Համայնքների խոշորացման հետքերով. Դիլիջանին միանալուց դեռ օգուտ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. մայիսի 17-ին Դիլիջան համայնքի խոշորացման նպատակով տեղական հանրաքվեներ կայացան Դիլիջան քաղաքում եւ հարակից 6 գյուղերում՝ Հաղարծնում, Թեղուտում, Գոշում, Հովքում, Խաչարձանում եւ Աղավնավանքում: Հանրաքվեից առաջ պետական պաշտոնյաների կողմից բազմաթիվ գեղեցիկ խոստումներ հնչեցին, որ խոշորացումից հետո Դիլիջանում եւ հարակից գյուղերում ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր են իրականացվելու:
Նախկինում ադրբեջանաբնակ, Հախկխլու, Վուրղուն կոչված, այժմ հայեցի Հովք անունը կրող գյուղում բնակվում են Ադրբեջանի՝ նախկինում հայաշատ 10 վայրերից հարկադիր վերաբնակվածները: 2014թ. մարտի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներով գյուղապետ ընտրված, ՀՅԴ անդամ Գրիգոր Գեւորգյանը ծագումով Դաշտային Ղարաբաղի Շամխորի շրջանի Բարուն գյուղից է:

Դիլիջանի եւ հարակից 6 գյուղերի միավորումից հետո նրա պաշտոնը կոչվում է Դիլիջան համայնքի Հովք գյուղի ներկայացուցիչ: Նա այդ պաշտոնը ստանձնել է այս տարվա ապրիլի 1-ին, սակայն դեռ իր հասանելիք ամսական 150 հազար դրամ աշխատավարձը չի ստացել: Տեղական հանրաքվեի ժամանակ Հովքի 440 բնակիչների մեծ մասը, ի տարբերություն Հաղարծնի եւ Թեղուտի բնակիչների, կողմ է քվեարկել Դիլիջան համայնքի մաս կազմելուն: Սակայն անցած մեկ տարում Հովքի բազմաթիվ խնդիրներից ոչ մեկը չի լուծվել: Հովքը միջպետական ճանապարհին միացնող մոտ 4 կմ ճանապարհը խիստ անբարեկարգ է: Գրիգոր Գեւորգյանն ասաց, որ անցած տարի ինքը կազմակերպել է այդ ճանապարհի խճապատում, սակայն այժմ էլ դրա կարիքը խիստ զգացվում է: Հովքը գազաֆիկացվել է, սակայն գյուղի բնակիչներից ոչ մեկը չի օգտվում բնական գազից, գյուղացիները գազատարից իրենց առանձնատներ խողովակագիծ անցկացնելու համար փող չունեն: Գազի խողովակի յուրաքանչյուրի մետրի հաշվով նրանք պետք է վճարեն գրեթե 4 հազար դրամ:

Իսկ ահա Գոշի համար ամենացավոտ հարցերից մեկը հողի սողանքն է: Գ. Գեւորգյանը հայտնեց, որ գյուղում սողանքից տուժած 60 հատ տուն կա, որոնք ունեն վթարայնության 4-րդ աստիճան: Վթարային որոշ տներ այնտեղ բնակվողների համար վտանգավոր են, քանզի կարող են փլուզվել: Գրիգոր Գեւորգյանը հույս ունի, որ Դիլիջան համայնքին մաս կազմելով՝ Հովք գյուղի աղբահանության, գիշերային լուսավորության, 17 կմ հեռավորության վրա գտնվող Դիլիջան քաղաքի հետ տրանսպորտային կապի ապահովման խնդիրները կլուծվեն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս