Ինչով են հայտնի հեռացված դատավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի մարտի 23-ից դադարեցվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի եւ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ: Իսկ ինչով են հայտնի դատավոր Լեւոն Ավետիսյանը եւ Վլադիմիր Գրիգորյանը:

2015 թվականին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները հայտարարել էին, որ «2014 թ. ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում դատավոր Լեւոն Ավետիսյանը ոչ միայն ուղղորդել է վկաներին եւ դատախազին, այլեւ իրեն թույլ է տվել անձնական վիրավորանք հասցնել դատավարությանը ներկա գտնված ազատամարտիկներից մեկին՝ հայտարարելով, թե նա «պախկվում է կնգա փեշերի տակ»: Ասել է, թե նա իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է ոչ բարեխիղճ վարքով հանդես գալ:

Իսկ ինչ վերաբերում է թոշակի գնացած մեկ այլ դատավոր Վլադիմիր Գրիգորյանին, ապա նա էլ հայտնի դարձավ իր որդու անվան շուրջ աղմկալի դեպքով: 2014 թվականին մի աղջիկ դիմել էր իրավապահներին եւ հայտնել, որ դատավորի որդին բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Այդ հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ եւ ուղարկվել դատարան, սակայն ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ոչ թե դատավորի որդին, այլ երիտասարդ աղջիկը` սուտ մատնություն կատարելու համար:

Մինչ այդ նկատենք, որ սա Վլադիմիր Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի անվան շուրջ միակ աղմկահարույց պատմությունը չէր: 2013թ. օգոստոսի 11-ին «Իմպերիա» ռեստորանային համալիրում վիճաբանություն եւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, իսկ ավելի ուշ հնչել էին կրակոցներ: Ու ռեստորանի սեփականատերը նույն Արման Գրիգորյանն է:

Ք.Մանուկյան




Լրահոս