ԿՈՎԵՐ ԵՆ ՍԱՏԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Կուրթան համայնքում կովերի անկում է գրանցվել: Նախկինում, ինչպես պնդում են գյուղացիները, Կուրթանում մեկ խոշոր եղջերավոր կենդանի կա՛մ կսատկեր, կա՛մ ոչ: Մինչդեռ, ըստ նրանց, վերջին 5-6 ամսվա ընթացքում արդեն 6 կով է սատկել: Անասնաբույժներն ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ կովերը արյունապարազիտային հիվանդություն ունեն: Բնակիչները կասկածում են, որ այս ամենի պատճառը Կուրթանի Ձորագետում գտնվող հէկ-ի գործունեությունն է:  «Ջուրը ցամաքել է, ճահիճ ու տիղմ է մնացել: Գետի տիզերը վարակվում են հոտած ջրից՝ իրենց հերթին վարակելով հարակից տարածքից սնվող կովերին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Կուրթանի բնակչուհի Մարինե Կարապետյանը: Նրա կովը եւս վարակվել է: Ու հիմա գյուղացին անելանելի դրության մեջ է. «500-հազարանոց կով է, մի տարի առաջ ենք առել, դեռ փողն էլ մինչեւ վերջ չենք տվել: Էդ յեքա անասունը պետք է դեն գցենք, գնա»:
Կուրթանում մինչ օրս սատկած 6 կովից բացի, եւս 20-ը հիվանդացել են, բայց դրանց կարողացել են բուժել: Կուրթանի համայնքապետ Մհեր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ անհրաժեշտ է կատարել լուրջ ուսումնասիրություն՝ հասկանալու համար անասունների անկման իրական պատճառը, որպեսզի գյուղացիների մեջ առկա  տարակարծությունները վերանան: Ասում են նաեւ, որ հէկ-ի ղեկավարության հետ բանակցություններից հետո հէկ-ի աշխատակիցները գետի ջրթողն ավելացրել են, եւ դրանից հետո պայմանավորվածությունները չեն խախտվում: «Ժողովուրդը չի ասում՝ հաստատ դրանից ա, ասում ա՝ մասնագե՛տ բերեք, ճշտե՛ք, տենանք՝ դրանի՞ց ա, եթե դրանից չլինի, էս մարդիկ հո գել ու գազա՞ն չեն, կհասկանան ու էլ չեն բողոքի, որ հէկ-ն աշխատացնելուց ա: Հա՛, բան չունենք ասելու, սատկելը սատկում ա, ուղղակի վերջնական որոշենք՝ ինչից են սատկում էս անասունները»,-հայտնեց նա: Որն է խոշոր եղջերավորների անկման պատճառը՝ հէկ-ը, թե մեկ այլ բան, դեռեւս հստակ չէ: «Հստակեցնելը մասնագետների գործն է»,-հայտարարեց Մհեր Գեւորգյանը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս