ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ՏՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի եզդիներն իրենց տները վաճառում են այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Պատճառները բազմաթիվ են: ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ եզդիներն արտագաղթում են, քանի որ այստեղ՝ Հայաստանում, նրանք այլեւս չեն կարողանում ընտանիք պահել:
Եզդիների արտագաղթելու պատճառներից մեկն էլ անասնակերի ու ամառային արոտավայրերի վարձերի թանկացումն է, ինչի արդյունքում եզդիները չեն կարողանում եկամուտ ստանալ: 46-ամյա Մրազը մեկ ամիս է, ինչ վաճառքի է հանել իր հայրական տունը: Այն վաճառելուց հետո հստակ գիտի, թե որ երկիր է մեկնելու: Մրազն ապրում է ծնողների, կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ: «Ա՛յ քուր ջան, չենք կարողանում ապրել: Խոտի մի տուկն արժե 2000 դրամ, դե պատկերացրե՛ք՝ ես ինչքան փող պետք է հավաքեմ, որ կարողանամ ձմեռվա համար խոտ գնել: Եթե վաճառվեց տունը, ապա կմեկնեմ Գերմանիա կամ Ֆրանսիա, այնտեղ բարեկամներ ունեմ, շատ գոհ են ու մտքներին էլ չկա, որ հետ գան»,-նկատեց Մրազը:
Իսկ ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի կարծիքով՝ պատճառը ոչ միայն անասնակերի թանկացումն ու ամառային արոտավայրերի վարձերն են, այլեւ  աշխատատեղերի բացակայությունը, սոցիալական ծանր պայմաններն ու գնաճը. «Եթե չեմ սխալվում, մեկ հեկտարի դիմաց անասնապահը վճարում է մոտ 4300 դրամ: Ե՛վ արոտավայրերի համար է վճարում, ե՛ւ անասնակերի, ու եկամուտ չի ստանում: Իսկ խորհրդային տարիներին նման բան չկար, եւ մարդիկ կարողանում էին ազատ իրենց անասուններին արածեցնել: Հիմնականում, ինչպես գիտեք, եզդիներն են բարձրանում սարեր: Շատ են դժգոհում եզդի անասնապահները, ասում են, թե երեք տեղի համար վճարում են կատարում՝ ղռերի, սարի լանջերի եւ վերին սարատեղերի»:
Խնդրի առնչությամբ Թամոյանը նամակով դիմել է ՀՀ կառավարություն՝ պահանջելով վարձավճարների մեջ փոփոխություններ իրականացնել, սակայն մինչեւ հիմա արձագանք չկա:
Նրա խոսքով՝ եզդիները հանրապետության բոլոր մարզերից էլ հավասար հեռանում են. «Ես եղել եմ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի եզդիաբնակ գյուղերում ու կարող եմ հաստատել, որ հավասարապես գնում են: Դե պատկերացրե՛ք, դպրոցները փակվում են, աշխատատեղ չկա, մանկապարտեզներ չկան: Բա մնան, ի՞նչ անեն, ինչո՞վ ապրեն: Եվ այս ամենը պատճառ է դառնում արտագաղթի: Սոսկալի վիճակում են գտնվում Արագածոտնի մարզի գյուղերը: Անասնապահությունը չի արդարացնում, իսկ մարդիկ էլ չեն կարողանում եկամուտ ստանալ, ստիպված հեռանում են»:
Այնուամենայնիվ, Զովունիում ոչ բոլորն են մտածում արտագաղթելու մասին: Օրինակ՝ 56-ամյա Դուխիկ Առաքելյանը, որը 20 տարի է՝ ապրում է Զովունիում, չի պատրաստվում հեռանալ երկրից, թեեւ, ինչպես մյուսները, այնպես էլ ինքը, մի կերպ է կարողանում ապրել: Նրա եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է: 56-ամյա կարմրաթուշ տիկինը զարմացած է, թե ինչու են մարդիկ հեռանում իրենց երկրից. «Ամեն հայ իր հողին, ջրին, քարին պետք է ափսոսա, ուր էլ որ էրթա, պտի վերադառնա իր հայրենիք: Հայրենիքը, աղջի՛կ ջան, ինձանից լավ գիտես, միշտ էլ ձգող ուժ ունի: Որտեղ էլ պտտվես, այն քո առաջին օթեւանն է լինելու»:
Ըստ ԱՎԾ տվյալների՝  2012թ. Հայաստանից հեռացած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը տարեվերջին կազմել է -42 հազար 764 մարդ: 2011թ. ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է
-43.8 հազար մարդ, 2010-ին՝ -46.7 հազար մարդ, 2009-ին՝ -25 հազար, իսկ 2008-ին՝
-23.1 հազար մարդ: Այսինքն՝ վերջին հինգ տարիներին ՀՀ-ից արտագաղթել է ավելի քան 181 հազար մարդ: Իսկ եթե սրան գումարենք այս տարվա առաջին կիսամյակի տվյալները՝ 123 հազար, ապա պատկերն էլ ավելի մտահոգիչ է դառնում: Իհարկե, տարեվերջին, հնարավոր է, այս 123 հազար քաղաքացիների մի մասը վերադառնա, բայց ոչ բոլորը՝ դատելով նախորդ տարիների միտումներից:
Իսկ ինչ վերաբերվում է ազգությամբ եզդի մեր հայրենակիցներին, ապա նրանց մեծ մասը դժվար թե երբեւէ հետ վերադառնա, քանի որ եզդիների զբաղմունքն անասնապահությունն է եւ նրանք արդեն իսկ արտագաղթում են այնպիսի երկրներ, որտեղ անասնապահության համար բարենպաստ պայմաններ կան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս