ՀԱՎԵՐԺ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

21-րդ դարում աշխարհը սրընթաց զարգացում է ապրում, եւ յուրաքանչյուր բնագավառում կիրառվում են նորագույն ու առավել արդյունավետ տեխնոլոգիաներ, սակայն Երեւանի քաղաքապետարանը շարունակում է աշխատել անցած դարի կեսերի այնպիսի մեթոդներով, որոնք շատ երկրներում արդեն մոռացված են: Այն դեպքում, երբ բոլոր նորմալ երկրներում ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են ընդամենը մի քանի օրվա ընթացքում, Երեւանում որեւէ պողոտա կոսմետիկ վերանորոգելու համար անհրաժեշտ է լինում առնվազն մեկ կամ մեկուկես ամիս, ինչը պարզապես ամոթալի է 21-րդ դարում:
Չնայած տարաբնույթ քննադատություններին, հուշումներին, որ Երեւանի փողոցները պետք է ասֆալտապատել, գծանշումներ իրականացնել եւ ընդհանրապես վերանորոգման աշխատանքներ կատարել բացառապես գիշերային ժամերին, որպեսզի երթեւեկությունը չխոչընդոտվի, այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետարանը, ի հեճուկս բոլոր քննադատների, համառորեն շարունակում է ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել բացառապես կեսօրին՝ աշխատանքային «պիկ» ժամերին, երբ յուրաքանչյուր երեւանցի շտապում է վայրկյան առաջ հասնել աշխատանքի: Արդյունքում` ողջ քաղաքով մեկ գոյանում են անտանելի խցանումներ, որոնք հաճախ անգամ ժամեր են տեւում: Օրինակ՝ Երեւանի Իսակովի պողոտան մեկ ամսից ավելի է՝ տխուր վիճակում է: Երեւանի քաղաքապետարանը որոշ ժամանակ առաջ հատուկ սարքավորումների միջոցով հեռացրեց ասֆալտի շերտը, որպեսզի նոր ասֆալտ փռի, բայց հեռացված շերտի վրա մեքենաները շարունակեցին երթեւեկել մեկ ամսից ավելի, եւ միայն վերջին 2-3 օրերին քաղաքապետարանը հասկացավ, որ պետք է վերջապես ասֆալտապատման աշխատանքներ իրականացնի: Եվ արդյունքում` արդեն երկու օր է՝ Իսակովի պողոտան պարզապես անանցանելի է: Չկան երթեւեկության կանոնները պաշտպանելու եւ նախազգուշացման նշաններ, չկան նախապես արվող հայտարարություններ, որպեսզի քաղաքացիներն իմանան, որ այդ մասով երթեւեկելը գրեթե անհնար է, եւ կարողանան շրջանցել փողոցը:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր ստացավ նաեւ Կոմիտասի բնակիչներից, որոնք փաստեցին, որ այնտեղ նույնպես անմխիթար վիճակ է: Ասֆալտի շերտի վերացումից հետո այնտեղ եւս սկսվել է ցերեկային ժամերին ասֆալտապատման աշխատանքների իրականացումը՝ անհանգստություն պատճառելով բնակիչներին:
Հետաքրքիր է, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բացի Երեւանի Կենտրոն եւ Ավան վարչական շրջաններ տանող ավտոճանապարհից, որեւէ այլ հատվածով չի՞ երթեւեկում, որպեսզի տեսնի եւ զգա՝ ինչպիսի քաոսային վիճակ է տիրում, եւ ունկնդրի քաղաքային իշխանությունների հասցեին հնչող վարորդների բնորոշումները: Ի վերջո, ե՞րբ պիտի քաղաքային իշխանությունը հասկանա, որ պարտավոր է հարգել նախեւառաջ քաղաքացիների շահերը, ե՞րբ պետք է քաղաքապետը գիտակցի, որ ինքն այդ նույն քաղաքացիների կողմից ընտրված պաշտոնյա է, որի առաջնային պարտականությունն այդ քաղաքացիների շահերին ծառայելն է:

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս