ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԱԾ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ մահափորձի գործով կալանավորվածները գաղտնի խոսակցություն են ունեցել, ինչը ԱԱԾ-ի կողմից ձայնագրվել է եւ օգտագործվել:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի կազմակերպման կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Մի քանի օրից կլրանա կատարված միջադեպի մեկ տարին, իսկ, ահա, մինչ օրս կալանավորված անձանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ Հենրիկ Ավագյանը, որին մեղադրանք է առաջադրվել պատվերով սպանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով, ընդունել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ, սակայն ոչ սպանելու, այլ վախեցնելու նպատակով:
Իսկ ի՞նչ նպատակով է Հենրիկ Ավագյանը ցանկացել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հենրիկ Ավագյանը Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հետ խնդիրներ է ունեցել: Վերջինս իրավապահներին պատմել է, որ համայնքի ղեկավարը տիրացել է իր հոր այգիների տարածքին ու այնտեղ խաղատուն կառուցել: Հենրիկ Ավագյանի խոսքով՝ ինքը խնդրի մասին տեղյակ է պահել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որ Սամվել Սարգսյանն անօրինականություններ է թույլ տալիս, մարզպետն էլ խոստացել է խնդիրը կարգավորել, սակայն այդպես էլ որեւէ քայլ չի կատարել, ու նա որոշել է վախեցնել մարզպետին, որպեսզի կատարվածը, ըստ էության, մյուսների համար դաս լինի:
Այս գործով մի շարք փորձաքննություններ նշանակվեցին, եւ աղմկալի փորձաքննությունից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Պարզվում է՝ մահափորձի գործով կալանավորներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը ազգային անվտանգության ծառայության սենյակներից մեկում գաղտնի խոսակցություն են ունեցել մարզպետի դեմ մահափորձի թեմայով: Կալանավորվածները անկեղծացել են` վերլուծելով կատարվածը:
Իրավապահ համակարգից «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ն երկու կալանավորվածների գաղտնի ձայնագրությունն ուղարկել է փորձաքննության՝ հասկանալու համար, թե ինչ են խոսել կալանավորվածները, եւ արդյո՞ք խոսակցություն վարողները հենց իրենք են, թե ոչ: Իրավապահները վերծանելով խոսակցությունը՝ ահա թե ինչ են բացահայտել:
Մեր աղբյուների փոխանցմամբ՝ ձայնագրության մեջ լսվել է, թե ինչպես է Հենրիկ Ավագյանը Գարեն Աթաջյանին ասել, որ ինքն է անձամբ կատարել մահափորձը, եւ Արա Բուդաղյանը այս ամենի հետ կապ չունի, ու, առհասարակ, ինչու են այդ տղային անիմաստ պահում: Երկու կալանավորվածները նաեւ խոսել են, թե ինչպես է Հենրիկը վերցրել զենքն ու որոշել կրակել մարզպետ Խաչատրյանի վրա:
Չի բացառվում, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միտումնավոր երկու կալանավորներին թողել են ԱԱԾ-ի սենյակներից մեկում՝ փորձելով հասկանալ, թե կալանավորվածները ինչ են խոսելու, որը կարող է օգնել գործի բացահայտմանը: Սակայն ինչպես ցույց է տվել փորձաքննության եզրակացությունը, Հենրիկ Ավագյանը գաղտնի խոսակցության ժամանակ անկեղծանալով՝ իր ծանոթ Գարեն Աթաջյանին ասել է, որ Արա Բուդաղյանը այս պատմության հետ որեւէ կապ չունի, եւ չէր կարող նրա պատվերով կրակել: Ի դեպ, հավելենք, որ նա իր ցուցմունքում եւս պնդել է այդ մասին:
Այսպիսով՝ 7 օրից կլրանա մարզպետի դեմ մահափորձի գործով նախաքննությունը, եւ պարզ կլինի՝ արդյո՞ք հարուցված քրեական գործի նախաքննությունը կերկարաձգվի, թե՞ կուղարկվի դատարան: Ըստ էության, ԱԱԾ քննիչներն այնպիսի հիմնավոր պատճառաբանություն պետք է ներկայացնեն, որպեսզի գործը դատարան ուղարկելու փոխարեն շարունակեն երկարացնել նախաքննության ժամկետը: Իսկ կա այդ հիմնավոր պատճառը, թե ոչ, պարզ կլինի մեկ շաբաթից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊՆ-Ի ՇՈՒՐՋ
Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Ըստ տարածված լուրերի` գնդապետը ձերբակալվել է մի գործի շրջանակներում, որը քննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում: «Ժողովուրդ»-ին սույն գործից մանրամասներ են հայտնի դարձել:
Եվ այսպես՝ 2016 թվականի մարտի 21-ին կալանավորվել էին ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Իսկ ինչ էին արել նշված պաշտոնյաները. պարզվել էր, որ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը տեղեկացել է, որ ՍՊԸ-ներից մեկը ՊՆ-ին ապրանքը վաճառել է թանկ գնով: Խաչատրյանն այս մասին հայտնել էր ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին, որն էլ որոշել է օժանդակել Խաչատրյանին: Արդյունքում ՊՆ աշխատակիցները որոշել էին ՍՊԸ-ին իրավապահների ձեռքը չհանձնելու համար նրանից պահանջել 5 միլիոն դրամ:
Եվ, ահա, այս ամենի արդյունքում երկու ՊՆ աշխատակիցները կալանավորվեցին: Սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, երեկ հենց այս նույն գործի շրջանակներում ձերբակալվեց նաեւ ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Ըստ էության, կալանավորված անձինք նրա դեմ ցուցմունք են տվել, կամ իրավապահները ուսումնասիրելով գործը՝ կամաց-կամաց բացում են ՊՆ-ում տիրող այլ ապօրինությունների շղթան եւ հասնում նրան, թե բացի երկու գնդապետներից՝ ովքեր են ՊՆ-ի հաշվին գործարքների գնացել, էլի կա՞ն մարդիկ: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ այս «խմորը շատ ջուր կվերցնի»:
Բանն այն է, որ այս երեք գնդապետների կալանավորումից բացի՝ այլ անձինք եւս կհայտնվեն իրավապահների տեսադաշտում իսկ շատերն էլ կհեռացվեն աշխատանքից: Առաջիկայում եւս այլ անձինք կկալանավորվեն կամ կհեռացվեն աշխատանքից:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատել էր նաեւ ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ Ալիկ Միրզաբեկյանին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼ
Կառավարության երեկվա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց որոշում, որի մշակումը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ստեղծված իրավիճակի հետեւանքով կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող եւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների սահմանմամբ: «Աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության համար իրավական հիմքերի ապահովման նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխարհազորայինների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում եւ վարձատրության կազմակերպում)՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում»,- նշել է նախարարը:

 

 

ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԿՈՉ
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը կարծում է, որ Ադրբեջանն ամենեւին էլ ավելի հզոր չէ, քան Հայաստանը. «Այսօր Հայաստանը ունի ե՛ւ զինվածության, ե՛ւ մարդկային այնքան ռեսուրս, որ մի քանի օրվա մեջ Ադրբեջանին կարող է ծնկի բերել: Ինչու չի արվում, դա քաղաքական թեմա է: Բայց ամեն օրն աշխատում է ի վնաս մեզ… Եթե մենք դա չենք անելու, մեկ ամիս հետո ավելի թույլ ենք լինելու: Ապրիլյան օրերին տեսանք՝ ինչպիսի ոգեղենություն ապրեցինք: Սակայն եթե այսպես շարունակվի, ոգեղեն վիճակը սկսելու է անկում ապրել»,- նշել է Սէֆիլյանը: Նա նաեւ անդրադարձել է հայկական կողմի տարածքային կորուստներին. «Այսօր ես հայտարարելու եմ Թալիշի հատվածի կորուստի չափը: Իրենք խոսում էին 500 մետր քառակուսու մասին, բայց ցավալին այն է, որ մենք միայն հյուսիսում ունենք 7 մլն քառակուսի մետր կորուստ: Առնվազն այդքան, շեշտում եմ, եւ մեր ժողովուրդը թող պատկերացնի, թե որքանի մասին է խոսքը», – հայտարարել է Սէֆիլյանը:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
«Երեկ մինչեւ ուշ գիշեր զինծառայողներ Ռուբեն Առաքելյանի եւ Արման Լազգիյանի ծնողների հետ հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել է հարցը՝ արդյոք նրանք այսօր պատրաստ են տեղափոխման, արդյոք Հայաստանում սպառված են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները: Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե՛, մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք ե՛ւ ծնողներից, ե՛ւ հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել»,- ներկայացրեց առողջապահության նախարարը:




Լրահոս