Օշական եվ Ոսկեվազ գյուղերում արձանագրվել են աղիքային վարակների դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արագածոտնի մարզի Օշական եւ Ոսկեվազ գյուղերում oգոստոսի 28-ին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպք։ Հիվանդները հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոնում: Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետներն այդ համայնքներում անմիջապես կազմակերպել են բակային համայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել է եւս 58 հիվանդ: Այս պահի դրությամբ նրանցից 14-ը բուժվում է Աշտարակի ԲԿ-ում, 4-ը` “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում: Մյուսների բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Հիվանդների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության: Նրանք տարիքային տարբեր խմբերից են։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիվանդության ախտանշանները բոլորի մոտ նույնն են եղել` ջերմության բարձրացում, սրտխառնոց, որովայնի ցավեր, լուծ, փսխում, նքոցներ:
Նախնական վարկածով վարակի հավանական աղբյուրը եղել է խմելու ջուրը: Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների ոչնչացման նպատակով անմիջապես կազմակերպվել են ջրի գերքլորացման աշխատանքներ:
Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ, խորհուրդ է տրվում օգտագործել միայն եռացված ջուր: Բակային համայցերը շարունակվում են, իրավիճակը վերահսկելի է:




Լրահոս