ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԷԼԻ ՍԽԱԼՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն եւ հանդիպում ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Ս. Սարգսյանը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, բարեփոխումների ընթացքն ու սենսացիոն խոստումներ տվել:
Նախ` Ս. Սարգսյանն ասել է, որ մոտակա ամիսների ընթացքում այցելելու է ՀՀ նախարարություններ ու գերատեսչություններ եւ նման հանդիպումներ է ունենալու նաեւ պետական մյուս մարմինների ղեկավար անձնակազմերի հետ:
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մեր ղեկավար կազմն անձամբ ինձնից լսի մեր երկրի զարգացման հետ կապված հարցերի պատասխանները, իմ կարծիքը, մոտեցումները քաղաքական գործընթացների եւ իմ գնահատականները՝ որոշակի իրադարձությունների մասին: Կարծում եմ՝ տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են ե՛ւ նվազագույն աշխատավարձը, ե՛ւ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի»,-նշել է նա: Ի դեպ, նույն Ս. Սարգսյանը դեռ 2008թ. իր նախընտրական ծրագրում էր խոստանում աշխատավարձերի շեշտակի բարձրացում: Նույնիսկ հստակ մատնանշել էր, թե որքան պետք է կազմի, օրինակ, քաղծառայողի աշխատավարձն իր պաշտոնավարման առաջին ժամկետի վերջում: Բայց այդ խոստումն այդպես էլ չիրականացրեց: Հիմա, թերեւս, նա մոռացել է նախորդ` անկատար խոստումները: «Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետը ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է: Կարծում եմ՝ բնական է, որ դրան ավելանալու են նաեւ տնտեսումներից գոյացող պարգեւատրումները, որոնք մշտապես կան»,-ասել է նա:
Այս ամենից տպավորություն է, թե ընտրությունները մեզանում դեռ չեն ավարտվել, ու Ս. Սարգսյանը կրկին «Ապահով Հայաստան»-ի քարոզարշավին է մասնակցում: Պատահական չէ, որ իր ելույթն էլ հենց այդ համատեքստում է եղել. «Սոցիալական փաթեթներն էլ ենք ընդլայնելու: Այսինքն՝ մենք 2018թ. պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տալիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները: Կան տարբեր ծրագրեր. օրինակ՝ քաղաքացիական ծառայողների, ընդհանրապես, պետական ծառայողների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագիր: Մոտավորապես այնպիսի ծրագրեր, ինչպիսիք հիմա իրականացնում ենք երիտասարդական տարբեր խմբերի համար: Այսինքն՝ շատ լավ, շուկայականից ավելի ցածր գներով եւ վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններ ապահովող բնակարանի տրամադրում»: Մի խոսքով, միայն խոստումներ ու խոստումներ, կրկին խոստումներ: Կապրենք, կտեսնենք:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս