Հայ ընտանիքի պատկերը նախկինում և հիմա. մայիսի 15­-ն Ընտանիքի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակությունը շատ ավելի արդյունավետ է գործում, երբ դրա հիմնական միջուկը ընտանիքն է: Հայկական ընտանիքն անշուշտ ունի և նմանություններ, և տարբերություններ այլ ազգերի ընտանիքների հետ, սակայն ունի յուրահատուկ ոգի ու հոգեկերտվածք: Հոգեբան Կարինե Նալչաջյանը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»­ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել: Նրա համոզմամբ` հայ մարդու համար ընտանիքն ավելին, քան առաջնային է, և պատմականորեն երևում է, որ այն եղել է ազգապահպան օղակ:

«Մեր ընտանիքներում կապվածությունը ծնողի ու երեխայի միջև երբեմն այնքան ուժեղ է լինում, որ հեգոբանական տեսակետից բացասաբար կարող է ազդել: Ի տարբերություն եվրոպական ընտանիքների` հայ երեխան ավելի ուշ է հեռանում ծնողից, թուլացնում կապվածությունը»,­- նշեց Նալչաջյանը`ընդգծելով, որ ինչպես խնամքի պակասը, այնպես էլ ավելցուկն է վնասակար. ծնողական դերը ճիշտ կատարելը որոշակի իմաստություն է պահանջում: Նալչաջյանի կարծիքով՝ ընտանեկան մոդելի փոփոխությունները ներկայիս և 40 տարի առաջվա ընտանիքի մոդելների մեջ անշուշտ եղել են, բայց միևնույն է՝ շատ չեն: Դրական փոփոխությունների շարքում նա նշեց, որ ծնողները հիմա ավելի հեշտությամբ են ընդունում նորապսակների` առանձին ապրելու որոշումը:

Նորաստեղծ ընտանիքներն ավելի նախաձեռնող ու ակտիվ են, քան ավագ սերունդը, դա պայմանավորված է նաև ժամանակներով: Նաև սերտացել է շփումն ու փոխազդեցությունը արտաքին աշխարհի, այլ ազգերի ու մշակույթների միջև: Նորաստեղծ հայ ընտանիքի համար ամենալուրջ խնդիրներից հոգեբանը հիշատակեց «դիստանտ» (հեռվացած) ընտանիքների խնդիրը, երբ, օրինակ, հայրը մեկնում է արտագնա աշխատանքի: Այդ հեռավորությունը բացասական է ազդում ինչպես ամուսինների, այնպես էլ երեխայի ու նրա հոգեկան զարգացման վրա, նույնիսկ եթե կա էմոցիոնալ կապվածություն ու որոշակի շփում: Երեխայի մոտ դա կարող է արտահայտվել թե բարդույթների ի հայտ գալով, թե հակառակ սեռի հետ շփման խնդիրներով ու ընտանիք ստեղծելու դժվարությամբ:

«Երեխային միայնակ մեծացնող մայրերը, իհարկե, հերոսական կերպարներ են, սակայն հոր ֆունկցիան անփոխարինելի է, նրա բացակայությունը ոչ ոք լիարժեք չի կարող լրացնել»,­ մեկնաբանեց Նալչաջյանը: Ծնողների հարաբերությունները երեխայի համար օրինակներ են. եթե մոդելներն աչքի առաջ խաթարված են, կամ առավել ևս` չկան, մարդն իր անձնական կյանքը ստեղծելիս կարող է շատ լուրջ դժվարությունների առաջ կանգնել: Խոսելով ընտանեկան խնդիրների լուծման մասին՝ հոգեբանն ասաց, որ այսօր Հայաստանի քաղաքացու համար բարդ է հաղթահարել ներքին դժվարություններն ու հոգեբանին դիմելը:

«Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում մարդկանց ավելի հեշտ է խոսել ֆիզիկական հիվանդությունների ոււ դժվարությունների մասին, քան հոգեբանական: Դրանք ավելի խոր անձնական են»,­ մեկնաբանեց նա: Բացի այդ՝ որոշ մարդկանց մոտ պատկերացումները հոգեբանների ու հոգեբույժների վերաբերյալ սխալ են, նույնացված կամ ոչ լիարժեք: Հոգեբանը հավելեց, որ մեծացել է նաև հանդուրժողականությունը ամուսնալուծությունների նկատմամբ: «Հասարակությունն արդեն ըմբռնումով է մոտենում ամուսնական հարաբերությունների խզմանն ու նոր ընտանիք ստեղծելու որոշմանը: Սակայն հարկ է նշել, որ բաժանությունները հաճախ լինում են ամուսնության առաջին 2­4 տարիներին, մինչդեռ այդ շրջանը հաճախ ուղղակի պետք է հաղթահարել»,­ վերջում նշեց Նալչաջյանը:

ՀՀ Արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի տնօրեն, «Սոցիալական արդարություն» ՀԿ­-ի սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը «Արմենպրես»­-ի հետ զրույցում ասաց, որ հայ ընտանիքը առանձնահատուկ և դոմինանտ ինստիտուտ է հասարակության արժեհամակարգում: Սակայն շատ դեպքերում արժեքը կորցնում է իր բովանդակությունը և պահպանվում է միայն ձևը: Դրա վառ օրինակն են որոշ ծիսակատարություններ, օրինակ` «կարմիր խնձորը»: Հովակիմյանը պնդում է՝ ընտանիքի ֆունկցիոնալությունը պահպանելու համար նման անբովանդակ ձևերից հարկավոր է ազատվել: Նա հաստատեց այն կարծիքը, որ Հայաստանում հայրիշխանությունն ակնհայտ երևույթ է: «Հասկանալու համար` արդյո՞ք նոր սերնդի ընտանիքներում կնոջ ու տղամարդու դերերը սկսել են հավասարվել, հարկավոր է նախ հասկանալ, որ գենդերային հավասարությունը ենթադրում է իրահավասարություն, այլ ոչ թե ֆիզիկական հավասարություն: Այդ առումով, որ Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, իր մեջ կրում է և Արևելյան, և Արևմտյան մշակույթներ»,­ հարկ համարեց նշել սոցիոլոգը:

Օրինակ, կրթության նկատմամբ վերաբերմունքով մենք ավելի եվրոպական ենք, սակայն կենցաղն ավելի մոտ էլ արևելյանին:Նրա համոզմամբ` հարկավոր չէ խուսափել այս կամ այն ազգից ինչ­որ սովորույթներ փոխառելուց. ցանկացած ինստիտուտ, հատկապես` ընտանիքը, պետք է լինի բաց: Կարելի է զուգահեռաբար պահպանել լավ ավանդույթները, որոնք, նախ և առաջ, սերը, հարգանքն ու փոխադարձ օգնությունն են: Ըստ Հովակիմյանի՝ ժամանակն է նաև հասկանալ, որ ընտանիքը պայմանավորված չի մարդկանց քանակով. միայն մայրն ու երեխան ևս ընտանիք են: Այդ առումով` քաղաքային համայնքներում «միջուկային» ընտանիքի մոդելն ավելի լայն տարածում է գտնում, քան գյուղականում: Ընտանիքը հիմա ամբողջ աշխարհում ճգնաժամի մեջ է իր կայունության, դերի ու առաջնայնության իմաստով, բայց հայ ընտանիքները ունեն աջակցության ու հզորացման կարիք:

«Պետական հովանավորության մակարդակով նման քայլեր ու աջակցության կարծես չեն ձեռնարկվում, մինչդեռ դա պիտի լինի մեր առաջնային նպատակներից մեկը, որովհետև ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»,­- ավելացրեց Հովակիմյանը: Այդ առումով` հարկավոր է, որ ինստիտուցիոնալ օգնությունը, ասենք` հոգեբաններն ու սոցիալական աշխատողները, ապահովի որակ և մատչելիություն: Սոցիոլոգի խոսքով՝ հիմա սեռային դիսբալանսը լայն տարածում ունի գյուղերում: Արդեն հաջորդ սերնդի մեջ ակնհայտ երևալու են այն երեխաները, ում կյանքում հայրը բացակայել է. առաջին հերթին՝ կձևավորվի սխալ պատկերացում ընտանիքի մոդելի մասին, մյուս կողմից` միգրանտ հոր երեխան ևս հակված է դառնալու միգրանտ: Հովակիմյանը համամիտ էր նաև այն մտքի հետ, որ սերունդներ շարունակ դաստիարակվում են կարծրացած մտածելակերպով ու հնազանդ քաղաքացիներ, և նույն դաստիարակությունը փոխանցում հաջորդներին:

«Ամեն մեկին չի հաջողվում դուրս գալ այդ շղթայից, քանի որ դերային մոդելն ընտանիքում փոխանցվում է` անկախ ժամանակներից: Մեզ մոտ երեխաներն ավելի շատ ձգտում են իրականացնել իրենց ծնողների սպասելիքները, քան սեփականը. արդյունքում մենք վերարտադրում ենք դարերի հնություն ունեցող սպասումներ ու գրեթե չենք ձևավորում նորը»,­- նշեց նա:

Մասնագետը կարծում է, որ նշված բոլոր խնդիրների լուծման համար պետք է լինի երկու կարևոր նախադրյալ. կրթության ոլորտի բեկումնային փոփոխություն և փոփոխություններ ընդունելու պատրաստակամություն: ՄԱԿ­ի գլխավոր ասամբլեան 1993թ.­ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15­-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ 2011թ. փետրվարի 9­-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով, որպես Ընտանիքի օր ամրագրվեց մայիսի 15­-ը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորել է նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության շարժիչ ուժը, Հայաստանի Հանրապետությունում պետք է գտնվի պետության հովանավորության և պաշտպանության ներքո:




Լրահոս