ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտեն պահանջում է ազատ արձակել ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին: «Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը դրսեւորել անհրաժեշտ քաղաքական կամք եւ վճռականություն` Արմեն Չախալյանի դեմ հարուցված շինծու գործը կարճելու, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախքում Սահակաշվիլու-Մերաբիշվիլու ոստիկանական ռեժիմի մնացուկները վերացնելու ուղղությամբ»,-ասված է կոմիտեի տարածած հայտարարությունում։
ԸՆԴԴԵՄ ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒՆ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հաշվի առնելով Սիրիայում հայ ազգաբնակչության եւ Սիրիայի ամբողջ բնակչության ճակատագրի համար ամերիկահայերի անհանգստությունը, ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին կոչ է արել դեմ հանդես գալ Սիրիային հարվածելու թույլտվությանը:
ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
«Միասնական մաքսային միությունը կխեղդի ՀՀ-ում քաղաքացիական ակտիվությունը»,-կարծում է ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: «Հայաստանում առկա դրա բոլոր կառույցները կհասցվեն այն մակարդակի, որում դրանք այսօր գտնվում են Ռուսաստանում»,-հայտարարել է Շահնազարյանը: Ըստ նրա` Հայաստանի մուտքը Միասնական մաքսային միություն ինքնին հակասահմանադրական է, քանի որ ՀՀ Սահմանադրությունն ինքնիշխանության որեւէ զիջում չի ենթադրում:
ՄԻ ՕԵԿ ԽՈՍԵՑ ԻՐ ՀԵՐԹԻՆ
ՕԵԿ քաղխորհուրդը կարծում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերն արտահայտում են ՀՀ շահերը, համահունչ են երկրի ազգային անվտանգության հռչակված գերակայություններին: Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդն ընդգծում է, որ Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ ՀՀ համագործակցության խորացման գործընթացին:
ԲԱՏԿԱՅԻՑ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԲՀԿ առաջնորդ, «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պարգեւատրել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով՝ «Բելառուսի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ քաղաքական կապերի զարգացման գործում մեծ անձնական ներդրում ունենալու համար»:
ՆՈՐ ՄԱՔՍԱՏՈՒՆ
Սյունիքի մարզի Շաքի գյուղի տարածքում նոր մաքսատուն կկառուցվի: ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ` համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող 7,1 հա եւ համայնքի սեփականությունը հանդիսացող 0,56 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա շահ: Շաքի գյուղը գտնվում է Սիսիան քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Այն նաեւ հայտնի է Շաքիի ջրվեժով: