ԲՈԼՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ հայկական դիվանագիտական կորպուսն աշխարհում ամենաթշվառներից մեկն է, ակնհայտ է` հաշվի առնելով մեր դիվանագիտության արձանագրած պարբերական ձախողումներն ու  պարտությունները: Ընդ որում, դրա պատճառը ոչ միայն եւ ոչ այնքան  ֆինանսական միջոցների, որքան մեր դիվանագետների մասնագիտական հմտությունների բացակայությունն է:
Հայաստանում հաճախ դեսպան են նշանակվում մարդիկ, որոնք առհասարակ դիվանագիտական կրթություն չունեն, սակայն աչքի են ընկնում իրենց անձնական հարցերը կարգավորելու հմտությամբ եւ մեծ ֆինանսական կարողությամբ: Կան նաեւ այնպիսիք, որոնք, իրենց դիվանագիտական երկարամյա ծառայության ընթացքում ոչնչով աչքի չընկնելով, այդուհանդերձ, հաջողացնում են մշտապես մնալ բարձր պաշտոնների:
Նրանցից մեկն էլ Գեղամ Ղարիբջանյանն է, որը, ի դեպ, չի էլ թաքցնում իր պաշտոնասիրությունը. 2011թ., երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, Ղարիբջանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք չի պատրաստվում հեռանալ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, ասաց. «Ես մնայուն արժեք եմ»… Ու դրանից քիչ ժամանակ անց հայտնվեց Արաբական Միացյալ Էմիրություններում` ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում:
Սա «ամենաչաղլիկ» նշանակումներից մեկն էր նրա կյանքում, որովհետեւ ապրել Դուբայում` նշանակում է նաեւ զբաղվել բիզնեսով, մանավանդ որ հայ-էմիրաթական կապերը չունեն քաղաքական եւ դիվանագիտական լուրջ ենթահիմքեր:
Գ. Ղարիբջանյանը 62 տարեկան է, սա նշանակում է, որ կենսաթոշակին շատ չի մնացել, ուրեմն հարկավոր է այս կարճ ժամանակամիջոցում այնպես աշխատել, որ ունենա երջանիկ ու ապահովված ծերություն… Գ. Ղարիբջանյանը ծնվել է Երեւանում, բայց արմատներով գյումրեցի է, սերում է մայիսյան ապստամբության կազմակերպիչներից մեկի՝ Բագրատ Ղարիբջանյանի տոհմից: Խորհրդային տարիներին այս ազգանունը նրա համար անցաթուղթ էր, որովհետեւ հորեղբայրը՝ Գեւորգ Ղարիբջանյանը, Լենինականի կուսքաղկոմի առաջին քարտուղարն էր… 1973-ին Ղարիբջանյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, բանակում չի ծառայել, այլ անմիջապես աշխատանքի է անցել որպես արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահի խորհրդական, բաժնի վարիչ: Իսկապես հարկավոր էր «հզոր թիկունք» ունենալ նման պաշտոնի նշանակվելու համար, քանի որ այս կոմիտեում աշխատանքի էին վերցնում «վստահելի» մարդկանց, ԿԳԲ-ի կողմից հուսալի համարվողների… Ուշագրավ մի հանգամանք նրա կենսագրությունից. մինչեւ 1991թ. աշխատելով նշանավոր ԱՕԿՍ-ում՝ 1978-1981թթ. ազատվել է աշխատանքից եւ թարգմանիչ աշխատել Թեհրանում: Հետո վերադարձել եւ աշխատանքի է անցել սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում: 1991թ., չունենալով կառավարման փորձ, նշանակվել է սոցիալական ապահովության նախարարի տեղակալ: Հայտնի է, որ այս շրջանում պաշտոնի էին նշանակվում բացառապես ՀՀՇ-ի կադրերը, իսկ Գ. Ղարիբջանյանը ՀՀՇ-ական չէր: Կամ, գուցե, այդ ուժի ներկայացուցիչն էր, պարզապես չէր հրապարակում այդ փաստը… Ոմանք պնդում են, թե կարեւոր դեր է խաղացել այն հանգամանքը, որ նա եղել է արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, այսինքն՝ օգտվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգածությունից:
1995թ. Գ. Ղարիբջանյանն ԱԺ առաջին գումարման պատգամավոր ընտրվեց` դառնալով  սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, նույն հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ, ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Սոցիալական պետություն» պատգամավորական խմբի հիմնադիր… Ուրեմն իսկապես իշխանությունների վստահելին էր, այդ պատճառով էլ նման պարտականություններ էին դրվում նրա վրա:
1998-ին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, Գ. Ղարիբջանյանը սկսեց սերտ կապեր հաստատել Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյունքում` 1999թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվեց «արտակարգ եւ լիազոր դեսպանի» դիվանագիտական աստիճան: Իհարկե, ընդամենը թարգմանիչ լինելով՝ ստանալ նման աստիճան, ապա նշանակվել Իրանի Իսլամական Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան՝ ինքնին շատ բան էր նշանակում: Առավել եւս, որ 2001-ին նա համատեղության կարգով նշանակվեց նաեւ Քաթարում արտակարգ եւ լիազոր դեսպան…
Որպես դեսպան՝ Գ. Ղարիբջանյանը ԻԻՀ-ում առանձնապես աչքի չընկավ: Ու չնայած դրան` հինգ տարի անց նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Ասում են, որ նրա եւ Էդիկ Նալբանդյանի հարաբերությունները հետագայում այնքան էլ ջերմ չէին, ուստի 2009-ին Ղարիբջանյանը հայտնվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում` հիմա էլ վայելելով ԱԺ բարիքները: Երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր (նրա հրաժարականից եւ վերադարձից առաջ), պաշտոնական արարողակարգային փաստաթղթերում Գեղամ Ղարիբջանյանի անուն-ազգանունն իր իսկ պահանջով գրվում էր Աբրահամյանի անունից անմիջապես հետո: Եվ միայն իր ազգանվան տակ էին գրվում պատվիրակության մյուս անդամների՝ այդ թվում եւ ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու պատգամավորների անունները… Ահա այսպիսի ոչ դիվանագիտական փառասիրություն:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս