջազգային մրցաշարին մասնակցելու համար:

Ընտրված լավագույն 7 պատանիներից կազմված ՀՀ ԱԻՆ պատանեկան թիմը 2016թ. հուլիսի 7-16-ը կմեկնի Բելառուս` պատանի հրշեջ-փրկարարների 14-րդ միջազգային մրցաշարին ներկայացնելու Հայաստանը:




Լրահոս