ՎԱՂԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992 թվականի մայիսի 8-ին հայկական զինուժը ռազմական փայլուն օպերացիա իրականացրեց եւ ազատագրեց թշնամու տիրապետման տակ գտնվող հայկական բերդաքաղաքը՝ Շուշին: Այս տարի Արցախը եւ ողջ հայությունը մայիսի 8-ը նշում է նոր իրողության՝ փաստացի պատերազմական իրավիճակում: Ամեն տարի այդ օրն Ադրբեջանը սահմանին մշտապես ինչ-որ սադրանքներ է կազմակերպում: Ուստի լուրջ կասկածներ կան, որ այս տարի եւս թշնամին կփորձի տոնական օրն ինչ-որ կերպ փչացնել: Արդեն մի քանի օր է՝ ողջ միջազգային հանրությունը փորձում է հորդորներով թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Ինչպես կվարվի Ադրբեջանը, դժվար է ասել, բայց իրավիճակը, կարելի է ասել, թեստ է նաեւ միջազգային հանրության համար՝ հասկանալու, թե իրենց խոսքն ինչ արժեք ունի այդ երկրի իշխանությունների մոտ:
Նկատենք, որ Ադրբեջանի ղեկավարության շուրթերից պարբերաբար հնչող հոխորտանքը տպավորություն է ստեղծում, որ այդ երկրի իշխանությունները որդեգրել են Արցախին եւ Հայաստանին ջլատելու մարտավարությունը: Ըստ այդմ, թշնամին փորձելու է հայկական երկու երկրներին մշտապես լարման մեջ պահելով՝ ջլատել պետական ռեսուրսները: Ադրբեջանը կփորձի հարձակվել միայն այն ժամանակ, երբ հայկական կողմի զգոնությունը կրկին անգամ թուլացած կլինի: Իսկ քանի դեռ ողջ հայության ուշադրությունը սեւեռված է Արցախի վրա, առավել հավանական է, որ Ադրբեջանը չի համարձակվի առաջիկայում հարձակվել՝ գիտակցելով, թե այդ քայլն իր համար ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ:

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը դեռեւս ապրիլի վերջից սկսել է ստուգումներ անցկացնել սուպերմարկետների երկու՝ «ՍԱՍ» եւ «Նոր զովք» ցանցերում: Հիշեցնենք, որ «ՍԱՍ»-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին: «Ժողովուրդը» ՊԵԿ-ից փորձեց պարզել, թե նշված սուպերմարկետների ցանցում ինչ ստուգումներ են անցկացվում: ՊԵԿ-ից պատասխանում ասվում է. «Նշված սուպերմարկետներում ներկա պահին պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներ չեն անցկացվում: Դրանցում, ինչպես նաեւ Երեւանի խոշոր խանութներում, ապրիլին իրականացվել եւ իրականացվելու են ընթացիկ հարկային հսկողական աշխատանքներ: Ի տարբերություն պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին՝ ընթացիկ հարկային հսկողական աշխատանքները նպատակ ունեն ուսումնասիրելու խանութների կողմից ՀԴՄ-ների կիրառության, աշխատողների թվաքանակի, գների եւ շրջանառությունների ճշգրտման հարցերը»:

 
Անցած տարի Հայաստանում ԵՄ գրասենյակի բողոքի հիման վրա ՀՀ իրավապահները դրամաշնորհային միջոցները հափշտակելու դեպք բացահայտեցին: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուց «Ժողվուրդ»-ը փորձեց պարզել, թե այդ միջադեպն ինչպես կազդի Հայաստանին դրամաշնորհներ տրամադրելու գործընթացների վրա, ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Այժմ ամեն ինչ Հայաստանի պատկան մարմինների ձեռքերում է: Մեր ընթացակարգերը թափանցիկ են, հայտադիմումների ընդունման գործընթացն արդար է, իսկ մրցակցության կանոնները՝ հաջողված: Մեր կամքից անկախ միշտ էլ կհանդիպենք թաքնված եւ վատ մտադրություններ ունեցող մարդկանց: Հույս ունեմ, որ այս դեպքերի հրապարակայնությունը հետ կպահի այն մարդկանց, ովքեր ազնիվ մտադրություններով չեն դիմում ԵՄ դրամաշնորհային ծրագրերին, սակայն մենք չենք կարող բացառել նման իրավիճակներն ապագայում: Պարզապես հայաստանցիները, ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունները, պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ մենք կկարողանանք բացահայտել նմանատիպ դեպքերը»:

 
Ինչպես հայտնի է՝ երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն սնանկանալուց հետո դեռեւս չի մարել իր պարտքերը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» պարտատերերի ցուցակում առկա են 122 ֆիզիկական անձ եւ 27 ընկերություն: Ավիաընկերության միայն դոլարով արտահայտված պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, իսկ դրամով պարտքերի շարանը վերջ չունի: «Արմավիա»-ն պարտավորություններ ունի նաեւ պետբյուջեի առջեւ, որոնք կազմում են 31 միլիարդ 357 միլիոն դրամ եւ 2 միլիոն դոլար: Նախօրեին «Ժողովուրդ»-ին հաջողվեց «Արմավիայի» պարտքերի վերաբերյալ զրուցել ավիաընկերության սեփականատեր, այլեւս նախկին օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի հետ: Նա պարտքի մասին լսելով՝ ասաց. «Ի՞նչ պարտքեր: «Արմավիա»-ի՞: Պարտքերը մարում ենք: Դեռ գույքը չենք վաճառել, վաճառում ենք, կվաճառենք, կտանք պարտքերը»: Այս խոսքերից հետո անմիջապես անջատեց հեռախոսը: Նկատենք, որ Միխայիլ Բաղդասարովը վերջին մեկ տարում հիմնականում Հայաստանից բացակայում էր, սակայն այս օրերին նրան հաճախակի կարելի է տեսնել Երեւանի կենտրոնում զբոսնելիս: Հավելենք, որ ԱԺ-ում լուրջ աղմուկ բարձրացրած «Հրազդան ցեմենտ» գործարանի պարտքերը եւս Մ. Բաղդասարովինն են, հիմա այն «ՎՏԲ Հայաստան» բանկինն է:

 
ԻՆՔՆԱԺԽՏՈՂԱԿԱՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը երեկ անդրադարձել է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման խնդրին` դա համարելով «խելահեղ միտք»: Իր ծավալուն հոդվածում վերլուծելով միակողմանի ճանաչման հնարավոր հետեւանքները` Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշել է. «Միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, հղի է անկանխատեսելի ու աղետալի հետեւանքներով, որոնք այնքան ակնհայտ են, որ հարկ չկա անգամ թվարկելու: Ազգային փոքրամասնությունների անկախացման բոլոր հաջողված դեպքերը (Էրիտրեա, Արեւելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսեթիա) տեղի են ունեցել բացառապես այդպիսի աջակցության առկայության շնորհիվ։ Հետեւաբար, քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից,- ընդգծել է Առաջին նախագահը եւ եզրափակել,-ուստի այս առումով գնահատելի եմ համարում, որ Հայաստանի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համեմատությամբ, ողջամտորեն խուսափեցին որոշ խորհրդարանականների անհաշվենկատ նախաձեռնությանը տուրք տալու գայթակղությունից»։
Հատկապես այս վերջին ձեւակերպումը մի շարք հարցերի տեղիք է տալիս, քանի որ հենց ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դեռ 2008թ հոկտեմբերի 17-ի հանրահավաքի իր ելույթում, անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, որպես անհրաժեշտ քայլերից մեկը նշել էր բառացիորեն հետեւյալը. «Թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ: Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից` առկախ թողնելով նրա վավերացումը՝ նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում: Իրադրությունը ոչ սովորական լինելով` ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում»: Թե որն է պատճառը, որ ներկայիս` էլ ավելի ոչ սովորական իրադրությունում Տեր-Պետրոսյանը ժամանակին իր իսկ առաջարկած ելքը համարում է «անհաշվենկատ նախաձեռնություն», դժվար է ասել: Ըստ ամենայնի, սա Արցախի ճանաչման մասին հայտարարած, սակայն դրա իրագործման վտանգները մինչեւ վերջ չհաշվարկած Սերժ Սարգսյանի դեմքը փրկելուն ուղղված քայլ է:




Լրահոս