ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾԸ՝ ՀՔԾ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ: Ավելին, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ Գյումրու իր լավատեղյակ աղբյուրներից, դատախազին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել: Նկատենք, որ սա առաջին դեպքն է, երբ գործ է հարուցվում եւ մեղադրանք առաջադրվում գործող դատախազին: Քրգործի առիթը եղել է Գյումրու բնակչուհի 60-ամյա Գոհար Հովհաննիսյանի՝ ոստիկանություն ներկայացրած բողոքը: Բանն այն է, որ Գ. Հովհաննիսյանն իր տնակից կատարված գողության առթիվ հարուցված քրգործի ճակատագիրն իմանալու համար հունիսի 25-ին հանդիպել էր Կարեն Շահբազյանի հետ: Սակայն, ինչպես ԶԼՄ-ներին տեղեկացրել էր 60-ամյա կինը, դատախազը աթոռին նստելու համար վիրավորել էր իրեն եւ աշխատակիցներին հրահանգել «դուրս շպրտել» դատախազության շենքից: Դատախազի դեմ ՀՔԾ-ում քրգործ հարուցելու մասին լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, որը, սակայն, ասաց. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»: ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը, պատճառաբանելով, որ իրեն զանգահարել ենք ուշ երեկոյան՝ ոչ աշխատանքային ժամի, վկայակոչեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ու ասաց, որ հարցն ուղարկենք գրավոր:




Լրահոս