Իմ ընկերները հեռանում են, ինչպես թռչունների երամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտագաղթը Հայաստանում մտահոգիչ ծավալների է հասել, եւ այդ մասին է վկայում անգամ պաշտոնական վիճակագրությունը: Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ ԱՎԾ-ն հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից հեռացած ՀՀ քաղաքացիների թիվը` 123 հազար 303 մարդ: Այս փաստը, թերեւս, կարելի է աննախադեպ համարել. համենայնդեպս, վերջին տարիներին նման ցուցանիշ երբեւէ չէր գրանցվել, եւ վեց ամսում ՀՀ-ից հեռացածների թիվը 100 հազարի չէր հասել:
Չնայած այս հանգամանքին՝ իշխանություններն այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեցին ԱՎԾ հրապարակումներին, կարծես թե տեղի ունեցողը միանգամայն բնական երեւույթ է: Եվ ընդհանրապես, արտագաղթի թեմային իշխանություններն առաջին դեմքի մակարդակով լրջորեն խոսել են միայն երկու տարի առաջ՝ 2011թ. հուլիսին, երբ Սերժ Սարգսյանն այդ առթիվ խորհրդակցություն էր հրավիրել ու հայտարարել, թե ԱՎԾ հրապարակած տվյալները ոչ թե արտագաղթողների, այլ արտագնա աշխատանքի մեկնածների թիվն է, եւ որ տարեվերջին պատկերը կշտկվի. “Բնակչության ուղեւորափոխադրումները տարվա ընթացքում ունեն խիստ արտահայտված սեզոնային բնույթ, որը գրեթե նույնությամբ պահպանվում է վերջին տասը տարիների ընթացքում… Այսինքն՝ արձանագրված միտումները համապատասխանում են մեր այն պատկերացումներին, որ տարվա սկզբին մեր բնակչության մի հատված մեկնում է արտագնա աշխատանքի հիմնականում ԱՊՀ երկրներ եւ վերադառնում տարեվերջին”: Նա նույնիսկ նշել էր, թե ՀՀ-ից մեկնողների եւ ժամանողների բացասական տարբերությունը մշտապես առկա է եղել անկախությունից ի վեր. “2000թ. Հայաստան չի վերադարձել մոտավորապես 57 հազար մարդ, 2001-ին` 60 հազար մարդ, այնուհետ այն փոքրացել է, եւ արդեն 2004-2006թթ. գրանցվել դրական հաշվեկշիռ: Վերջին տարիների ընթացքում Հայաստան չվերադարձածների թվաքանակը կազմել է 23-29 հազար մարդ”:
Թե որքանով են իրականությանը համապատասխանում Ս. Սարգսյանի հայտարարությունները, կարելի է պարզել՝ պաշտոնական վիճակագրությունը մի փոքր խորը ուսումնասիրելով: Համենայնդեպս, փորձը ցույց է տվել, որ Ս. Սարգսյանի եւ ընդհանրապես իշխանության մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները շատ հաճախ որեւէ առնչություն չունեն իրականության հետ: Բացառություն չէ նաեւ այս դեպքը:
Եվ ուրեմն, ըստ ԱՎԾ տվյալների՝ 2012թ. Հայաստանից հեռացած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը տարեվերջին կազմել է -42 հազար 764 մարդ: Ասել է թե՝ միայն նախորդ տարի արտագաղթել է այդքան մարդ, եւ սա այն դեպքում, երբ 2012թ. Սիրիայում տեղի ունեցող հայտնի դեպքերի պատճառով հատկապես ամռանը սիրիահայերի զանգվածային ներհոսք գրանցվեց: 2011թ. ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է -43.8 հազար մարդ, 2010-ին՝ -46.7 հազար մարդ, 2009-ին՝ -25 հազար, իսկ 2008-ին՝ -23.1 հազար մարդ: Այսինքն՝ վերջին հինգ տարիներին ՀՀ-ից արտագաղթել է ավելի քան 181 հազար մարդ: Իսկ եթե սրան գումարենք այս տարվա առաջին կիսամյակի տվյալները՝ 123 հազար, ապա պատկերը էլ ավելի մտահոգիչ է դառնում: Իհարկե, տարեվերջին, հնարավոր է, այս 123 հազար քաղաքացիների մի մասը վերադառնա, բայց ոչ բոլորը՝ դատելով նախորդ տարիների միտումներից: 
Ս. Սարգսյանը ժամանակին պնդում էր՝ բնակչության ուղեւորափոխադրումներն ունեն խիստ սեզոնային բնույթ, որ տարվա սկզբին բնակչության մի հատված մեկնում է արտագնա աշխատանքի հիմնականում ԱՊՀ երկրներ եւ վերադառնում տարեվերջին: Հենց սրանով էլ նա փորձում էր հերքել արտագաղթի ահագնացող տեմպերի մասին ընդդիմության պնդումները: 
Այն, որ Հայաստանում միշտ տարածված է եղել “խոպան գնալու” երեւույթը, անհերքելի է: Բայց վերջին տարիներին, խոպանին զուգահեռ, գործ ունենք նաեւ շարունակ աճող արտագաղթի երեւույթի հետ: Այդ մասին է վկայում, օրինակ, հանրակրթական դպրոցներում աշակերտների թվի նվազումը: Եվ այսպես, 2011-2012 ուստարում առաջին դասարան է ընդունվել 36 հազար 51 երեխա, բայց հաջորդ տարի երկրորդ դասարան փոխադրվել 35 հազար 527-ը՝ 524-ով պակաս: 2007-2008 ուստարում ՀՀ-ում առաջին դասարան է ընդունվել 33 հազար 892 երեխա: Հաջորդ տարի երկրորդ դասարան է փոխադրվել 32 հազար 930-ը՝ 962-ով պակաս: Թե ուր են կորել այդ երեխաները, մնում է միայն կռահել: Բացառված է, որ մեկ տարվա ընթացքում միանգամից այդքան երեխա մահացած լինի. ԱՎԾ տվյալների համաձայն՝ այդ տարիքի մահացությունները չնչին թիվ են կազմում: Բացառվում է նաեւ միանգամից այդքան երեխայի՝ առաջին դասարանից դպրոցից “դուրս մնալու” տարբերակը: Մնում է միայն մեկ տարբերակ. եթե այդ երեխաները չեն փոխադրվել երկրորդ դասարան, ուրեմն իրենց ընտանիքների հետ պարզապես արտագաղթել են: 
Եվս մեկ կարեւոր հանգամանք. 2007-2008 ուստարում առաջին դասարան ընդունված 33 հազար 892 հոգուց 2012-2013 ուստարում վեցերորդ դասարան է փոխադրվել 31 հազար 103-ը: Այսինքն՝ միայն այդ սերնդի երեխաներից վեց տարվա ընթացքում Հայաստանը լքել է մոտ 2789-ը իրենց ընտանիքների հետ: Ընդ որում, աշակերտների “զանգվածային անհետացումը” շարունակվող երեւույթ է:
Սա, թերեւս, այն լավագույն ցուցիչներից մեկն է, որ իր հերթին գալիս է բացահայտելու ՀՀ-ում ահագնացող արտագաղթի տեմպերը: Ու հետաքրքիր է՝ այսքանից հետո Ս. Սարգսյանը շարունակելու է պնդել արտագնա աշխատանքի մեկնելու իր թեզը, թե կխոստովանի, որ իր իշխանությունը ձախողվել է ու պետք է հեռանա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ 
“Ժողովուրդ” օրաթերթ 26.08.2013 




Լրահոս