«Եվրատեսիլ»-ում արժե՞ ծածանել Արցախի դրոշը` թեկուզ որակազրկման գնով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստանը պաշտոնապես նախազգուշացվել է Եվրոպական հեռարձակողների միության կողմից՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակչի ժամանակ Արցախի դրոշը ծածանելու պատճառով: Մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանը նախ «Կանաչ սենյակում» ծածանել էր Արցախի դրոշը, ապա «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը տարածել էր Իվետայի` Արցախի դրոշով լուսանկարը եւ մակագրել. «Հատուկ «ոմանց» համար…»:

Մրցույթի կիսաեզրափակչից հետո տված ասուլիսի ժամանակ էլ, պատասխանելով դրոշը ծածանելու վերաբերյալ լրագրողների հարցին, Իվետան նշել էր, որ այդ քայլին գնացել է, քանի որ ինքը եւ Հայաստանը խաղաղություն են ուզում: Այդ ամենից հետո Հայաստանի ազգային հեռարձակողին` Հանրային հեռուստատեսությանը, Եվրոպական հեռարձակողների միությունից զգուշացրել են, որ եթե եզրափակչում էլ Արցախի դրոշը ծածանվի, Հայաստանը կկանգնի որակազրկման վտանգի առջեւ՝ այս տարի եւ ապագայում: Իսկ գրանցված միջադեպի առթիվ Հայաստանի պատիժը հայտնի կդառնա մինչեւ այս տարվա հունիսը:
Այժմ հայ հանրության շրջանում բուռն քննարկումներ են ընթանում` արժե արդյոք եզրափակչի ընթացքում էլ ծածանել Արցախի դրոշը, անգամ որակազրկվելու գնով, թե ավելի լավ է նման ռիսկային քայլի չգնալ: «Ժողովուրդ»-ը նախ փորձեց մեկնաբանություն ստանալ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից, սակայն hասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ այս պահին իրենք զերծ են մնում որեւէ մեկնաբանությունից:

13219831_1117565828300316_1984633746_n

Հայաստանի վաստակավոր արտիստ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Արցախյան խնդրի մասին ողջ աշխարհի առջեւ եւս մեկ անգամ բարձրաձայնելու առիթ կա, պետք չէ այն ձեռքից բաց թողնել. «Գուցե պետք է ադրբեջանցի ոճրագործի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի կամ Քյարամ Սլոյանի լուսանկարնե՞րն ի ցույց դնել: Բնականաբար, լրագրողները կհարցնեն, թե դրանք ում նկարներն են, եւ ազերիների դեմքը եւս մեկ անգամ պատռելու լավ առիթ կլինի: Ելքեր շատ կարող են գտնվել: Եվ հետո` կարծում եմ` շվեդահայերը կարող են դրոշներով դուրս գալ, ակտիվություն ցուցաբերել, իսկ Իվետա Մուկուչյանը, ում ես շատ եմ սիրում, եւ ով շատ լավ երգեց, թող նյարդայնանալու որեւէ առիթ չունենա, մտածի միայն իր ելույթի մասին, որպեսզի իր կատարումը նույնքան անզուգական լինի, որքան առաջին կիսաեզրափակչին: Մնացած խնդիրները թող իրենը չլինեն, այլ տեղի հայ համայնքինը»,- ասաց նա:

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանն էլ, առհասարակ, դեմ է մասնակցությանը մի մրցույթի, որն, իր խոսքով, ավելի վաղ Արցախի դրոշը դրել էր ԴԱԷՇ ահաբեկչական-ծայրահեղական խմբավորման դրոշի կողքին եւ արգելել դրանք ծածանել. «Ինձ համար ցավալի է գիտակցել, որ մեր հերոսների արյունով օծված խորհրդանիշը կարող է երգի մրցույթի հարթակում որեւէ կերպ շահարկվել: Կարծում եմ` պետք է հրաժարվել մասնակցությունից` համապատասխան հայտարարություն անելով, որտեղ կնշվեն դիվանագիտորեն մշակված փաստեր ու հռետորական հարցադրումներ»,-շեշտեց նա:
Իսկ դերասանուհի Թամար Հովհաննիսյանն այն համոզման է, որ Արցախի դրոշը եզրափակչին ծածանել-չծածանելու հարցը Իվետայի եւ նրա մենեջերի որոշելիքն է. «Քանի որ «Եվրատեսիլ»-ն ինքը որակազուրկ մի բան է, երեւի կարելի է ծածանել Արցախի դրոշը. դա ավելի մեծ բան կլինի, քան որակազուրկ մրցույթում որակ ունենալը: Մենք` որպես ազգ, մեր խնդիրները նման տեղերում չէ, որ պետք է լուծենք. Արցախին վերաբերող հարցերով շատ ավելի լուրջ ձեւով պետք է զբաղվել: Ամեն դեպքում, Իվետան խիզախ աղջիկ է, եւ եթե չարգելեն, ինքը կգնա այդ քայլին: Իսկ, առհասարակ, կարծում եմ` «Եվրատեսիլ»-ը աննշան միջոցառում է, բայց մեր աղջկա մասին շատ լավ կարծիք ունեմ»,-մեկնաբանեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել էին իրենց, այսպես կոչված, դրոշների քաղաքականությունը, որով արգելում էին եվրատեսիլյան դահլիճ տանել որոշ դրոշներ, այդ թվում նաեւ` Արցախի Հանրապետության դրոշը:
Իսկ արդեն մայիսին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի` «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականությունը փոփոխության էր ենթարկվել: Մի շարք մասնակից պատվիրակությունների հետ կառուցողական զրույցներից հետո մրցույթի կազմակերպիչները որոշում էին կայացրել թուլացնել դրոշների քաղաքականության խստությունը եւ թույլատրել ազգային, տարածաշրջանային եւ տեղական դրոշների մասնակցությունը, այդ թվում` Արցախի դրոշինը:

13235732_1117565964966969_778512083_n

Այս պարագայում առնվազն տարօրինակ է Եվրոպական հեռարձակողների միության կողմից Հայաստանին ուղղված վերջին սպառնալիքները: Համացանցի հայկական տիրույթում ծավալվող բուռն քննարկումների ընթացքում սոցցանցերի օգտատերերը Արցախի դրոշի ծածանման վերաբերյալ վերջին զգուշացումը համարում են ճնշումների հետեւանք:
Նշենք, որ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթի կազմակերպիչներին` կապված ԼՂՀ դրոշի արգելքի հետ: Նա վճռական անհամաձայնություն է հայտնել մրցույթի կազմակերպիչների կողմից մայիսի 11-ին արված պաշտոնական հայտարարության վերաբերյալ, որում ղարաբաղյան հակամարտությունը պարզապես ներկայացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Նամակում ոչ ճշգրիտ եւ ԼՂՀ ժողովրդի համար վիրավորական է որակվել մրցույթի կազմակերպիչների կողմից Ղարաբաղյան հակամարտության նկարագրությունը: ԼՂՀ օմբուդսմենը հորդորել է Եվրոպայի հեռարձակողների միությանը չմտնել միջազգային քաղաքականության դաշտ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս