«ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ ԱՅԴ ՄԵԴԱԼԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսելով արտագաղթի ու դրսում ապրող հայերի մասին` ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ (սկիզբը՝ նախորդ համարում) նկատեց, որ գնալուց հետո արդեն անիմաստ է փնովել կամ կարոտած ասել` Հայաստանս:
-Երբ ասում ես՝ Հայաստանում վատ է, ինքը մտածում է՝ լավ արեցի, թողեցի եկա, իսկ երբ ասում ես՝ լավ է, ջղայնանում է: Ես էլ ջղայնանում եմ, երբ անընդհատ պատճառաբանում են, թե գործ չկա, բա էրեխուս ո՞նց պահեմ: Խանութի վրա գրված է` հավաքարար, օրը 4000 դրամ: Ասում են՝ չէ՛, ամոթ է, բայց դրսում կգնան աման կլվանան, ամեն ինչ էլ կանեն: Ով ուզենա աշխատանք գտնել, կգտնի: Գնալով հարց չես լուծի, ախր պիտի տեր կանգնես քո երկրին, ոչ թե փախչես: Մենք շատ քիչ հաղթանակներ ենք տարել, մեկը Ղարաբաղը, մյուսը` 150 դրամը 100 դարձնելը: Ուրեմն կարելի է, չէ՞, ինչ-որ բաներ անել: Վերջերս իսկապես հպարտացա, մտածեցի, որ ժողովուրդն արթնանում է:
-Ցավոք, միշտ չէ, որ հասարակության բողոքն ու դժգոհությունները տեղ են հասնում:
-Երբ դրսից է հրամանը, բարդ է, բայց երբ ներսից են քայքայում… Ի՞նչ են էս կարմիր գծերը քաշել, մի օլիգարխի գրպան է գնալու, գոնե իմանաս՝ պետությանն է գնում, ասես լավ: Իսկ պետությանդ կասսան դատարկ է, որովհետեւ ամեն ինչ օլիգարխների ձեռքում է: Հիմա ամեն մի օլիգարխ ավելի շատ փող ունի, քան քո ամբողջ Հայաստանի բյուջեն է: Գյումրիում գիշերային ակումբ են բացել: Հեռուստատեսությամբ հյուր էի, հաղորդավարուհին հարցնում է` ի՞նչ կա Գյումրիում: Ասում եմ՝ շատ է լավացել, սիրուն աղջիկներ հաճախ եմ տեսնում սրճարաններում, ռեստորաններում, նույնիսկ նայթ քլաբ էլ են բացել, ես էլ գնացի: Հաղորդավարուհին ամոթխած նայում է ինձ: Ասացի՝ փողոցում էլ լավ լուսավոր վահանակ են դրել, մի խոսքով, ինչ-որ բաներ արվում են, դրանք մարդուն հույս են տալիս, մարդը մտածում է՝ ըհըն, մի քիչ էլ մնամ, կփոխվի: Նման փոքր բաներն էլ են մարդուն ոգեւորում, ուժ տալիս: Հետո էլ ինչքան դրականի մասին խոսենք, ներկայացնենք, այնքան դրական երեւույթները շատ կլինեն: Հերիք է անընդհատ նեգատիվ բաներից խոսեք՝ սրան են սպանել, այնտեղ ավտովթար եղավ, չգիտեմ՝ էլ ինչեր… Որ իմանում ենք՝ երկու մեքենա բախվել են, ու զոհ կա, ի՞նչ է փոխվում, կարո՞ղ ենք մենք որեւէ բան հետ բերել: Մարդիկ նման ինֆորմացիան կարդում են, ավելի են ուզում գնալ: Մի քիչ դրական էմոցիաներ առաջացրե՛ք, էլի՛: Հույս է պետք տալ մարդկանց, ոգեւորել…
-Բայց մարդիկ ինչպե՞ս ոգեւորվեն, երբ սոցիալապես ծանր վիճակում են:
-Սուտ է, թե հայ ժողովուրդը փող չունի, ունի, ես մեքենա կանգնեցնելու տեղ չեմ գտնում: Գիտե՞ք՝ մեքենա պահելն ինչ բարդ է: Մի՛ ասա՝ չունեմ, հերիք ա լաց լինենք, բա որ Եղեռնը չլիներ, հայերն ինչի՞ վրա էին լաց լինելու: Սիրում ենք դժգոհել: Երբ դրական էմոցիաներով ես լցվում, Աստված սկսում է քեզ օգնել: Երկու հորաքույր ունեի, հայրս հաճախ էր նրանց օգնում: Մի հորաքույրս Տերյանի վրա էր ապրում՝ 3-սենյականոց բնակարանում, ու երբ գնում էի իր տուն, հարցնում էի` ո՞նց ես, լացակումած ձայնով ասում էր. «Է՜, բալա՛ ջան, ո՞նց պետք ա լինեմ, ապրում ենք, էլի՛»: Իր տանից աշխատում էի շուտ դուրս գալ: Հետո գնում էի մյուս հորաքրոջս տուն, որը կույր էր: Նույնիսկ դռան թակոցից հասկանում էր, որ ես եմ, ասում էր. «Կոլի՛կ, արի՛, ազի՛զ ջան, ո՞նց ես, մեռնեմ կյանքիդ, պապա՞ն ոնց ա, մամա՞ն ոնց ա»: Ասում էր՝ նստի՛ր խոսենք, ահավոր համով արեւածաղիկ էր բովում, որ միասին ուտենք: Նայում էի այդ կույր կնոջն ու հասկանում, որ արժի ապրել:
-Ինչպե՞ս է պետությունը վերաբերվում իր արվեստագետին:
-Նրանք ուզում են հասկանալ՝ ինչ բան է արվեստագետը, չեն էլ հասկանում: Մի քանիսին չհաշված՝ մեր կառավարությունը գեղ է, ոչ թե գյուղացի, այլ գեղ: Իր գեղի ակումբում մի ներկայացումից դենը ուրիշ բան չի տեսել, դրա համար նստում, «խրխնջիզմով» է զբաղվում: Իսկ երբ մարդ չունի կուլտուրա, շատ բաներից է զրկված: Երբ ինձ ասում են՝ դե գնա՛, մեկից օգնությո՛ւն խնդրի, որ ներկայացում բեմադրես, ասում եմ՝ չէ՛, եթե ինձ մերժեցին, ես իմ աչքից ընկնում եմ, որովհետեւ ես չեմ ուզում խնդրել: Ես գոռոզ մարդ եմ, շատ ինքնասեր: Ու ինչի՞ պետք է ես գնամ մինիստրություն ու սպասեմ, որ մինիստրն ինձ ընդունի: Ինքը պետք է ինձ կանչի: Ես Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ, բա չկանչի՞, ասի` Ծատուրյա՛ն, ո՞նց է ձեզ մոտ վիճակը:
-Ձեր կատարած աշխատանքը չի՞ գնահատվում:
-Ես ժողովրդական արտիստ եմ, պրոֆեսոր, դրանք ինձ մի քիչ ուրախացնում են, բայց եթե հնարավոր լիներ, երեք բեմադրության փող տային, ես իմ այդ կոչումը կվաճառեի: Որովհետեւ ինձ համար նոր ներկայացում ունենալն ավելի կարեւոր է, ինչի՞ս է պետք այդ մեդալը, ի՞նչ եմ անելու:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս