ՆՈՐ ԸՕ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրապարակվեց ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակը, որը երկուշաբթի օրը կներակայացվի խորհրդարանի քննարկմանը` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ընտրողների ուռճացված ցուցակները կպահպանվեն:

Այսինքն՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք երբեւէ Հայաստանում հաշվառվել են, կշարունակեն մնալ ընտրական ցուցակներում: Այս խնդիրը լուծելու նպատակով ընդդիմությունն առաջարկել էր քվեարկությունը կազմակերպել միայն նույնականացման քարտերով: Եթե առաջարկը չանտեսվեր, ապա ընտրական ցուցակներում կընդգրկվեին միայն այն ընտրողները, որոնք նույնականացման քարտ են ստացել, այսինքն՝ իսկապես ապրում են Հայաստանում: Բայց այս առաջարկն այդպես էլ անտեսվեց, չնայած՝ Հայաստանի իշխանություններն ԸՕ նախագիծը խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկելիս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի շուրթերով այդ նախաձեռնությունը գովեցին-գովեցին, սակայն անտեսեցին: Փաստացի Հայաստանի իշխանություններն այսպիսով պահպանում են բացակա ընտրողների փոխարեն լցոնելու ճանապարհով ընտրությունները կեղծելու հնարավորությունը: Վերջին համապետական ընտրությունների եւ հանրաքվեի փորձը ցույց տվեց, որ եթե որեւէ տեղամասում ընդդիմությունը չի կարողանում վստահված անձ ունենալ եւ քվեարկության ընթացքը վերահսկել, ապա այդտեղ ընտրողների թիվը իրականից շեշտակի ավել է լինում, եւ 80-90 տոկոսն էլ իշխանությունների օգտին են քվեարկում: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ընդդիմությունը մասնավորապես 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ պարտադրված է բոլոր 2 հազար տեղամասերը վերահսկել, եթե ցանկանում է արդյունքի հասնել:
Ընտրողների գրանցումը տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ մատնահետքը վերցնելու միջոցով: ԱԺ ընտրությունների ժամանակ մասնակից կուսակցություններից յուրաքանչյուրն ունենալու է առանձին քվեաթերթիկ: Ի տարբերություն ԸՕ նախագծի առաջին տարբերակի՝ քվեաթերթիկները ոչ թե տարբեր գույնի են լինելու, այլ միանման: ԱԺ ընտրության քվեաթերթիկի մի կողմում նշված է լինելու տվյալ քաղաքական ուժի անվանումը եւ համամասնական ցուցակի առաջին երեք անունները: Մյուս կողմում նշված են լինելու տվյալ ընտրատարածքում քաղաքական ուժի առաջադրած թեկնածուների անունները: ԱԺ ընտրությունների ժամանակ հանրապետությունը բաժանված է լինելու 13 ընտրատարածքների՝ չորսը՝ Երեւանում, մնացած ինը՝ մարզերում: Բացառությամբ Վայոց ձորի մարզի, որը Սյունիքի հետ մեկ ընտրատարածք է կազմելու, մնացած դեպքերում գործելու է մարզ-ընտրատարածք սկզբունքը: Երեւանի դեպքում ընտրատարածքները ձեւավորվելու են հետեւյալ կերպ՝ առաջին ընտրատարածք` Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ, երկրորդ՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն, երրորդ՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ եւ չորրորդ՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն:
Կանանց ներկայացվածությունը խորհրդարանում էապես կբարձրացվի: Այսպես՝ քաղաքական ուժերը պարտավոր են լինելու իրենց համամասնական ցուցակի ամեն քառյակում ունենալ առնվազն մեկ կին պատգամավորության թեկնածու: Այս սկզբունքը կիրառվելու է նաեւ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրություններում: Ի դեպ, Գյումրիում եւ Վանաձորում այս տարվա սեպտեմբերին նախատեսված ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան նոր կարգով: Այսինքն՝ այդ քաղաքներում ոչ թե նախկինի պես ընտրողներն ուղղակի քաղաքապետ կընտրեն, այլ նրանք կընտրեն ավագանի, ինչպես Երեւանում: Իսկ ավագանին արդեն իր կազմից կընտրի քաղաքապետին: Երեւանի ավագանու կազմը մնացել է նույնը` 65 հոգի: Գյումրին եւ Վանաձորը կունենան 33 հոգանոց ավագանիներ:
Ի դեպ, խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերը տեղամասերում կարող են ունենալ մինչեւ երկու վստահված անձ` ներկայիս մեկականի փոխարեն: Լրատվամիջոցների դեպքում սահմանվում է քվեարկության օրը ընտրությունները լուսաբանող լրագրողներին նախօրոք հայտարարագրման կարգ: Ըստ այդմ, ամեն մի լրատվամիջոց կարող է հավատարմագրել մինչեւ 50 լրագրող: Ավելին՝ հավատարմագրման կարող են ներկայացվել միայն այն լրագրողները, որոնց համագործակցությունը լրատվամիջոցի հետ առնվազն մեկ տարվա պատմություն ունի:
Թերեւս սխալ կլինի ընտրական նոր օրենսգրքի նախագիծը գործողի հետ համեմատելը լավ ու վատի տեսանկյունից: Ակնհայտ է մեկ բան՝ ՀՀ իշխանությունները փորձել են ամեն կերպ պահպանել ընտրությունները կեղծելու իրենց լծակները, մյուս կողմից ստիպված զիջումների են գնացել, որպեսզի միջազգային կառույցների առջեւ սեւերես չլինեն: Իսկ թե ինչ հաջողության կհասնի ընդդիմությունը, բացառապես պայմանավորված է ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողություններից: ՀՀ իշխանությունները ինչպես կեղծել են ընտրությունները, այնպես էլ կշարունակեն փորձել անել նույնը: Իսկ թե որքանով նրանց ընտրակեղծարարությունը կստացվի, պայմանավորված կլինի նրանով, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը որքանով կկարողանան տեղամասերը վերահսկել, եւ ընտրողները որքան կընդդիմանան ընտրակաշառքի գայթակղությանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՍԿՍԵՔ ՁԵՐ ՏԻԿՆԱՆՑԻՑ
Ինչպես հայտնի է՝ մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է կրճատել պետական կառավարման աշխատակազմի մի մասը՝ պետբյուջեի միջոցները խնայելու համար: «Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ»,- ասել էր ՀՀ վարչապետը: Հայտնի է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը «Ռազմական բժիշկների ասոցացիա» ՀԿ-ի նախագահն է, միաժամանակ զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը: Սոցցանցերում նախարարի կնոջ ծավալած ակտիվ «գործունեությունը», «ֆոտոսեսիաների» շարքերը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ նա իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար հաստատ ժամանակ չի ունենում: Ուստի, կարծում ենք, իշխանությունները լավ կանեն, որ սկսեն իրենց տիկնանց եւ սիրեկաններին կառավարման համակարգից եւ բյուջետային ձեռնարկություններից «հանելով», հա՛մ միջոցներ կխնայվեն, հա՛մ էլ համակարգի բնականոն գործունեությունը կվերականգնվի:

 

 

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռուսական «ՌԲԿ» լրատվական գործակալությունը երեկ լուր տարածեց այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի օգնականի պաշտոնում: Թերեւս միայն Հայաստանում կարող է բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձը, որը ամենաբարձր գաղտնիության աստիճան ունեցող փաստաթղթերի հետ է գործ ունեցել, պաշտոնանկ արվելուց հետո երկրից հեռանում եւ արտերկրում պաշտոն է ստանում: Ժամանակն է, որպեսզի ՀՀ իշխանությունները պատասխանեն՝ ներկա պաշտոնյաներից քանի՞սը պաշտոնանկությունից հետո կմնան Հայաստանում: Ո՞վ է երաշխավորում, որ նրանցից մի մասն էլ մի օր Ադրբեջանում կամ Թուրքիայում չի ապաստանի: Բա պատասխանատվությո՞ւնը:

 

 

 

ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ԵՆ
Իրավապահ մարմիններում քննվող տարբեր քրեական գործերը Հայոց բանակում տեղի ունեցող չարաշահումների մասով էականորեն փոխել են մթնոլորտը ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ այս օրերին ՊՆ միջին խավը ավելի զգուշավոր է դարձել, քան կարելի էր պատկերացնել: Հատկապես գնումներին առնչվող բոլոր փաստաթղթերը մանրամասն ստուգվում են, նոր դրվում շրջանառության մեջ: Բնականաբար, որեւէ մեկը չի ցանկանում քավության նոխազ դառնալ` ջանալով պատասխանատվությունն իր վրայից գցել: Տեսնենք՝ ինչով կավարտվեն հարուցված քրեական գործերը. Սերժ Սարգսյանի հիշատակած «խոշոր ձկները» կհայտնվե՞ն թակարդում:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԿՀԱՅՏՆԻ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում իր գնահատականները կներկայացնի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրա հետեւանքների վերաբերյալ, «Ազատությանն» ասել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը գնահատում քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ հայկական կողմը կորցրել է մի շարք մարտական դիրքեր եւ ունի ավելի քան 100 զոհ: Հիշեցնենք, որ երեք օր առաջ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Ղարաբաղ, որտեղ հանդիպել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ վերադարձել է կարճատեւ արձակուրդից:

 

 

ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
ՀՀ նախագահը երեկ ստորագրել է ամառային զորակոչի մասին հերթական հրամանագիրը: Ըստ այդմ` 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

 

 

ԷԼԻ ՍԿՍԵՑԻՆ
Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ` հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) եւ հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ
Ռուսաստանը ձեռնարկում է ամեն բան՝ լայնածավալ ռազմական հակամարտություններ թույլ չտալու համար։ Այս մասին զինվորականների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պահպանի ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, որը Պուտինի բնորոշմամբ` «ռազմական հակամարտությունների կանխման ամենակարեւոր երաշխիքն է»։




Լրահոս